ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՐԿՎԵԼ Է ԱԶՈՎԻ ԾՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմը զրկել է Ուկրաինային դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից՝ հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Նշվում է, որ ռուսական ուժերը շարունակում են Չեռնիգով, Սումի, Խարկով քաղաքների շրջափակման փորձերը: Կիևից տեղեկացրել են՝ որոշ քաղաքների համար մարտեր են ընթանում:

Ռուսական կողմից էլ հայտնում են, որ Դաշնության զինված ուժերը մեկ օրում խոցել են 69 ուկրաինական ռազմական օբյեկտներ։ Ուկրաինայի վտանգավոր շրջաններից նախօրեին Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 14 հազար մարդ: Մարիուպոլից էլ մեկ օրում տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ: Նրանց թիվը հասել է մոտ 57 հազարի:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 3,2 մլն-ը։ Լեհաստան է տեղափոխվել մոտ 2 մլն ուկրաինացի, 185 հազար մարդ էլ տարհանվել է Ռուսաստան։ Նշվում է, որ Ուկրաինան լքածներից 162 հազարն օտարերկրացիներ են:

ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԵՎԵՆ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ

Եկել է Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպելու ժամանակը, անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բովանդակալից բանակցություններ անցկացնելը Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ մեղմելու սեփական սխալների հետևանքները։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են տևել ևս մի քանի շաբաթ՝ փոխբացառող իրավական խնդիրների պատճառով։ Նա հայտարարել է՝ ուկրաինական կողմի հիմնական պահանջներն են՝ հրադադարը, զորքերի դուրսբերումը և վիճելի տարածքների հարցի քաղաքական կարգավորումը։

Նախօրեին ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան և Կիևը հաստատեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համաձայնագիրը։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԶՐՈՒՑԵԼ Է ՄԻՇԵԼԻ ՀԵՏ

Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, քննարկել երկրում խաղաղ կարգավորման հեռանկարները։ Զելենսկին նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գործընթացին:

Կողմերը անդրադարձել են Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի ստեղծման հարցին:

«Հիմնադրամը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի ռազմական գործողությունների դադարեցումից հետո ազատ և ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

ՄԱԿՐՈՆ-ՊՈՒՏԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ուկրաինայում վերջին զարգացումները մնում են նաև Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշադրության կենտրոնում։ Երկու երկրի նախագահները Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր արդեն յոթերորդ անգամ են հեռախոսազրույց անցկացրել։

Վլադիմիր Պուտինը Մակրոնին ներկայացրել է Կիևի հետ հնարավոր համաձայնության հասնելու՝ ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները։ Նա նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերն անում են հնարավորը՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ այդ թվում նրանց տարհանման համար հումանիտար միջանցքներ կազմակերպելով։

Մակրոնն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը։

ԱՄՆ-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ

ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին և այդ երկրում ոչ թռիչքային գոտի չի սահմանի՝ կրկնել է ամերիկյան կողմը:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ոչ թռիչքային գոտի ստեղծելը կնշանակի առճակատում Ռուսաստանի հետ:

«Մենք փորձում ենք խուսափել դրանից։ Խոսքը երկու միջուկային տերությունների մասին է։ Ոչ ոք չի ցանկանում նման բանի ականատես դառնալ»,- նշել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը, այդուհանդերձ, զգուշացրել է՝ ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրների «ամեն մի թիզ հողը»։

Ամերիկյան կողմը հայտնում է նաև, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու դեպքում կչեղարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն