Որտե՞ղ է ավարտվում թուրքականությունը և սկսվում ղազախականությունը․ պանթուրքիզմը՝ գործնականում
Թյուրքական միջազգային ակադեմիայի անդամներ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը ստորագրել են արձանագրություն՝ միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագրքերի ներառման մասին։ Դասագրքերի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2014թ-ին։ Դրանք արդեն պատրաստ են ներառվելու 8-րդ դասարանի կրթական ծրագրում՝ կամընտրովի առարկաների ցանկում։ Այս մասին հայտնում է Թյուրքական միջազգային ակադեմիայի կայքէջը՝ ամփոփելով ակադեմիայի գիտական խորհրդի հոբելյանական՝ 5-րդ նիստի արդյունքները։
Թյուրքական ակադեմիան բացվել է 2010-ի մայիսի 25-ին, 2014-ին ստացել է Միջազգային գիտական կենտրոնի կարգավիճակ։ Ակադեմիայի գործունեության պաշտոնական նպատակը թյուրքախոս երկրների մշակութային, հումանիտար և գիտական համագործակցությունը խթանելը և մասնագետների փոխանակման ծրագրեր իրականացնելն է։ Ակադեմիայի գլխավոր մասնաշենքը գտնվում է Նուր-Սուլթանում։
Ի՞նչի մասին է «Ընդհանուր թյուրքական պատմություն» դասագիրքը
«Ընդհանուր թյուրքական պատմություն» դասագիրքը ներկայացնում է թյուրք ժողովուրդների զարգացման ժամանակագրությունը հնագույն ժամանակներից մինչև 15-րդ դար, առասպելական Կապույտ գայլից՝ թուրքերի տոտեմ նախահայրից մինչև Թամերլանի կայսրության անկում։
2012թ-ին, խոսելով ծրագրի կոնցեպտի մասին, ադրբեջանցի պատմաբան Յագուբ Մախմուդովը նշել էր․ «Թուրքիայի պատմության գլխավոր խնդիրներից մեկը հայերի կողմից իրականացված թուրքերի ցեղասպանության հարցն է։ Հայերը ցեղասպանություն են արել Արևելյան Անատոլիայում, Հարավային Ադրբեջանում և Բաքվում։ Այս հարցերի հետազոտությանն ավելի մեծ ուշադրություն է դարձվելու»։
Իսկ 2015-ին դեռևս չգրված դասագրքի առաքելությունը Յագուբ Մահմեդովն այսպես էր ձևակերպել․ «Այնպես, ինչպես Արեւմուտքում են սիրում Նապոլեոնին, Բիսմարկին, Վաշինգտոնին, մենք էլ պետք է սիրենք թյուրքական աշխարհի պատմությունը։ Սրա համար պետք են ընդհանուր դասագրքեր, ընդհանուր պատմություն։ Մենք ջանում ենք, որ ապագայում Ադրբեջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդները հավասարապես հարգեն Շահ Իսմայիլին, Թամերլանին, Սուլթան Սուլեյմանին, թյուրքական բոլոր պատմական դեմքերին»։
Ղազախստանի Հանրապետության կրթության նախարար Ասխատ Այմագամբետով․ «Սա չի նշանակում, որ Ղազախստանում նոր առարկաներ կներդրվեն, և ուսումնական ծրագիրը կծանրաբեռնվի։ Այսօր, ընդհակառակը, ասում ենք՝ պետք է թե՛ ուսուցիչների, թե՛ դպրոցականների բեռը նվազեցնել։ Նոր դասագրքերը լրացուցիչ հնարավորություն են մեր ուսանողների և ուսուցիչների համար՝ ուսումնասիրելու թյուրքական երկրների ընդհանուր պատմությունը։ Խոսքն ընտրովի առարկաների մասին է»։
3 դիտարկում՝ Հայաստանում միակ ղազախագետից․ Շուշան Խաչատրյան
Որտե՞ղ է ավարտվում թուրքականությունը և սկսվում ղազախականությունը․ Թյուրքախոս երկրների համար բավական դժվար է տարանջատել, թե որտեղ է ավարտվում թյուրքականությունը և սկսվում ղազախականությունը՝ ասում է Շուշան Խաչատրյանը և նկատում՝ գիտական բանավեճերն այս առումով շատ են։
Թվերը կարող են չափազանցված լինել․ Ըստ պաշտոնական թվերի՝ 2021-ին 30 000 աշակերտ Թուրքիայից, 15 000 Ղազախստանից և 10 հազար Ադրբեջանից ընտրել են այդ առարկան։ Ղազախագետի դիտարկմամբ՝պաշտոնական վիճակագրությունը սովորաբար սպասարկում է պետական նախաձեռնությունները։ Սա, սակայն, չի բացառում որ մոտ ապագայում հետաքրքրվածությունն այս առարկաների նկատմամբ Թուրքիայի փափուկ ուժի ազդեցությամբ այդ երկրներում կաճի։
Պայքար «Մեծ եղբայր» համարվելու համար․ Նախագահ էրդողանի գլխավորությամբ Թուրքիան դիրքավորվում է որպես թուրքական երկրների բացարձակ առաջնորդ, ինչը ղազախական էլիտայի համար ընդունելի չէ։ Տարածաշրջանում Ղազախստանը կայուն և զարգացած դիրքեր ունի և կարող է հավակնել թուրքական աշխարհի առաջնորդներից մեկը դառնալուն։ Երկրում քիչ չեն նաև պրոռուսական կողմնորոշում ունեցողները․ էլիտայի մի ստվար զանգված անմիջական հարևան Ռուսաստանն ավելի կարևոր է դիտարկում, քան հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Թուրքիան։
«Ես դեմ չեմ, որ իմ տղան սովորի այդ դասագրքով»․ ղրղզ դասախոս
Ազգությամբ ղրղզ Զարինա Աբդունազարովան չինարենի և չինական մշակույթի մասնագետ է։ Դասավանդում է Ելցինի անվան ռուս-սլավոնական համալսարանում։ Նրա խոսքով՝ Ղրղզստանի պատմության դասագրքերից յուրաքանչյուրում 60 տոկոսով ներկայացված է Ղրղզստանի պատմությունը, 40 տոկոսով՝ եղբայրական Թուրքիայինը։ Կարծում է՝ միասնական դասագրքերն ազգային ինքնությանը չեն սպառնում։
«Մեր պատմությունը շատ միասնական է, բոլորը թուրքական ծագման կրողն են, և դա չես փոխի։ Ես դեմ չեմ, որ իմ երեխան ապագայում սովորի այդ դասագրքով, որովհետև պատմությունը ելնում է հնագույն, հեռավոր ժամանակներից։ Եթե դասագիրքը միավորելու է պատմությունը, ապա Ղրղզստանը՝ որպես առանձին երկիր, չի կորցնում իր ինքնությունը, որովհետև պատմությունը, մշակույթը խիստ միահյուսված են, և այդ դեպքում ոչ թուրքական, ոչ ղրղզական ազգերը չեն կորցնում իրենց արժեքները, նույնիսկ հակառակը՝ հարաբերությունների այլ մակարդակ են տեղափոխում»։
Երեք եզրակացություն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից
Պատրաստվում է պանթյուրքիստական ոգով դաստիարակված սերունդ․ Թուրքագետի կարծիքով՝ գործընթացը ղեկավարվում է Թուրքիայի կողմից։ Փորձ է արվում այն արժեքները, որոնք ստեղծվել են առանձին թուրքալեզու ժողովուրդների կողմից, այս ակադեմիայի գործունեությամբ դարձնել ընդհանուր ամբողջ թուրքալեզու աշխարհի համար։
Ստեղծվում է այն, ինչ չկա․ Փորձ է արվում ստեղծել մի բան, որը երբեք գոյություն չի ունեցել՝ ասում է թուրքագետը։ Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ ակադեմիան պետք է ցույց տա թյուրքալեզու ժողովուրդների «ներդրումը» համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Սա խնդիր է, որը մեծ «ջանքեր» կպահանջի դրա հեղինակներից և կատարողներից։
Լայնածավալ հարձակում հոգևոր բնագավառում․ Սաֆրաստյանը համոզված է, որ առաջիկա տարիներին նոր աշխատություններ են հրատարակվելու, դրանք թարգմանվելու ու տարածվելու են համաշխարհային գիտական շրջանակներում։ Նոր պատմությունը գրվելու է նաև մեր պատմության խեղաթյուրման հաշվին՝ ասում է թուրքագետը։
2018թ-ին հրատարակված ղազախական, ղրղզական և ադրբեջանական 6-րդ դասարանի դասագրքերը
«Դեմ չեմ, որ երեխաներս իրենց արմատներն ուսումնասիրեն»․ ղազախ գործարար
Կայրատ Սուլթանգազիևը անհատ ձեռնարկատեր է Նուր-Սուլթանից։ Իրեն թյուրքական աշխարհի մասնիկն է համարում, իր մեջ թյուրքական ինքնություն է զգում։ Դրական է վերաբերվում ընդհանուր թյուրքական պատմության, գրականության և աշխարհագրության դասագրքերի ստեղծմանը, կարևոր է համարում, որ այդ դասագրքերի բովանդակությունը նպատակաուղղված չլինի վարկաբեկելու այլ ժողովուրդներին և երկրներին, ինչը կարող է ազգամիջյան վեճեր հրահրել։ «Ցավոք, դեռ չեմ ծանոթացել այդ դասագրքերի բովանդակությանը, բայց այս պահին կարող եմ ասել, որ դեմ չէի լինի, որ երեխաներս դպրոցում սովորեն այս առարկաները՝ համակողմանի զարգացման և իրենց արմատներն ուսումնասիրելու համար», — ասում է Կայրատը։
Իրավիճակն ըստ Ղազախստանում ապրող հայ փորձագետի
Նրա կարծիքով՝ դասագրքերում տեղ են գտնելու բոլոր այն թեզերը, որոնք այսօր առաջ են տանում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները․գրվելու է, որ հայերն են օկուպացրել Ադրբեջանի տարածքները, նրանք են թուրքերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացրել։ Լուրջ մեխանիզմներ են պետք նման քարոզչությունը կանխելու ու դրան հակազդելու համար՝ կարծում է վերլուծաբանը։
Հ․Գ․ Ակադեմիան ներգրավված է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները թյուրքալեզու աշխարհին ինտեգրելու գործընթացին։ Այս տարվա միջոցառումներից մեկը նախատեսվում է անցկացնել Շուշիում։