Հայ-ադրբեջանական շփման գծում այս գիշեր դարձյալ անհանգիստ է եղել: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի վաղ էլ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նույն ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա։

Ուշագրավ է, որ Ադրբեջանը սահմանային լարվածությունը մեծացնում է  բանակցությունների ինտենսիվությանը զուգահեռ։ Փորձագետնեը սա արդեն ծանոթ ու վտանգավոր մարտավարություն են համարում։

Ամերիկյան հաստատված բանակցությունները հետաձգելու խնդրանքից հետո պաշտոնական Բաքուն զանգ է ստացել Վաշինգտոնից: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի մանրամասները հայտնի չեն: Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։

Իսկ  հեռախոսազրույցներից և բանակցային սեղաններից դուրս Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական դիրքերի, հայ զինվորների և քաղաքացիների ուղղությամբ՝ ստեղծելով խաղաղության օրակարգին այլընտրանքային, զուգահեռ իրականություն:  Ըստ վերլուծաբանների՝ շտապում է ստանալ հնարավորինս շատ իր հաղթանակած վիճակից:

Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունները փաստում են, որ հունիսի 10 օրերի ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է գրեթե ամենօրյա ռեժիմով:

Բացառություն չէր նաև այս գիշերը: Նախօրեին ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Իսկ մինչ այդ կրակ էին բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Հայկական կողմում տուժածներ չկան:

Իսկ հունիսի 10-ին Ադրբեջանը կրակել է Արցախում: Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ «Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»:

Տարիների փորձը վերլուծաբաններին հուշում է՝ ցանկացած գործողությունից առաջ ադրբեջանական քարոզչական մեքենան նախ փորձում է համապատասխան տեղեկատվական ֆոն ստեղծել: Քաղաքագետներ Գուրգեն Սիմոնյանը և Սուրեն Պետրոսյանը համոզված են՝ Ադրբեջանը տրամադրություններ է շոշափում նոր գործողություններից  առաջ:

Գուրգեն Սիմոնյան․ «Դասական առումով ռազմական գործողությունների ընթացքում թշնամին փորձելու է շոշափել սահմանագոտու ամբողջ երկայնքը, որպեսզի հասկանա՝ որ կողմից կարող է իրականացնել ճեղքում: Ամենից ակնհայտ ուղղությունները անշուշտ Արցախի և Սյունիքի ուղղություններն են, որ հարավը պոկեն, բայց չի բացառվում, որ Տավուշում էլ գործողություններ սկսվեն»:

Սուրեն Պետրոսյան․«Որ լինելու է, առավել քան վստահ եմ: Այս պահին Արցախին ուղղված սադրանքները, միջադեպերը նպատակ ունեն ստիպել հայերին ավելի շուտ լքել Արցախը»:

Հայաստանի ընդդիմադիր դաշտում ավելի պարզ են արտահայտվում: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Բաքուն հող է նախապատրաստում հնարավոր ռազմական գործողությունների համար։ 

«Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախի պաշտպանության բանակի գոյությունն իր համար սպառնալիք է, և նա ամեն ինչ անելու է, ընդհուպ հատուկ օպերացիայի իրականացումը, Արցախն ապառազմականացնելու համար: Կարող են լինել լոկալ և որոշակի մասշտաբային գործողություններ, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում , որը, մի կողմից, ծառայում է որպես շանտաժ և ճնշում Հայաստանի իշխանությունների վրա ադրբեջանական օրակարգն ամբողջությամբ սպասարկելու և իրականացնելու համար, և Հայաստանի իշխանությունների կողմից այդ պահանջների չկատարման դեպքում ուժի կիրառման նպատակով»: 

Ամիսներ առաջ, դեռ մարտին բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի ստեղծած զուգահեռ իրականության մասին կառավարության նիստում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները նաև տեսանելի են գետնի վրա»:

Եթե դիտարկենք ոչ վաղ անցյալը, ապա Ադրբեջանը քարոզչական նման ֆոն էր ստեղծում, օրինակ, սեպտեմբերյան հարձակումից առաջ, երբ պարբերաբար Հայաստանին մեղադրում էր հրադադարի խախտման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն