Ողջ աշխարհը ռուսների դեմ․ միֆեր՝ հանուն պատերազմի
Այն, որ կենսաբիոլոգիական լաբորատորիաների գործունեությունն ամբողջ աշխարհում մշտապես եղել է ռուս-ամերիկյան հակազդեցությունների տիրույթում, ապա այն միշտ վերածվել է քննարկումների ու քննադատության առարկայի։ ԱՄՆ-ն մշտապես հերքել է, որ իր կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներում արգելված գործունեություն է ծավալվում, մինչդեռ Մոսկվան այդ լաբորատորիաներում մշտապես տեսել է հակառուսական հետք, միֆականացրել է դրանց գործունեությունը՝ պնդելով, որ նման լաբորատորիաներում մշակվում է զուտ ռուսական գենի ոչնչացմանն ուղղված զենք։ Չգիտեմ, ՌԵՆ ՏԵՎԵ-ի ազդեցության տակ են Ռուսաստանում նման եզրահանգումների գալիս, թե հետախուզական տվյալների հիման վրա, բայց այս նույն թեման ակտիվորեն շոշափվում էր նաև Վրաստանում բացված լաբորատորիաների մասով։ Այն , ինչ տեղի ունեցավ Վրաստանում, երբ ռուսները սկսեցին հետաքրքրվել ամերիկյան լաբորատորիաներով՝ այսօր կոչվում է «հարավ-օսական հնգօրյա պատերազմ»։
Ի դեպ, ռուս-ամերիկյան հակամարտության համատեքստում կարելի է դիտարկել նաև ԱՄՆ-ում Հայ դատի կողմից տարածված հայտարարությունը, որում ասվում է, թե Հայ դատը կոչ է արել Ջո Բայդենին հետ կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, քանի որ վերջինս անցնող գրեթե մեկուկես տարիների ընթացքում, ի թիվս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին վերաբերող հարցերում։ Եվ այս հայտարարությունն արվում է այն ֆոնին, երբ Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ ի թիվ այլնի քննարկելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հայ դատի ներուժն առնվազն պիտի բավարարեր ԱՄՆ-ում հայկական շահերն առաջ մղելու, ոչ թե զուտ ներհայաստանյան քաղաքական օրակարգեր սպասարկելու համար։ Եվ սա այն դեպքում, երբ Երևանի փողոցներում գերակայում է ատելության խոսքը, բռնությունն ու չարդարացված ագրեսիան։ Այն դեպքում, երբ բացակայում է քաղաքական խոսույթը, իսկ դրա փոխարեն առաջ են մղվում անբովանդակ ու դատարկ լոզունգները, որոնք խոսքից բացի որևէ այլ բան չեն պարունակում։ Ինչևէ․․․