Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգը չի գործում, ընկերությունները չեն կարողանում հաշիվ-ապրանքագրեր դուրս գրել և հաշվտվությունների ներկայացնել։

Fin Leader հաշվապահական ծառայության տնօրեն Ելենա Ղալայանն ասում է, որ այս խնդիրն առկա է արդեն երկու ամիս։ «Հիմա մենք հաշվետվություններ ենք կազմում․ պետք է եռամսյակային և կիսամյակային հաշվետվություններ ներկայացնենք։ Արդեն երկրորդ շաբաթն է` ընդհանրապես ոչ հաշիվ է լինում գրել, ոչ ստորագրել»,- ասում է Ղալայանը։

Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է։ Դրանք չներկայացնելու դեպքում նախատեսված է վարչական տույժ՝ նվազագույնը 10 000 դրամ յուրաքանչյուր չներկայացրած հաշվետվության համար։ 

Հաշվապահական ընկերությունը առկա խնդրի համար կապվում է ՊԵԿ-ի տեխնիկական բաժնի հետ, որտեղից տեղեկացնում են՝ տեխնիկական խնդիր կա, փորձում են հնարավորինս արագ լուծել։

Ուշացրած հաշվետվությունների վարչական տույժը խնդրի մի կողմն է։ Համակարգի խափանման պատճառով բիզնեսը տուժում է։ Խանութներին չեն կարողանում ապրանքներ մատակարարել, քանի որ հաշիվ-ապրանքագրեր չեն կարողանում դուրս գրել համակարգի չգործելու պատճառով։ Արդյուքնում տուժում է բիզնեսը։ 

Ղալայանի հաշվապահական ընկերությունը ծառայություն է մատուցում 110-ից ավելի կազմակերպության, որոնք բախվում են այս խնդրի հետ։ Այս կազմակերպությունների թվում է Գևորգ Նալչաջյանի «Դուբայ» ՍՊԸ-ն։ «Երբ ուզում ենք  էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրեր գրել ու ստորագրել, լուրջ խնդիրներ ենք ունենում։ Աշխատակիցները օրը մի քանի անգամ կապվում են ՊԵԿ-ի հետ, չունեն հստակ պատասխան»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասում է գործարարը։ 

Յուրաքանչյուր հաշվի դուրսգրման համար ծախսում են երկար ժամանակ, մինչդեռ նորմալ պայմաններում օրական դուրս են գրում 35-40 հաշիվ։ Այժմ փորձում են նախորդ օրը երեկոյան հաշիվ-ապրանքագիրը պատրաստել, որ հաջորդ օրը առավոտյան առաքիչները կարողանան ապրանքը վաճառողին հասցնել։ 

Այս խնդրին արձագանքել է ՊԵԿ-ը։ Հուլիսի 13-ին տարածված պարզաբանման մեջ ասվում է․ «․․․վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով: Խնդիրը պայմանավորված է առկա սերվերային հզորություններով, որոնք տարիներ շարունակ թվային ծառայությունների մատուցման, դրանք հարստացնելու և ընդլայնելու արդյունքում չեն թարմացվել»։

Համակարգում մեծացել է հիշողության ծավալը, արդյունքում՝ ի հայտ են եկել խնդիրներ։ Սերվերային համակարգը հզորացնելու համար կազմակերպվել է մրցութային գործընթաց, ինչի արդյունքներն ամփոփվում են։ Կառավարության կողմից նախատեսվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նոր սերվերներ ձեռք բերելու համար։

Թե երբ ձեռք կբերվեն նոր սերվերները, ՊԵԿ-ից չհստակեցրին։ Ներկայում պարզ չէ նաև համակարգի խափանման պատճառով ուշացրած հաշվետվությունների համար վարչական պատասխանատվության համար ինչ լուծումներ են առաջարկվելու։ 

Արշալույս Բարսեղյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն