Ինչո՞ւ չեն վերականգնում Երևան-Սևան մայրուղու կոտրված արգելապատնեշները (տեսանյութ)
Դեռևս 2020 թվականի աշնանը, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր գտնվում, Հայաստանի իշխանությունները ասֆալտապատեցին Երևան-Սևան մայրուղու մի փոքր՝ Չայնիի ոլորանների հատվածը, թարմացրին գծանշումները, նաև կողային արգելապատնեշներ տեղադրեցին։ Բայց արգելապատնեշների տեղադրումը կիսատ թողեցին, քանզի մի հատվածում դրանք կան, մյուս հատվածում չկան։ Դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք այն ժամանակվա տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը որոշել էր Երևան-Սևան մայրուղու ամբողջ երկայնքով կողային արգելապատնեշներ տեղադրել, որպեսզի մեքենաները ճանապարհից դուրս չթռչեն՝ անցնելով հանդիպակաց գոտի կամ գլորվելով ձորը։ Այդ ծրագիրը կիսատ մնաց, քանի որ իշխանություն փոխվեց։ Նոր կառավարությունն էլ որոշեց մասնակի իրականացնել՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ աշխատանքներ տանելով այդ ճանապարհին ու դարձյալ կիսատ թողնելով։ Այս ընթացքում մի քանի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու տարբեր հատվածներում, ինչի հետևանքով կոտրվել կամ լրջորեն վնասվել են կողային արգելապատնեշները։ Ու մինչ օրս դրանք այդպես մնացել են՝ համապատասխան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում դրանք նորոգելու, կարգի բերելու ուղղությամբ։
Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ կառավարությունը որոշել է Հայաստանի ճանապարհները ամբողջովին կահավորել նոր ճանապարհային նշաններով, արդեն Դիլիջանի ոլորաններին տեղադրվել են այդպիսի նշանններ, որպեսզի ապահովեն երթևեկության անվտանգությունը։ Երևան-Սևան մայրուղու մասով, սակայն, դեռևս այսպիսի աշխատանքներ չենք տեսնում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վերը թվարկված խնդիրների վերաբերյալ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիների շինարարական աշխատանքների մեջ բավականին ակտիվ կերպով ճանապարհի այդ կողային արգելապատնեշներն ընդգրկված են եղել, և հիմնանորոգված բոլոր ճանապարհներին, որտեղ անհրաժեշտությունը եղել է, այդ արգելապատնեշները կան։
«Նույնն էլ Դիլիջանի ոլորաններին է վերաբերում՝ անցած տարի ոլորանների կեսը ասֆալտապատվել է, այս տարի մյուս կեսն է նախատեսված, և դրան զուգահեռ՝ ճանապարհի կողքի բոլոր արգելապատնեշները փոխվում, թարմացվում են։ Նույնն էլ Երևան-Սևան հատվածում այս տարի նույնպես որոշակի ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված, որին զուգահեռ այդ հատվածներում աշխատանքներ կարվեն։ Մնացած հատվածներում սպասարկող ընկերությունները պարտավոր են են վերականգնել»,-ասաց Սանոսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ չեն վերականգնում, երբ տեսնում ենք՝ ամիսներով վթարի հետևանքով կոտրված արգելապատնեշներն այդպեսս մնացել են, Սանոսյանն ասաց, որ դրանք հիմնականում քննչական մարմինները գործի քննության ըթնացքում առաջարկում են ձեռք չտալ՝ որպես «իրեղեն ապացույց»։ Հենց թույլ են տալիս, սպասարկող ընկերությունները վերականգնում են։
Hraparak.am