Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու այն համայնքների ճակատագիրը, որտեղ ընտրություններից հետո իշխանություն չձեւավորվեց, քանի որ քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի։ «Վարդենիսում ունենք նման խնդիր, Վանաձորում եւ Թալինում։

Վանաձորում դատական պրոցես է, դրա համար է էդպես մնում, բայց աշխատակազմը կառավարում է, Վարդենիսում դատական պրոցես էր, որն ավարտվեց կամ մոտ օրերս, կա՛մ արդեն մտել է, կա՛մ նոր պետք է մտնի ուժի մեջ դատարանի որոշումը, որը ենթադրում է արդեն դրանից հետո իրավական մյուս պրոցեսները։ Թալինում որոշակի կազուսային իրավիճակ է առաջացել, համայնքի ղեկավար ընտրվել է ավագանու նիստով, օրենքն ասում է, որ նաեւ ավագանու հաջորդ նիստով պետք է համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը լինի, այդ նիստը չի գումարվել»,- ասաց Սանոսյանը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում դրա լուծումը։

- Կա՛մ պետք է Թալինում ավագանիներն իրար հետ նստեն աշխատեն, հասկանան, որ էս գործելակերպով վնասում են համայնքի շահերին, եւ գնան նիստի, որովհետեւ փաստացի ընտրվել է ղեկավար, ընդամենը օրենքի կարգավորման եւ երդման արարողության մասին է խոսքը, կա՛մ եթե էսպես շարունակվի, օրենքում դրույթ կա, որ երեք ամիս հետո նոր ընտրություն պետք է լինի։ 

- Այդ ընտրված ղեկավար ասելով՝ նկատի ունեք իշխանակա՞ն թեկնածուին։

- Իշխանական թեկնածուն ավագանու նիստի արդյունքում ընտրվել է համայնքի ղեկավար։

- Բայց այդ ընտրության հարցում էլ խախտումներ կային, մեծ աղմուկ բարձրացավ, տպավորություն է, որ իշխանություններն ամբիցիա են ցուցաբերում, ուզում են անպայման պահել իշխանությունն այդ համայնքներում։ 

- Ավագանու նորմալ իրավազոր նիստ է եղել, մեծամասնությունը քվեարկել է, ոչ մի խախտում չի եղել։ Խնդիրը՝ հաջորդ ավագանու նիստը չեն կարողանում գումարել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն