Բանակցային հարթակների միախառնում․ օգուտները և վնասները
Պրահայի հանդիպումներին արդեն հաջորդել է Սանկտ Պետերբուրգինը, բայց Հայաստանում դեռ շարունակում են քննարկել ու փորձել հասկանալ, թե ինչ կարող են դրանք տալ հայկական կողմին։
Քննարկումներ ընթանում են նաև հենց միջնորդների շրջանում, այս դեպքում՝ Պրահայի ձևաչափից դուրս մնացած Ռուսաստանում։ Ի՞նչ օգուտներ կամ վնասներ կարող է բերել բանակցային հարթակների միախառնումը՝ միանշանակ դժվար է ասել, բայց հակասություններ այդ հարթակներում ակնհայտորեն կան և ոչ միայն հենց միջնորդների միջև, այլև՝ առաջարկվող փաստաթղթերի։
Հայաստանի սահմաններին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման պայմանավորվածության առանցքային հարցերում դեռ հստակություն չկա։ Պրահայից հետո Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունում այսօր էլ գիտեն այն, ինչ հայտնի էր 4 օր առաջ։
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան․ «Օրերի, ամսաթվի առումով ժամկետներ հստակ պարզ չէ, որովհետև քննարկման փուլում է։ Բայց , նշված է հաղորդագրության մեջ՝ պետք է տեղի ունենա հոկտեմբերին։ Ակնկալում ենք մինչև ամսվա վերջ»։
Հայկական կողմը մեծ հույսեր ունի, որ այդ առաքելությունը կզսպի ադրբեջանական ոտնձգությունները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Բայց քանի դեռ դրա հետ կապված բոլոր հարցերը ճշտված չեն, Ադրբեջանը շարունակում է կրակել Հայաստանի ուղղությամբ։ Ըստ պայմանավորվածության՝ առաքելությունը պետք է օժանդակի նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։
Թեև Պրահայի հայտարարությունը ընկալվում է իբրև դրական տեղաշարժ, սահմանագծման աշխատանքներին ԵՄ առաքելության օժանդակության կողքին նույն հայտարարության մեջ նշված չէ, օրինակ, որ աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է Հայաստանի ինքնիշխան տարածքից հետ քաշել ադրբեջանական զորքը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով, սա որևէ կերպ չի ազդում ընդունված հայտարարության և ձեռքբերված պայմանավորվածությունների վրա։
«Զորքերի հետքաշման պահանջը, ըստ էության, թե մեր կողմից է դրվել ամենաբարձր մակարդակով, թե նաև մեր միջազգային գործընկերների կողմից։ Սա գլխավոր շեշտադրումներից մեկն է և օրեր առաջ նաև ֆրանսիական կողմից ևս մեկ անգամ, ամերիկյան կողմից ևս մեկ անգամ հնչեցին զորքերի հետքաշման պահանջ։ Այսինքն՝ սա ոչ թե կոչ է, հորդոր է, կարծիք է, այլ հստակ պահանջ է։ Ըստ էության, այս գործընթացները զուգահեռ պետք է ընթանան։ Հարց հնչեց, թե արդյո՞ք ԵՄ քաղաքացիական դիտորական առաքելությունը կարող է նպաստել, որպեսզի զորքերը հետ քաշվեն, այո, սա ևս մեկ մեխանիզմ է։ Հետագա զարգացումներով, այո, այս քննարկումներով, միջազգային ճնշման միջոցով մենք պետք է ստիպենք, որպեսզի զորքերը հետ քաշվեն»։
Ինչ են ուզում միջազգային «խաղացողները» տարածաշրջանից և մասնավորապես Հայաստանից՝ հարցի պատասխանը դժվարանում են գտնել անգամ ամենաբարձր ինստիտուտ համարվող պառլամենտում։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան․
«Ինչպես առաջին նախագահը ասաց՝ մեկ հոգի է տիրապետում տեղեկության և այդ մեկ հոգին պետք է անկեղծ լինի քաղաքացիների հետ և պատմի, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ և ինչ պահանջներ են ձևավորվում ու ներկայացվում Հայաստանից։ Դա չի արվում»։
Հայաստանի խորհրդարանում հարցեր է առաջացրել նաև վարչապետի՝ Պրահայից անմիջապես Սանկտ Պետերբուրգ ուղևորվելու փաստը։ Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի համար դա հարցականներով ուղևորություն է, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ մի արտառոց միտում այդտեղ չի նկատել։
Թագուհի Թովմասյան. «Թերևս գնացել է բացատրություններ տալու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ, ինչ կուլիսային խոսակցություններ են եղել»։
Արթուր Հովհաննիսյան. «Վստահորեն ասում եմ, որ ենթատեքստեր փնտրելու անհրաժեշտություն չկա, այսօրվա արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է և մենք ամեն ինչի մասին տեղեկացնում ենք մեր հանրությանը։ Նախօրոք պլանավորված այց էր»։
Խորհրդարանական մեծամասնության քարտուղարն ընդունում է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, բայց հայ-ռուսական համագործակցության մասին խոսելիս շարունակում է օգտագործել «դաշնակցային» ձևակերպումը։
«Բարեկամ ժողովուրդներ ենք և շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Այո, կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք այդ խնդիրները և մեր գործընկերների հետ աշխատում ենք և դեռևս սպասում ենք հստակ քայլերի և գործողությունների, որոնք վերաբերում են մեր հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»։
«Հայաստան» խմբակցությունում պնդում են, որ անվտանգության տեսանկյունից պետք չէ ապավինել որևէ մեկի աջակցությանը։ Աղվան Վարդանյանը 3 հիմնական կետով նոր օրակարգ է առաջարկում։
«Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, Ռուսաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ադրբեջանի հետ, Ռուսաստանն ունի խնդիրներ աշխարհի և Ուկրաինայի հետ։ Մեր խնդիրը մենք պետք է լուծենք։ Եթե մենք ապավինելու ենք այս կամ այն ուժի, անկախ նրանից՝ հյուսիսն է, արևմուտքն է, հարավն է, արևելքն է, մենք ոչ մի բանի չենք հասնի։ 3 բան՝ անվտանգություն–բանակ, ներքին համահայկական համախմբում հնարավորինս և արտաքին արժանապատիվ քաղաքականություն»։
Ընդդիմադիր այս խմբակցության պատգամավորները այս փուլում կենտրոնացած են ոչ թե միջազգային հարթակներում պայմանավորվածությունների վրա, այլ իրենց հետագա անելիքների։ Աղվան Վարդանյանը համոզված է, որ կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումները պետք է շարունակվեն։ Կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ընդամենը մեկ հանդիպում տեղի ունեցավ, բայց դրանք շարունակելու պայմանավորվածությունը այդպես էլ կյանքի չկոչվեց։