Արցախում ստեղծված իրավիճակը, որն առաջին հերթին բնութագրվում է որպես հումանիտար աղետ, աղետ է նաև անվտանգության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Արցախում Ադրբեջանի միջամտության արդյունքում գազամատակարարման դադարեցման իրավիճակը, ստեղծված հումանիտար ճգնաժամը աղետ է համարում է նաև անվտանգության տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում:
«Իրականության մեջ Արցախում ստեղծված իրավիճակը, որն առաջին հերթին բնութագրվում է որպես հումանիտար աղետ, աղետ է նաև անվտանգության տեսանկյունից: Եվ պետք է արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են բանակցությունները գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, ցավալիորեն նույնիսկ բանակցությունների այս փուլն էլ դեռևս ոչ մի երաշխիք չի տալիս, որ սրան հաջորդող ժամանակաշրջանում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ»,-ասաց Աբրահամյանը:
Ըստ նրա՝ գազի խողովակի պայթյունին, վթարին կարող են հաջորդել այլ ռիսկեր, սպառնալիքներ:
«Ցավալիորեն Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը: Եվ երկարաժամկետ կտրվածքով այս պահին որևէ լուծում դեռևս տեսանելի չէ»,-նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև այն հետևանքներին, որոնք նկատելի են Արցախում գազի մատակարարման բացակայության պայմաններում: Գազի բացակայության պայմաններում խնդիրներ կան նախակրթարաններում, հանրակրթական դպրոցներում, հիվանդանոցներում, տարբեր հիմնարկներում, նաև արտադրություններում: «Եվ հասկանալի է, որ դրանք ուղղակի և անուղղակի հետևանքով ինչ ծանր հետևանքների են հանգեցնում Արցախում ապրող մեր հայրենակիցների համար»,-ընդգծեց պատգամավորը:
Նա շեշտեց՝ գազով միայն ջեռուցման խնդիր չի լուծվում, արտադրությունների հարց կա, որը պետք է ապահովվի, տրանսպորտային միջոցների հարց կա, որոնք աշխատում են գազով: Ըստ Աբրահամյանի՝ Արցախում ստեղծված այս իրավիճակը խորացման, բարդացման միտումներ է դրսևորում:
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ՌԴ խաղաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
Tert.am