Իրանի գազը, գազի եվրոպական դեֆիցիտը եվ ռուսական գործոնը
Այլընտրանքային գազի փնտրտուքը կարող է Եվրոպային դրդել Հայաստանով գազ տանել Իրանից։ Այս մասին սկսել են լուրեր շրջանառվել։ Նույնիսկ խոսակցություն կա, որ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ նրա հետ քննարկել են այլընտրանքային գազի ճանապարհը։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն այդ խոսակցություններին չի հավատում։ «Ես չեմ կարծում, որ վարչապետը գնացել է Եվրոպա՝ նման բան բանակցելու։
Եթե խոսքը դիվանագիտական բանակցությունների մասին է, ապա առնվազն դա պետք է պաշտոնապես հայտարարվեր։ Քանի որ չկա նման հայտարարություն, մեզ մնում է ընդամենը կռահել, թե ինչ կարող է տեղի ունենալ»։
- Ի՞նչ նկատի ունեք, ըստ Ձեզ, ի՞նչ ծրագրեր ունի Եվրոպան՝ այսօրվա լարված «գազային» դեֆիցիտից բխող։
- Հայաստանի տարածքով բնական գազը դեպի Եվրոպա արտահանելու վերաբերյալ հարցն օրակարգում է եղել 90-ականների վերջից սկսած։ Հիշեցնեմ, որ այն հատկապես ակտիվացել է 2000-ականների սկզբին, երբ դեռեւս Իրան-Հայաստան գազամուղի կառուցման աշխատանքին «Գազպրոմ» ընկերությունն ուղիղ մասնակցություն չէր ունենում։ 2004 թվականին, երբ «Գազպրոմի» ղեկավարությունը եկավ Հայաստան, այդ ընկերության նախագահը հայտարարեց, որ եթե մենք հիմա չմասնակցենք այս նախագծին, ապա պարզ չէ, թե վաղը որտեղ կհայտնվի այդ գազը։ Ուստի քաղաքական որոշում կայացվեց, որ ռուսական կողմը կմասնակցի, դրանով սահմանափակելով գազամուղի թողունակությունը։ Ըստ էության, այն չդարձավ տարանցիկ, այդ թվում՝ նաեւ իր լոգիստիկ աշխարհագրությամբ, որովհետեւ դրա աշխարհագրությունն ավարտվում է Արարատի մարզում։ Երկրորդ անգամ այդ խոսակցություններն ակտիվացան 2015 թվականին, երբ մեղմացվեցին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Բայց դա երկար չտեւեց, քանի որ 2016-ից ԱՄՆ-ում սկսվել էր նախընտրական արշավը, 17-ին Թրամփը դարձավ նախագահ, խստացրեց պատժամիջոցներն Իրանի հանդեպ։ Այսօրվա դրությամբ Իրանն աշխարհի եռյակի մեջ է մտնում՝ բնական գազի պաշարներով, եւ Եվրոպան, որը կախված է ՌԴ-ից մատակարարվող բնական գազից, այսօր օբյեկտիվորեն կարող է տեսանելի ապագայում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, բայց ոչ ամբողջությամբ, այլ մինչեւ 50 մլրդ խմ գազի չափով։ Իսկ ամբողջությամբ նրանք նախատեսում են հրաժարվել ռուսական գազից մինչեւ 2030 թվականը, ըստ օրերս ընդունված REPower ծրագրի։ Իսկ դրա համար պետք է նախ դիվերսիֆիկացնել ուղիները։
- Իրանից Եվրոպան գազ կներկրի՞, թե՞ ոչ եւ ի՞նչ ուղիներ կդիտարկի։
- Իրանից հնարավորություն կա ներկրելու, բայց կարծում եմ, այս փուլում խոսքն առավելապես գնում է հեղուկացված գազի ներկրման մասին, որի համար ցամաքային լոգիստիկա չի պահանջվում։ Կտանեն Պարսից ծոցով։ Ի դեպ, եթե ուշադիր հետեւեք, Իրանը վերջին երկու տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է գազի վերամշակման գործարանները՝ հեղուկացված LNG (liquefied natural gas) գազ արտադրելու համար՝ հասկանալով, որ սա է միտումն ամբողջ աշխարհում։ Տարեկան 3,5 տոկոսով աճում է սպառումը LNG-ի ասիական շուկայում, որտեղ հիմնականում Իրանն է արտահանում իրականացնում։ Սա՝ մեկ, երկրորդն էլ․ Եվրոպան պետք է ներքին արդյունահանումն ավելացնի, որպեսզի կարողանա այդ 50 մլրդ խմ-ով նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։ Նախորդ տարի 155 մլրդ է ՌԴ-ն արտահանել դեպի Եվրոպա։ Հիմա 50 մլրդ-ով ուզում են իջեցնել։ Պետք է ներքին արդյունահանումը զարգացնի, իսկ դրա համար պետք է հրաժարվի էկոլոգիական ռազմավարությունից, սրան գումարած՝ Հոլանդիայում առկա են սեյսմիկ վտանգներ, դամբաների փլման եւ այլն։
- Ինչը Եվրոպան չի անի։
- Չի անի, Հոլանդիան էլ վերջերս հայտարարեց, որ պատրաստ չէ դրան ու ավելի լավ է Ռուսաստանից շարունակի ներկրել, քան սեյսմիկ ռիսկեր ստեղծի։
- Հիմա Իրանից դեպի Եվրոպա հեղուկ գազը ո՞նց է գնալու, ո՞ր երկրներով է անցնելու։
- Հեղուկ գազն Իրանից դուրս կգա Պարսից ծոց, այնուհետեւ Կարմիր ծովով՝ Սուեզյան ջրանցք, այնտեղից՝ Միջերկրական ծով ու այնտեղից բաշխվում է եվրոպական շուկայով։
- Իսկ խողովակաշարով տեղափոխումը կարո՞ղ է դիտարկվել եւ կարո՞ղ է այս դեպքում անցնել Հայաստանով։
- Եթե խոսում ենք կոնվենցիոնալ, այսինքն՝ ավանդական խողովակաշարային գազի մասին, ապա այստեղ թուրքական գործոնը կարող է նշանակություն ունենալ, ոչ Հայաստանը։ Ինչո՞ւ ոչ Հայաստանը։ Որովհետեւ Եվրոպային պետք են արագ լուծումներ։ Նախ, կարճ է Թուրքիայով գազ բերելը, երկրորդն էլ՝ մեր գազատարը փոքր է, տարանցիկային չէ, ավարտվում է Արարատի մարզում, իսկ նոր գազատարի կառուցման համար առնվազն մի քանի տարի պետք է։ Այդ փոքր դիամետրով Իրան-Հայաստան գազամուղը կառուցվում էր 7-8 տարի, այն դեպքում, երբ որեւէ խոչընդոտ չկար, կար տարածաշրջանային կոնսենսուս, որ այն պետք է կառուցվի։ Իսկ Եվրոպային արագ լուծումներ են պետք։
- Այսինքն՝ հայկական սցենարը չի դիտարկվի։
- Եթե անգամ դիտարկվի, ապա շատ հեռանկարային թվաբանության ներքո։ Կարեւոր պահ կա նաեւ, որը միշտ մոռանում են՝ որպեսզի իրանական գազը Հայաստանի տարածքով դուրս գա դեպի Վրաստան, ապա Սեւ ծովի հատակով՝ Եվրոպա, պետք է հաշվի առնել նաեւ ռուսական գործոնը, որովհետեւ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային հատվածը տնօրինվում է ռուսական ընկերության կողմից։ Այլ գազատրանսպորտային օպերատոր մենք չունենք։ Այս փոխանցումն իրականացնելու համար պետք է օգտագործվեն առկա ենթակառույցները։ Հետեւապես, ամբողջությամբ մի կողմ դնել ռուսական գործոնն ու ասել, որ Հայաստանի տարածքով կարող է այլընտրանքային գազատրանսպորտային համակարգ ձեւավորվել, չի կարելի։ Ես դրա հեռանկարը չեմ տեսնում, առավել եւս հաշվի առնելով 2013 թվականից ուժի մեջ գտնվող պայմանագրերը, համաձայն որոնց՝ այս կառավարման համակարգը մինչեւ 2043 թվական, եթե չեմ սխալվում, գործելու է, եւ հայկական կողմը որեւէ առարկություն դրա դեմ չունի։
- Նաեւ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ռիսկ կա, մերոնք կգնա՞ն այդ ռիսկին։
- Չեն գնա՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ռուսական ազդեցությունն այստեղ ակնհայտ աճ է ունեցել։ Մյուս կողմից՝ ռուս-իրանական հարաբերությունները պետք է դիտարկել։ Իրանի համար այսօր առաջնահերթ շուկան Ասիան է՝ Չինաստանն ու Հնդկաստանը, եւ հիմնական բազմամիլիոնանոց պայմանագրերն ասիական այս երկու պետությունների հետ են կնքված։ Վերջերս էլ Իրանը Կասպից ծովի հատվածում նոր հանքավայր հայտնաբերեց՝ Չալուսը, որտեղ մոտ 3,5 տրիլիոն խմ գազի պաշար կա, որը ֆանտաստիկ մեծ ցուցանիշ է։ Հորատման երկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար նախեւառաջ հրավիրեցին ռուսական «Գազպրոմին» եւ չինական CNPC ընկերությանը։
- Այսինքն՝ Իրանն էլ կողմնորոշում ունի եւ չի գնա հարաբերությունների փչացման։
- Այո, ես այդպես եմ կարծում՝ հաշվի առնելով, որ նույն պատժամիջոցային ակումբի անդամներ են, միացյալ շահեր ունեն Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ նաեւ Սիրիայում։ Չինաստանի հետ Իրանը սինքրոն աշխատում է եռանկյունու ձեւաչափով՝ Իրան-Ռուսաստան-Չինաստան։ Գուցե մի փոքր դիվերսիֆիկացիա իրականացվի՝ ջրային կոմունիկացիաների ճանապարհով, գուցե՝ Թուրքիայով, բայց սա դուրս չի մղելու ռուսական գազը եվրոպական շուկայից։ Իրանն իրեն չի հակադրելու ռուսական էներգետիկ շահին։ Սա իմ համոզմունքն է։
Hraparak.am