Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ. Հայաստանին անապատացում է սպառնում
Հայաստանին անապատացում է սպառնում: Այս մասին «TALK TIME» հաղորդման եթերում ասաց գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրի տարբեր մարզերում արդեն երկար ժամանակ է՝ գործում է ոռոգման միեւնույն ռեժիմը: Նա պարզաբանեց, որ ոռոգման խնդիրները չի կարելի կապել միայն կլիմայական փոփոխությունների հետ, կարեւոր է նաեւ կառավարել ջրային ռեսուրսները, կարեւոր է ջրամբարների կառուցումը:
«Դեռեւս մեկ ամիս առաջ պետք էր քննարկել խնդրի լուծման տարբերակները: Երբ ազդանշաններ հայտնվեցին, որ քիչ տեղումներ են լինելու եւ օդի ջերմաստիճանը բարձր է լինելու, արդեն այդ ժամանակ պետք էր առաջարկել խնդրի լուծումները, գնահատել հնարավոր ռիսկերն եւ դրանք նվազագույնի հասցնել Արմավիրում, օրինակ, այս պահին կան լուրջ կորուստներ (բանջարեղենի): Պետք է մտածել փոխհատուցման մասին»,-նշեց Հարությունյանը:
Նա անթույլատրելի անվանեց Սեւանում ջրի մակարդակի պահպանման հարցով իշխանության քաղաքականությունը բնակչության աղքատության մակարդակի բարձրացման հաշվին:
«Դա անվտանգության հարց է: Լճում ջրի մակարդակը միշտ տատանվել է: Մեր դեպքում մարդկային գործոնը հանգեցրել է գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամի: Հարցերը լուծելու փոխարեն մոլորեցնում են մարդկանց: Գյուղատնտեսության ոլորտում պետք են նոր մոտեցումներ, պետք են համակարգային ծրագրեր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկրաժամկետ հեռանկարում»,-նշեց նախկին փոխնախարարը:
«Գերատեսչությունը պետք է փոխանցել ջրային ռեսուրսների կառավարման՝ համակարգված քաղաքականության համար: Նախ պետք է կարգի բերել ոլորտը, ապա մտածել կաթիլային ոռոգման մասին: Մարդիկ, ովքեր չեն իրականացնում իրենց գործառույթները, պետք է պատիժ կրեն»,-հավելեց Հարությունյանը:
Նրա պնդմամբ՝ նոր իշխանությունները բարեփոխումների իրականացման համար ունեին երեք տարի, եւ այդ ժամկետը բավարար էր առաջընթաց գրանցելու համար: