Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Պարոն Սարոյան, ՀԱՊԿ-ը մերժեց Հայաստանին օգնության տրամադրումը՝ պատճառաբանելով, թե Ադրբեջանի կողմից ներխուժում չկա ՀՀ տարածք, դրանք պարզապես սահմանային միաջդեպեր են։ Սպասելի՞ էր այս արձագանքը։

ՀԱՊԿ նման կարգի պատասխանը կապված է ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու համար։ Հետևաբար, ՀԱՊԿ նման կարգի ցանկացած լուրջ իրավիճակ ու որոշում կապված է ընդհանուր ռուսական արտաքին քաղաքական կուրսի հետ։ Իսկ Ռուսաստանը ներկայում Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում ունի հստակ ռազմավարություն։ Այդ ռազմավարությունից դուրս ինքը որևէ քայլ անել չի կարող։ Եվ ՀԱՊԿ պատասխանը այդ ռազմավարության կոնտեքստում է պետք դիտարկել։ Դա ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացների իրականացում, տրանսպորտային կոմունիկացիաների բացում և Ադրբեջանի՝ դեպի ռուսական քաղաքական ուղեծիր ինտեգրացիա։

Դա է ռուսական հիմնական ռազմավարական գիծը՝ սպասարկելով նաև թուրքական շահերը։ Այսինքն՝ երկուստեք շահային տիրույթում Ադրբեջանից առավելագույնը քաղելու խնդիր է դրված՝ դրա դիմաց Ադրբեջանին վճարելով Հայաստանի պետական շահերով, Հայաստանի պետական շահերը ոչնչացնելով։ Հիմա ՀԱՊԿ-ը չի կարող այս կուրսից դուրս որևէ այլ նախաձեռնություն իրականացնել կամ միջամտություն ունենալ։ Ասելով, որ «Հայաստանի տարածք ներխուժում չկա, դրանք սահմանային միջադեպեր են», գտնվել է մի պատասխան, որը բացատրում է իրավիճակը և թե ինչու ՀԱՊԿ-ը գործուն միջամտություն չի ունենում նման իրավիճակի հանգուցալուծման համար։ Եթե անգամ այս բացատրությունը չտրվեր, կգտնվեր մեկ այլ բացատրություն։ Հարցն այն չէ, որ պետք է դնել ու մեկնաբանել՝ արդյոք ներխուժում կա, թե չկա։ Ամենաաբսուրդն այստեղ է, որ մարդիկ չընկալելով, թե քաղաքական կուրսն ինչպիսին է, փորձում են մեկնաբանել անմեկնաբանելին։ Տրամաբանությունը բոլորովին այլ տեղ է, ապացուցելու բան չկա այդտեղ, ապացույցն այն է, որ Ռուսաստանն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, և ՀԱՊԿ-ը այս արձագանքով սպասարկում է այդ նպատակներն ու շահերը։

Հայաստանի անելիքները որո՞նք պետք է լինեն։

Հայաստանը նման իրավիճակում հայտնվել էր վաղուց, նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, պատերազմն այդ քաղաքականության հետևանք էր։ Եվ հիմա Ռուսաստանն ու Թուրքիան այդ քաղաքականությունը հստակ ուղեգծով տանում են առաջ։ Բնականաբար, դա Հայաստանի անվտանգային խնդրի հետ կապված հարց է։ Եվ անվտանգային մարտահրավերներին, որոնք հիմա կան, այլընտրանքային լուծումներ պետք է գտնել։

Այն դաշտում, որում հայտնվել է այդ խնդիրը, այդ նույն դասավորության մեջ հնարավոր չէ այլ որակ որակ ու արդյունք ակնկակել։ Այսինքն՝ նույն ռուս-թուրքական անվտանգային համակարգի մեջ հնարավոր չէ այլ պատկերի ակնկալիք ունենալ։ Մանավանդ, իրենք արդեն հստակ գործել են եւ ուժային կոմպոնենտով հարցը լուծել, հիմա տեխնիկական ձևով են հարցը լուծում։ Այսինքն՝ 100 տոկոսանոց պարտադրանք է տեղի ունեցել, և Հայաստանի ղեկավարությունն ընդունել է այդ լուծը։ Հիմա Ռուսաստանի ու Թուրքիայի համար ժամանակի մեջ տեղավորվելու ու արտաքին այլ սուբյեկտների հակազդեցությունը չեզոքացնելու խնդիր կա, ինչը և նրանք ինչ-որ առումով բարեհաջող փորձել են այս ընթացքում կյանքի կոչել։ Այդ ճնշումը ժամանակի ընթացքում մեծանում է, և իրենք խնդիր են տեսնում, որ կարող է ժամանակի մեջ չտեղավորվեն։ Դա է պատճառը, որ իրենք անգամ Հայաստանի ընտրությունները դիտարկեցին իրենց շահերն արագացված ձևով լուծելու լույսի ներքո։ Եվ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի այդ շռնդալից չակերտավոր հաղթանակը հենց այն ճանապարհն էր՝ տրված Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա արագացված ապահովի իմ նշած այդ գծի սպասարկումը, ենթադրվող լուծումներ ու արդյունքներ ապահովի։

Եթե Հայաստանը նման կարգի անվտանգային փակուղու առաջ է կանգնած, իմ նշած այլընտրանքային անվտանգային միջավայրով, այլ աշխարհաքաղաքական սուբյեկտների հակազդեցության ուժեղացման միջոցով կարող է դրա դեմն առնել կամ չեզոքացնել այդ վտանգները։ Հիմա այստեղ հարցը հետևյալն է՝ Հայաստանի ղեկավարությունը ցանկություն ունի՞ դա իրականություն դարձնելու, թե՞ կաշկանդված է այն աստիճանի, որ հույս չպետք է ունենալ, որ կկարողանա մանևրել կամ փորձել անվտանգային վակուումը լցնել ՌԴ-ից ու Թուրքիայից դուրս այլ ուժերի ներգործությամբ։ Սա լուրջ խնդիր է՝ հասկանալու համար, թե մենք հիմա ինչպիսի իրավիճակում ենք գտնվում։

Ակնհայտ է, որ Արևմուտքը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը շատ ավելի ակտիվ ներգրավվածություն են ապահովում վերջին ամիսներին՝ Հայաստանի շուրջ իրավիճակը բալանսի բերելու համար։ Այն բալանսը, որը հիմա Հարավային Կովկասում ստեղծվել է, դա ընդամենը Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմանի բալանսն է։ Բայց այդ երկկողմանի հավասարակշռումն ընդհանուր աշխարհաքաղաքական անհավասարակշռության արտահայտություն է։ Այսինքն՝ Ռուսաստանը և Թուրքիան խնդիր ունեն իրենց երկկողմանի ստեղծած հավասարակշռությունը պարտադրել աշխարհաքաղաքական այլ սուբյեկտներին, այնպես, ինչպես դա եղել է 100 տարի առաջ առաջ՝ Քեմալ-Աթաթուրք դաշինքի միջոցով։ Այն ժամանակ իրենք իսկապես պարտադրեցին, և աշխարհը համակերպվեց Մոսկվայի պայմանագրի հետ, եթե ոչ իրավական առումով, գոնե փաստացի։ Եվ դա արդեն 100 տարի տևում է։ Հիմա իրենք հենց նույն գործիքներով, նույն տրամաբանության ու նույն փիլիսոփայության մեջ սեփական հավասարակշռում են դրել Հարավային Կովկասում և դա պարտադրում են աշխարհին։ Միջազգային հանրության շատ խաղացողներ, ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ դեմ են գնում դրան։ Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, նաև Իրանը շահագրգռված են Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղած հավասարակշռությունը խախտել՝ համարելով դա աշխարհաքաղաքական անհավասարակշռություն։ Այստեղ է, որ Հայաստանը դրսևորումների իր ճանապարհը պետք է անցնի։ Կրկնում եմ՝ հարցն այն է՝ Հայաստանն ի վիճակի՞ է խնդրին այդ տեսանկյունից մոտենալ և սեփական անվտանգային վակուումը լցնել այլ անվտանգային կոմպոնենտներով՝ վերաբերող Արևելքին ու Արևմուտքին։ Արևելք ասելով՝ նկատի ունեմ Իրանը, Հնդկաստանը, Արևմուտք ասելով՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Պուտինի հետ։ Զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիտարկել ձեր ասած անվտանգային այլընտրանքային լուծումները։

Հանդիպումը Պուտինի հետ ցույց տվեց, որ Հայաստանին իսկապես պարտադրվում են այն լուծումները, որոնք գծագրվել են իմ նշած ընդհանուր ռազմավարության կոնտեքստում՝ Ռուսաստանի կողմից։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ըստ էության ունի երկու ճանապարհ՝ 100 տոկոսով սպասարկել այդ գիծը և դառնալ ոչ միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեղավորներից ու պատասխանատուներից մեկը, այլ բացարձակ միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի պետական շահերը ռուս-թուրքական ոտքերի տակ գցելու գործընթացի համար։

Ինքը Հայաստանի պատմության մեջ ոչ միայն մնալու է որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի գլխավոր մեղավորներից մեկը, այլ միակ մեղավորն ու պատասխանատուն այն գործընթացի, եթե Հայաստանը դառնա Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի այդ բալանսի կնքահայրը։ Առանց իրեն հիմա հնարավոր չէ այդ կնքահայրությունն անել, եթե ինքը դեմք ցույց տա, եթե անվտանգային բացը լրացնելու քաղաքական գիծը տանի հստակ։ Անգամ, եթե նա հասկանում է, որ ժամանակը սուղ է, որ իրենից պահանջվում է արագացված գործել, ինքը դանդաղությամբ պետք է տանի գործընթացը, ժամանակը ձգի, որպեսզի կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը նույն գրաֆիկով ու լուծումներով, նույն ընթացակարգով ու արագացված տեմպերով է շարժվելու, որոնք իրեն մատուցվում են, նա դառնալու է այս ամբողջ գործընթացի միակ մեղավորը։ Եվ հայ ժողովրդի կողմից իրեն ամենախիստ պատիժն է հասնելու առաջիկայում։ Այստեղ արդեն իրեն չեն կարող փրկել ժողովրդի ընտրությունը, լեգիտիմության մասին ձևակերպումները։ Այդ լեգիտիմությունը ոչ միայն չեզոքացվելու է, այլ ինքը կանգնելու է շատ լուրջ ֆիզիկական դատաստանի առաջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն