«Նայում ենք դժվարության աչքերին, ժպտում ենք, աղոթում ենք». Մանվել Փարամազյանի մարտական ընկերները զարմացած են
ParaTV-ն տեսանյութ է պատրաստել Քաջաևրանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մասին, որին երկու ամսով կալանավորել են:
Նրա նկատմամբ երկու քրեական գործ կա, որոնցից առաջինը վերաբերում է ինչ-որ անձի առեւանգման, որով խափանման միջոց ընտրված չէ, երկրորդը վերաբերում է հողի առքուվաճառքին:
Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է. «Ես քրգործի նյութերին ծանոթ եմ եւ այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինքն ինչ առնչություն ունի այդ գործի հետ առհասարակ եւ առեւանգման հետ մասնավորապես: Որեւէ խափանման միջոց ընտրված չլինելու պարագայում նա որեւէ վարքագիծ չի դրսեւորել, որը հիմք կարող էր տալ վարույթն իրականացնող մարմնին նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց»:
Անդրադառնալով երկրորդ քրգործին, Վարոսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է հողատարածք գնելուն, ապա այն վաճառելուն. «Դրանք Մանվել Փարամազյանը որեւէ առնչություն չունի: Երբ կա ցանկություն րեւէ անձի կալանավորելու եւ չկա իրավական որեւէ հիմք, փաստական հանգամանք, որի հիման վրա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա քրեական հետապնդում իրականացնել այն անձին, ում նախանշել են որպես կալանավորվող, այդ ժամանակ ստեղծվում է այս իրավիճակը:
Քրեական հետապնդումները Մանվել Փաևրամազյանի նկատմամբ սկսվել են այն բանից հետո, երբ ի թիվս Սյունիքի այլ համայնքապետերի, Մանվել Փարամազյանը պահանջել է գործող իշխանության հրաժարականը: Եթե որեւէ անձ, որն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ունի ձեւավորված սկզբունքներ, համակարծիք չէ գործող իշխանության վարած քաղաքականությանը, նա ենթարկվում է հետապնդման: Սա է միակ սկզբունքը, որ աշխատում է: Այդ սկզբունքի զոհ է Մանվել Փարամազյանը»,-ասաց փաստաբանը:
Մանվել Փարամազյանի մարտական ընկերներից Լեռնիկ Հարությունյանն էլ նշել է. «Ոնց որ հաշվեհարդարի տպավորություն թողնի այս ամենը. Եթե ինձ հետ չես, ուրեմն իմ հակառակորդն ես: Քաջարանում ստեղծվեց գումարտակ, որի հրամանատար նշանակվեց Մանվել Փարամազյանը: Գումարտակը իր հերթապահությունը կատարեց»:
Փարամազյանի մարտական ընկերները զարմացած են, որ թշնամու դեմ կանգնածներն այսօր կանգնում են դատարանի առջեւ:
«Հոկտեմբերի 2-ից կանգնած ենք առաջնագծում, մարտական հերթապահություն ենք իրականացնում: Փարամազյանը եղել է մեր հրամանատարը: Այնպես ստացվեց, որ ընկանք շրջափակման մեջ: Մենք 30 հոգի էինք, իրենք՝ 400: Ունեցանք համ զոհեր, համ վիրավորներ: Առաջինը վազեց Փարամազյանը՝ փրկելու վիրավորներին»,-պատմել է մարտական ընկերներից Գարիկ Հայրապետյանը:
Մանվել Փարամազյանի կինը՝ Լիլիթը, իր հերթին նշել է. «Երանի այն քաղաքին, որի քաղաքապետը Փաևրամազյան Մանվելն է, բայց ոչ երանի այն ընտանիքին, որտեղ հայրը, ամուսինը Մանվելն է: Ինքը ամբողջ քաղաքում բոլորին անուն ազգանունով գիտի, թե ով ինչ խնդիր ունի, ում պետք է վիրահատեն: պատերազմի ընթացքում եղել է, որ ասել եմ՝ կլինի՞ այս անգամ մի գնա: Ինձ ասում էր՝ անհայրենիք բաներ չպոսես, ամոթ է»:
Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզան, նշել է, որ հայրն իր համար ավագ ընկեր է. «Խորհրդի կարիք ունեմ, միշտ դիմում եմ: Ինքը միշտ ժպիտով ասում է՝ Լուիզ, լավ ա լինելու, չմտածես: Նայում ենք դժվարության աչքերին, ժպտում ենք, աղոթում ենք»: