Գնել Սանոսյան, ամոթ է՝ քարտեզն ուսումնասիրիր, նոր հարցազրույցներ տուր
Շաբաթ օրը մենք լուր էինք գրել, որ Սյունիքի այլընտրանքային ճանապարհն է փակվել՝ փլուզման հետեւանքով։ Լուրը հաստատել էր նաեւ Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։ Սակայն, չգիտես ինչու, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը որոշեց փրփրաբերան հերքել մեր տեղեկությունը, թե այլընտրանքային ճանապարհ չի փակվել, ավելին, էժանագին մանիպուլյացիա անելով՝ պիտակավորեց մեր լրատվամիջոցը, մեզ, լրագրողների հետ զրույցում ասելով․
«Ուզում եմ հասկանալ՝ սա ինչ լրատվություն է, ուզում եմ սրիկայության մակարդակը հասկանամ՝ նման լուրեր տարածողների, որովհետեւ բոլորը գիտեն, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհ ասելով՝ նկատի ունենք Տաթեւ-Աղվանի։ Եվ երբ մենք բռնում-հրապարակում ենք, որ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլվել ա, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի կեսը մնացել ա առանց ճանապարհ, վերջում էլ պարզվում ա, որ դաշտում գործ են անում, դրա համար էլ ճանապարհը փլվել ա»։ Այս վայ-նախարարը, ի դեպ, ո՛չ քարտեզ գիտի, ո՛չ էլ բարոյական պատասխանատվություն է կրում Սյունիքում ապրող մարդկանց համար։
Նշենք, որ խոսքը Խոտ-Որոտան ճանապարհի մասին է, որտեղ ներկայում հողային աշխատանքներ են կատարվում, եւ պարբերաբար նման դեպքեր են լինում, քանի որ տեղանքը սողանքային է։ Այս ճանապարհը եւս այլընտրանքային է, քանի որ սկսել է գործել այն բանից հետո, երբ Գնել Սանոսյանն ու իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմից ամիսներ անց, առանց պատերազմի, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրը նվիրեցին իրենց «բարեկամ» ադրբեջանցիներին, եւ արդյունքում Սյունիքի մի քանի գյուղ հայտնվեցին անկլավային վիճակում ու գրունտային այս նոր՝ այլընտրանքային ճանապարհների հույսին։
Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմը մաքսակետեր տեղադրեց նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղերի երթեւեկը սկսեցին իրականացնել անտառային ճանապարհներով։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհը թերեւս ամենակարճն է, որով արդեն ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ այլ պարենային մթերքներ են հասցնում այդ գյուղերին։ Մյուս այլընտրանքային ճանապարհն էլ Տաթեւ-Կապան ճանապարհի Աղվանի հատվածից Բարձրավան տանող ճանապարհն է։
Պատահական չէ, որ մեր զրույցում Որոտանի համայնքապետը հաստատել էր փլուզման եւ ճանապարհը փակվելու տեղեկությունը։ Արժե, որ հասարակությունը պարզի այն նախարարների սրիկայության կամ անգրագիտության մակարդակը, որոնց համար 9 գյուղերի կենսապահովման միակ ճանապարհն այլընտրանքային ճանապարհ չէ, այլ շարքային մի ճանապարհ, որը փակ կլինի, թե բաց՝ սանոսյանների պետքը չէ։ Արդյոք նախարարը տեղյակ չէ՞, որ Խոտ-Որոտանը միակ ուղին է 9 գյուղի բնակչության համար։ Թե՞ ստի ու մանիպուլյացիաների զենքն անվրեպ գործում է եւ այս իշխանությունների միակ գործիքն է դարձել։
Այն, որ Խոտ-Որոտանն այլընտրանքային ճանապարհ է, մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Սյունիքի մարզպետի պաշտոնից օրերս ազատված Մելիքսեթ Պողոսյանը՝ ասելով, որ այդ ճանապարհը կառուցում են Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո․ «Հա, դա այլընտրանքային ա, սկզբում էն երկուսով էին գնում, բայց հետո, երբ իրանք էդտեղ տամոժնի դրեցին, սկսեցին կառուցել Խոտ-Որոտանը, հիմա Գորիսից Խոտ-Շուռնուխ, Որոտան-Բարձրավան-Կապան՝ էս ճանապարհն է։ Բայց ասեմ, որ չի փակվում էդ ճանապարհը, էսօր շինարարական աշխատանք են անում՝ մի ժամով փակվում ա, բայց արագ բացում են»։
Hraparak.am