Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները պետք է գնահատել որպես իրանական դիվանագիտության նոր շրջադարձ
Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը
Երկար ժամանակ նշվում էր, որ Իրանը դեմ է Սյունիքով միջանցք բացելուն, որ դա իրենց համար կարմիր գիծ է, սակայն օրերս Ադրեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի շահագործմանը, ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Ղարաբաղյան 44 օրյա պատերազմից հետո և կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով, Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ պայմանների ֆոնին, Իրանի իշխանությունների որոշ շրջանակներում, թյուրիմացաբար առաջացել էր այն միտումը, որ ղարաբաղյան 2-րդ պատերազմում Հայաստանի պարտությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհամաձայնեցված 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի հաստատումով, վերջ կդրվի Ղարաբաղի հակամարտությանը, և հայտարարության մեջ նշված ճանապարհների ապաշրջափակման նախաձեռնությամբ նոր դուռ կբացվի Իրանի համար` ներգրավվել կովկասյան տարածաշրջանի երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ, Ռուսաստանի, Թուրքիայի և Թեհրանի կողմից առաջարկված 3+3 ձևաչափով առևտրային և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնման նախագծերում:
Սակայն հետագա զարգացումները և վերջերս ադրբեջանական ռազմական տեղաշարժերը Հայաստանի սահմաններում և Թուրքիա-Ադրբեջան ռազմական զորավարժությունների իրականացումը Նախիջևանի տարածքում, նաև Ռուսաստանի կանաչ լույսով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգությունները և դրան հաջորդող սահմանազատման և սահմանագծման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Իրանին ստիպեցին վերանայել իր նախկին մոտեցումները Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Ակնհայտ է, որ տարածաշրջանային նախագծերում Իրանին ներգրավելու ցանկությամբ Բաքվում Իրանի դեսպանը փորձում է Ադրբեջանի վստահությունը շահել: Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է իրանական ընկերություններին հրավիրել Ղարաբաղի գրաված տարածքների վերակառուցման նախագծերում մասնակցություն ունենալ, և հիմա Բաքվում Իրանի դեսպանը փորձում է ադրբեջանական կողմին վստահություն ներշնչել, որ պաշտոնական Թեհրանը ևս պատրաստ է ի շահ Ադրբեջանի քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածքներում ենթակառուցվածքների և շինարարական նախագծերում իրանական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար: Իհարկե սա արևելյան սեթևեթության հատուկ ոճ է, և կողմերից յուրաքանչյուրն ըստ իր խորքային նպատակների և ծրագրերի է աշխատում:
Թուրք-ադրբեջանական դաշինքի և ադրբեջանա-իսրայելական համագործակցության համատեքստում, այժմ Իրանը զգացել է, որ այլևս դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական, էներգետիկ ենթակառուցվածքների և տրանսպորտային երթուղու նախագծերից, և Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ չեն Իրանին մասնակից դարձնել Սյունիքի մարզով անցնող հավանական միջանցքի կառուցման և օգտագործման նախագծերին: Հետևաբար Ադրբեջանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները պետք է գնահատել իրանական դիվանագիտության նոր շրջադարձ կապված Սյունիքի մարզի սահմանային փոփոխությունների և Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացման հետ, ինչը լիովին բախվում է Իրանի շահերին, և ներկա պայմաններում Իրանը զգալիորեն մտահոգված է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով և Իրանին շրջանցելու և անտեսելու ռուս-թուրքական միտումներով:
Այդ միջանցքի առկայությունն արդյոք լրջորեն չի անհանգստացնում Իրանին:
Նախ նշեմ, որ հայ-իրանական հարաբերություններում ստեղծված լճացած և անշարժության մեջ զգալիորեն մեղավոր են ՀՀ իշխանությունները, և այժմ կաթվածահար վիճակում հայտնված ՀՀ ԱԳՆ անգործությունը ավելի է խորացրել այդ բացը: Մյուս կողմից, չպետք է զարմանալ, որ կովկասյան տարածաշրջանի երեք պետությունների հետ համագործակցության ուղիների զարգացմանը միտված հայտարարությունները հաճախ հնչում են հենց Բաքվում Իրանի դեսպանության կողմից, քանի որ վերջին տարիներին, հատկապես արցախյան պատերազմից առաջ, նույնքան պասիվություն և անգործություն է տիրել Իրանում Հայաստանի դեսպանության շրջանակում: Հայաստանը և Իրանում ՀՀ դեսպանությունը չեն կարողացել հարմարավետ պայմաններ ստեղծել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական միջանցքի մտադրությանը, ապա, այո, սկզբնական շրջանում դա մի փոքր անհանգստացրեց Իրանին և հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող միջադեպերը Իրանի ուշադրությունը սեւեռեցին այդ հարցի շուրջ: Սակայն Հայաստանի կողմից Իրանի շահերի անտեսումը Իրանին ստիպեց վերանայել իր նախկին դիրքորոշումը և ելնելով իր շահերից՝ պնդել այն հանգամանքի վրա, որ եթե տարածաշրջանային ուժերը փորձում են իրենց կամքը պարտադրել Հայաստանին, որին ըստ երևույթին իր չափազանց թույլ դիրքերից ելնելով ենթարկվում է Հայաստանը, և մյուս կողմից այդ ուժերն աշխատում են նաև անտեսել կամ շրջանցել Իրանին տրանսպորտային երթուղիների նախագծից, ուստի Թեհրանը պատրաստ է գործընկերոջ կարգավիճակով մասնակցել իր մյուս գործընկեր Ռուսաստանի առաջարկած տարբերակային պլանին և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցել արևելքը արևմուտքին միացնող միջանցքի կառուցման և օգտագործման նախագծերում: Իսկ հայկական և ադրբեջանական կողմերին գոհ պահելու նպատակով միայն բավարարվել են Ադրբեջանում Իրանի դեսպան հայտարարությամբ:
Ինչպե՞ս եք գնահատում Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Ինչ կարող է փոխվել հայ-իրանական հարաբերություններում այդ ընտրություններից հետո:
Արդյունքները կանխատեսելի էին, և Իրանում արդեն եռյակ իշխանությունները անցել են հեղափոխության արժեքներին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ: Դա առիթ է ընձեռում երկրի իշխանություններին, Սահմանադրության համաձայն, համակարգված եղանակով աշխատել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից գծված քաղաքական ուղեքարտեզի և ռազմավարության ուղղությամբ: Կարելի է ասել, որ Իրանում ձևավորվել է միատարր իշխանություն, և ավելի են հստակեցվում երկրի ներքին և արտաքին քաղաքականության ծրագրերը: Սա անկասկած կարող է օգնել կառավարությանը ավելի ինքնուրույն քաղաքականություն մշակել երկրի ներքին տնտեսական և հասարակական հարցերը կարգավորելու համար, և արտաքին քաղաքականությունում, հատկապես Արևմուտքի հետ կապված հարցերում և միջուկային գործարքի վերաբերյալ ավելի պարզ ու հասկանալի մոտեցումներով վարել նպատակային արտաքին քաղաքականություն:
Ինչ վերաբերվում է Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարին, կարծում եմ՝ դա ենթակա չէ Իրանի նախագահի փոխվելու հետ կապված գործընթացներին: Հայաստանի և այլ հարևանների հետ հարաբերությունների զարգացումը մնում են Իրանի քաղաքականության ուղեծրում: Քանիերորդ անգամը լինելով կրկնում եմ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների կամքից, Իրանի հետ հարաբերությունների մշակման ու խորացման ուղղությամբ նրանց ցուցաբերած քաղաքական դինամիկայից, որում զգալիորեն թերացել և թերանում են ՀՀ իշխանությունները, այլապես Իրանն ինչպես բազմիցս է հայտարարել՝ պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել իր հարևանների, այդ թվում առավել ևս Հայաստանի հետ: Իրանը Հայաստանին դիտում է որպես հարևան և բարեկամ երկիր, և Իրանի նորընտիր նախագահ Ռաիսին նույնպես հավատարիմ կմնա այդ բարեկամության ամրապնդման ու խորացման քաղաքականությանը: