Արաքս խոշորացված համայնքի Ապագա գյուղի տնամերձ բոլոր հողամասերը ծածկված են պոլիէթիլենային թաղանթներով: Գյուղացիները զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, բանջարեղեն են մշակում: Վաղ գարնանից սկսում են  աշխատանքը: Եթե եղանակն անակնկալներ չի մատուցում, լավ բերք են ստանում:



Ապագա գյուղում պտղատու ծառեր գրեթե չկան, բանջարեղեն են մշակում:  Ամեն տան  բակում մեծ ու փոքր ջերմոցներ են․ վարունգ, պղպեղ, լոլիկ, բրոկոլի, կաղամբ ու դդմիկ են մշակում: Տնամերձ հողամասերի յուրաքանչյուր թիզն օգտագործվում է: Դեռ ձմեռվանից սածիլներ են աճեցնում, փետրվարին ու մարտին՝ դրանք հողը դնում:  Հիմա գրեթե բոլոր ջերմոցներից կաղամբ են քաղում: Գյուղացիներն ասում են՝ հիմնական եկամուտն այս ամիսներին են ստանում. բանջարեղենը թանկ է: Մարտին Ավագյան.



«Կաղամբի աճը 70-80 օր է տևում, քաշը հասնում է 1կգ-ից — 1 կգ 300 գրամի: Իր չափն է այդքան, 80 օրը լրանալուց հետո պետք է քաղել, եթե մնա ու  ջրենք՝ տրաքվելու է, էլ վաճառքի ենթակա չի լինի, կթափենք»:

Կաղամբը, լոլիկն ու բրոկոլին նախ  պոլիէթիլենային թաղանթներով են  ծածկել, եղանակի տաքանալուն պես՝ հանել: Ցրտահարության վտանգն անցել է, մի քանի օրից արևի ճառագայթների տակ կհասնեն նաև մյուս բանջարեղեները:  Մեծ ջերմոցներն էլ են պոլիէթիլենային թաղանթներով կառուցում. մի մասում ջեռուցում կա, մյուսներում միկրոկլիման պահպանվում է արևի  ջերմությամբ:  83-ամյա Թամարա տատիկը չնայած պատկառելի տարիքին ՝ դեռ ջերմոց է մտնում, վարունգի, պղպեղի ու լոլիկի մարգերում քաղհան անում:   



«Տան դիմաց երեք ջերմոց ունենք. վարունգ ենք դրել, պղպեղ, եգիպտացորեն, դդմիկ,  բայց հոսանքով չի ջեռուցվում: Լոլիկը մի քիչ ուշ ենք դրել, հիմա ցելոֆանի տակ է, բայց  հիվանդություն չունի: Հարևանները բողոքում են, որ իրենց լոլիկը փտախտով է հիվանդացել, մերն էլ կանաչ բիբարի քոլերն են այդպես, մեծ մասը վնասվել է»:

Ջերմոցների մի մասը հոսանքով է տաքացվում, իսկ Օնիկ Բաղդասարյանի 2 ջերմոցում էլ  գազի հսկայական վառարաններ են դրված, ասում է՝ իրանցի գործարարներն են նվիրել: Մի քանի տարի  առաջ նրանք ժամանակավորապես իր տանն են ապրել, հողամասում ջերմոցներ  հիմնել, բայց մշակության կեսից հրաժարվել են: Հաշվարկները չէին արդարացել՝ ասում է  Օնիկ Բաղդասարյանը.

«Գազի վառարանները պարսիկները դրեցին, գազ քաշեցին ու թողեցին ինձ: Եթե ես փող ունենայի, կլոր տարին այստեղ բերք կլիներ»:



Թեպետ ձմռանն էլ պարապ չեն մնում։ Ջերմոցներում, պոլիէթիլենային թաղանթների կրկնակի  ծածկի տակ, կանաչի են մշակում՝ համեմ, մաղադանոս, հազար, սպանախ: Տնամերձ հողամասերը ոռոգում են արտեզյան հորերի ջրերով՝ պոմպերի միջոցով: Գրեթե յուրաքանչյուր տան բակում ջրի պոմպեր կան: Մարտին Ավագյանը միացել է հարևաններին ու սեփական միջոցներով  թաղամասում պոմպ տեղադրել, ջրի հարցը լուծել։

«Գյուղում մի 30-40 արտեզյան հոր կար, լիարժեք ջուր ունեինք: Երբ Մասիսում ձկնաբուծարանները հորեր հորատեցին, այստեղ ջուրն իջավ: Նախկին հին հորերը ցամաքեցին, և արտեզյան ջրի  ելք չկար: Հիմա դրա վրա պոմպ ենք դրել, գիշեր-ցերեկ միացված է: Պոմպն աշխատում է, դրանից 20-30 տուն օգտվում է»:



Ապագայում տարիներ առաջ ընդերքի սակավաջրության պատճառով ձկնաբուծարանները փակվել են: Հիմա օգտագործված ջրի դիմաց վճարում են միայն էլեկտրաէներգիայի ծախսը,   ամեն տունը՝ 2500–ից 3000 դրամ:  Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ասում է, որ համայնքի գյուղերի մեծ մասում ջրամատակարարումն այդպես է կազմակերպվում: Ընդերքի ջուրը խնայողաբար օգտագործելու համար այլընտրանքային միջոցներ չեն կիրառվում: Համայնքի ղեկավարն առաջարկում է.

«Խնայողաբար օգտագործելու համար ես առաջարկում եմ մեր  գյուղերի բոլոր թաղամասերում առկա պոմպերի վրա դնել խելացի բալոններ, որոնք կարգավորում են պոմպի աշխատանքը. հենց ճնշումը հասնում է ինչ–որ մի մակարդակի, պոմպն ինքնաբերաբար անջատվում է: Դրանով կխնայեն և՛ հոսանքը, և՛  ջուրը: Ժողովուրդն ավելի քիչ կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց »:




Ապագա գյուղում  սեփականաշնորհված  բոլոր հողերը մշակվում են, ոռոգվում են  գյուղի լճերից՝ դարձյալ պոմպերի միջոցով:

«Արհեստական լճերից են վերցնում ջուրը, պոմպով մղում հողամասեր: Առաջ ավազահանք էր տեղը, ավազը հանեցին, տեղը խորը փոսեր գոյացան ու լցվեց ջրով: Մեջը շատ ձկներ կան»:

«Ամառվա ընթացքում ջուրը լճից են քաշում, տալիս ժողովրդին: Դա Արտաշի շնորհիվ է եղել: Այն ժամանակ ինքը սարքեց, պոմպեր դրեց, որ կարողանանք բոլոր հողամասերը ջրել»:

Արտաշես Բարսեղյանը համայնքի նախկին ղեկավարն է: Ապագայում անցած տարի վերականգնվել է ոռոգման ցանցը, նվազել են ջրի հնարավոր կորուստները: Բայց համայնքում դեռ տեղ չի հասել կառավարության սուբսիդավորված պարարտանյութը. պահանջարկը 640 կգ է: Գյուղում հողերը 2 անգամ են մշակում՝ վաղ գարնանն ու ամռան կեսին: Երկրորդ ցանքի բերքը աշնան համար է:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն