Էրդողանը հատուկ նպատակով է Թուրքիան դարձնում Թուրքիյե․ ռեբրենդինգը կփոխի՞ ագրեսիվ կերպարը
Այլեւս ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիյե։ Այդ երկիրն է որոշել վերանվանվել։ Դարերի ընթացքում եվրոպացիներն ամենատարբեր անուններով են կոչել Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նաեւ՝ Թուրքիան։ Բայց ամենից տարածվածները լատիներեն «Turquia» ու «Turkey» տարբերակներն են։ Միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխությունը տարբեր երկրների կողմից առանձնապես արտառոց երեւույթ չէ։ Իրենց անվանումները փոխել են Նիդերլանդները, Իրանը, Հյուսիսային Մակեդոնիան և այլ երկրներ։ Անվանափոխման պատճառները տարբեր են՝ քաղաքական, մշակութային կամ պարզապես ավելի հեշտ արտաբերման համար։ Ի՞նչ նպատակով է Թուրքիան փոխում իր միջազգային անվանումը, և արդյո՞ք դա ենթադրում է ինքնության փոփոխություն։
ՄԱԿ-ը բավարարել Է Թուրքիայի խնդրանքը․ այդ երկրի անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում կփոխվի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ արձագանքել են թուրքական իշխանությունների դիմելուց անմիջապես հետո․
«Պետություններն ազատ են ընտրել՝ ինչպես իրենց անվանեն։ Դա ամեն օր չի պատահում, սակայն արտառոց ոչինչ չկա, երբ երկրները փոխում են իրենց անունները»։
Այլեւս ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիյե․ փոփոխությունն արվել էր այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեռ նախորդ դեկտեմբերի շրջաբերականով, որում նշվել էր․
«Turkiye» բառը լավագույնս ներկայացնում է թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները»:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝ վերանվանմամբ Անկարան ձգտում է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը: Օրեր առաջ Չավուշօղլուն թվիթերում գրել էր․
«Գործընթացը մոտենում է ավարտին։ Նամակով, որն ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մեր երկրի օտարալեզու անունը ՄԱԿ-ում գրանցում ենք որպես «Թուրքիյե»։