Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունը տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքման պատճառով
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունը տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքման պատճառով: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին:
Նրա խոսքով՝ ցեխային հրաբուխների ժայթքումները հաճախ ուղեկցվում են պայթյուններով ու հրդեհներով:
«Երբ ժայթքումը է տեղի ունենում ցամաքում, որոշակի քանակությամբ կրակ է նետվում օդ, որից հետո սկսում է ցեխային հրաբուխ ժայթքել: Նմանատիպ գործընթաց է տեղի ունենում ծովում, միայն թե ջրի շերտի հետեւում չենք տեսնում ցեխը, որը դուրս է ժայթքում հրաբխի հետ», - ասել է Եթիրմիշլին՝ հավելելով, որ ցեխային հրաբուխները կրակ են արձակում միայն կարճ ժամանակով՝ 10-20 վայրկյան:
Գիտնականը հիշեցրել է, որ 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած երկրաշարժից հետո Նարդարան գյուղի մոտ ցեխային հրաբուխ է արթնացել: Հրաբխի նետած ցեխից ծովում փոքրիկ կղզյակ է ձեւավորվել: