Հասկանալու համար, թե ինչ է առհասարակ Սփյուռքը, ինչ ներուժ է պարփակված նրանում, մենք նախ խնդիր ունենք գույքագրելու Սփյուռքի յուրաքանչյուր համայնքի գիտական, կրթական սոցիալական, տնտեսական և մշակութային կարողությունները, ինչպես նաև այդ համայնքների խնդիրներն ու կարիքները:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Բաբաջանյանը: Գրառման մեջ ասված է նաև հետևյալը.

«Ժամանակն է արմատապես վերափոխել Սփյուռքի հետ հարաբերությունների պարադիգմը:

Ժամանակն է, որ Հայաստանը սկսի Սփյուռքի հետ հարաբերվել առաջարկողի կարգավիճակով:

Մենք պետք է Սփյուռքին ներկայացնենք Հայաստանը իր ողջ հմայքով, ոչ միայն խնդիրներով ու մարտահրավերներով, այլև ու առաջին հերթին՝ հնարավորություններով։

Հայաստանի համար Սփյուռքը պետք է դառնա համազգային նպատակների կենսագործման համար անհրաժեշտ կրթական, գիտական և իմացական մեծագույն ներուժ պարունակող Հայաստանի կարևոր մաս։

Սփյուռքի հետ հարաբերություններում նրան պետք է առաջարկել դառնալ Հայաստանի իրավահավասար գործընկեր և դաշնակից՝ հայրենադարձության և աշխարհասփյուռ մեր ազգակիցներին Հայաստանի կյանքին մասնակից դարձնելու նպատակադրումների համատեքստում:

Սփյուռքի առատաձեռն բարեգործությունների ու նվիրատվությունների ժամանակներն անցյալում են:

Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Միացյալ Նահանգներում մեր ազգակից նոր սերնդի համար գիտելիքների և պրոֆեսիոնալ հմտությունների իրացման շոգեքարշը։

Սփյուռքի մեկ այլ հատվածի համար հայրենիքը պետք է դառնա ներդրումների, գործարարության համար հուսալի գործընկեր:

Մենք ամեն կերպ պետք է խրախուսենք Հայաստանում աշխատատեղեր, նոր արդյունք ստեղծող Սփյուռքի ներդրումները՝ ստեղծելով այնպիսի տնտեսական միջավայր, որում այդ ներդրումները կկատարվեն ոչ թե հայրենասիրությունից, այլ տնտեսական արդյունավետությունից դրդված:

Ինչպես հայրենադարձության, այնպես էլ ներդրումների ներգրավման համար մենք պետք է կարողանանք ճիշտ թիրախավորում իրականացնել Սփյուռքի մեր բոլոր գաղթօջախներում։ Սփյուռքի ներուժի հստակ գնահատման դեպքում մենք կկարողանանք սահմանել համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, դնել չափելի նպատակներ, ըստ այդմ՝ սահմանել այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ նպատակներին հասնելու համար:

Սփյուռքը պետք է վստահ լինի, որ իր ձայնը լսելի է հայրենիքում, Սփյուռքը պետք է համոզված լինի, որ ոչ միայն ինքն է նպաստ բերում հայրենիքին, այլև այսուհետ և մի՛շտ Հայաստանը պատրաստ է աջակցել Սփյուռքին:

Այս փոխգործակցության և փոխշահավետության ազդակը մենք պետք է կարողանանք հասցնել Սփյուռքին:

Ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա որպես Սփյուռքի, սփյուռքահայերի շահերի պաշտպան ու նեցուկ:

Միայն այդ դեպքում մենք կարող ենք շոշափելի արդյունքներ ապահովել ինչպես հայրենադարձության, այնպես էլ ներդրումների իրականացման նպատակադրումներում»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն