Ավելի քան 66 մլրդ դրամ՝ այս տարվա ընթացիկ ամսվա առաջին տասնօրյակի Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն է:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալով՝ նույն ժամանակահատվածում տպագրվել է մոտ 14 միլիոն 885 հազար ՀԴՄ կտրոն: Գումարի ծավալը 14.2 տոկոսով ավելի է 2021-ի և 21.8 տոկոսով՝ 2020-ի նույն ժամանակահատվածից: ՀԴՄ կտրոնների թիվը նախորդ երկու տարիների համեմատ նույնպես աճել է՝ 4.9 տոկոսով, 2020-ի համեմատ՝ 8.3 տոկոսով:

Հայաստանում վերջին շաբաթներին զբոսաշրջիկների մեծ հոսքը, նաև՝ քաղաքացիների ակտիվ գնումները նպաստել են առևտրի ծավալի ավելացմանը: Արդյունքում 10 օրվա կտրվածքով արձանագրվել է ավելի քան 8 մլրդ 266 մլն դրամի հավելյալ առևտուր:

Սամսոն Գրիգորյան (գործարար) - Մոտավոր 40 ինքնաթիռ օրը վայրէջք էր կատարում օդանավակայանում, էդ առումով հյուրանոցների շրջանառություն, խոշոր սուպերմարկետների շրջանառություն: Դրան գումարվեց նաև վերջին օրերի այս պանիկային իրավիճակը, երբ մարդիկ շաքարավազ, ալյուր և ձեթ էին մեծ քանակություններով գնում:

Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ զբոսաշրջությունն ու առևտուրն են ընթացիկ ամսում աճ ապահովելու, քանի որ տնտեսության մնացած ճյուղերում այս պահին զգալի ակտիվություն չկա:

Սամսոն Գրիգորյան - Ամեն դեպքում, եթե նույնիսկ բիզնեսի որոշ ոլորտներ հիմա անկում ունեն, չեն աշխատում, բայց ամեն դեպքում այդ աճը կանդրադառնա նաև ամբողջ երկրի տնտեսության վրա, առևտրաշրջանառության վրա չի կարող չանդրադառնալ:

Ակնկալվում է, որ առևտրաշրջանառության այս տեմպը կշարունակվի նաև առաջիկա շաբաթների ընթացքում, թե ի՛նչ ազդեցություն կթողնի տնտեսության վրա՝ գործարարները չեն շտապում գնահատական տալ:

Սամսոն Գրիգորյան - Քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվել,  կարծում եմ՝ մարդիկ դեռ կմնան Հայաստանում և, իհարկե, մնալով, ծախսեր են անելու, գնումներ են անելու, ծառայություններից են օգտվելու: Իսկ ինչ վերաբերում ա այս մի քանի օրվա առաջնային ապրանքների այս բումին, դա արդեն քիչ-քիչ մարում է:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալի՝ ընթացիկ ամսվա առաջին տասնօրյակում ամենաակտիվ գնումները եղել են մարտի 7-ին:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն