Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով անցել է հոգեբանական պատերազմի՝ փորձելով  հայաթափել Արցախը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նպատակն այս փուլում ոչ թե ռազմական գործողություններով Արցախը գրավելն է, այլ հայաթափելը։ Այստեղ, ըստ փորձագետի, անելիք ունի ռուսական կողմը, որի խաղաղապահ զորակազմը 2020-ի նոյեմբերի 9- հայտարարության համաձայն, տեղակայված է Արցախում։ Իսկ Արցախի հայաթափումը կհանգեցնի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը․ չկա խաղաղ բնակչություն, չկա խաղաղապահների անհրաժեշտություն։

Փորձագետի կարծիքով, հավանականությունը, որ Ադրբեջանը Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի, մեծ չէ։ Հայկական կողմն ու խաղաղապահ ուժերն ամեն ինչ անում են՝ ռազմական բախման չգնալու համար։ Փորձագետը չի բացառում, որ եթե բանակցային գործընթացն արդյունք չտա, ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինուժի նկատմամբ պատժիչ գործողություններ կատարեն, որպեսզի հակառակորդը գնա ելման դիրքեր։

Այս իրավիճակում, ըստ փորձագետի, Արցախի իշխանությունը պետք է դիմի ռուս խաղաղապահներին և Ռուսաստանի իշխանությանը՝ ադրբեջանական սադրանքի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։  «Չդիմելու դեպքում ռուսական կողմը կարող է ասել, որ հարցին տեղյակ չի եղել»,- «Ռադիոլուր»-ին ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցները ցույց են տալիս, որ ռուսական  կողմը կարևորում է Արցախը և արցախահայության բնակությունն այնտեղ։ 

Արցախահայությունը պետք է զգոն լինի և գիտակցի, որ այս փուլում տեղի է ունենում հոգեբանական պատերազմ՝ ասում է փորձագետը։ Նա կարծում է, որ Ռուսաստանը Արցախը չի թողի։ Եթե Ռուսաստանն Արցախը թողելու նպատակ ունենար, ապա նոյեմբերի 9–ին Ստեփանակերտի մատույցներում պատերազմը չէր դադարեցվի, և արդեն հայաթափված Արցախում լիարժեք վերահսկողություն կսահմաներ Բաքվի իշխանությունը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն