ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դատապարտել է սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, որի հետեւանքով զոհվել է հայ զինվոր: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նման քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման, իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները», – ասված է հայտարարության մեջ:

Բաքուն չի թաքցնում, որ մտադիր է այս կերպ շանտաժի ենթարկել Հայաստանին և ստիպել նրան «խաղաղության ու դեմարկացիոն» պայմանագրեր կնքել:

Բաքուն ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկություններ է ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ասել է Ալիևը: «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն աշխատել սահմանազատման ուղղությամբ», – ասել է նա: «Եթե Հայաստանը դա չի ուզում, ուրեմն դա նրա գործն է: Բայց նա պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»: Ապա ավելացրել է, որ իրենք կվերադառնան իրենց նախնիների հողերը՝ Զանգեզուր, Սևան, Երևան:

Ալիևն իրագործում է իր սպառնալիքները. Երասխի հատվածում՝ Երևանից 60 կմ հեռավորության վրա, տեղի ունեցավ զինված միջադեպ, որի ժամանակ սպանվեց հայ զինվոր: Հայտնի դարձավ նաև Սև լճի մերձակայքում երկու հայ զինծառայողների անհետացման մասին:

Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում իր սահմանները պաշտպանելու ուղղությամբ ՝ այդ գործառույթները պատվիրակելով Ռուսաստանին: ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ռուսաստանի «առանցքային» դերը անվտանգության ապահովման գործում: Այս կերպ պատասխանատվությունից խուսափելու ճղճիմ փորձերը չեն կարող արդարացնել Հայաստանի կառավարության և զինված ուժերի անգործությունը: Ի դեպ, Երասխում կա ռուսական անցակետ:

Բաքվի և Մոսկվայի սադրանքներն ուղղված են ոչ միայն Հայաստանին պայմանագրեր հարկադրելուն, այլև միջազգային կոմունիկացիոն նախագծերը չեզոքացնելուն։ Երասխը, Սև լիճը, Մեղրին Հյուսիս-հարավ մայրուղու առանցքային կետերն են, որոնք պետք է միացնեն Սև ծովը Պարսից ծոցի և Հնդկաստանի հետ: Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի ու Իրանի հետ այս մայրուղու կառուցման շուրջ:

Դատելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից ՝ Բաքվի զորքերը Երասխի ուղղությամբ փորձել են առաջ բերել իրենց դիրքերը: Ըստ որոշ տվյալների, դա տեղի է ունեցել Տիգրանաշենի տարածքում, և եթե Բաքվին հաջողվի վերահսկողություն հաստատել ճանապարհի վրա, ապա «Մեղրիի միջանցքի» հարցով կսկսվի «բարտեր»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն