70 մասնագետ աշխարհի 20 երկրներից․ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային եռօրյա համաժողովը լավ հնարավորություն է ծանոթանալու միմյանց փորձին՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք պայքարել արտակարգ իրավիճակներին զուգահեռ ի հայտ եկող հոգեբանական խնդիրների դեմ։ Հայ մասնագետները ներկայացրել են պատերազմից հետո ձևավորված հոգեկան առողջության պատկերը Հայաստանում։

«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը  Քովիդի շրջանում ֆեյսբուքյան ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում տվյալների մեծ բազա է հավաքել  սթրեսի, դեպրեսիայի, սոմատիզացիայի մակարդակի վերաբերյալ։ Արդյուքները մասնագետներին մտահոգել են։ Սակայն պատկերն ավելի է վատթարացել պատերազմից հետո՝ «Ռադիոլուրին» ասում է հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Բաղդասարյանը։

«Երբ մենք  կրկնեցինք հետազոտությունը պատերազմից հետո, թվերը կրկնապատկվել էին։ Միջին և բարձր սթրեսի մակարդակը 60 տոկոսի էր հասել, իսկ դեպրեսիայինը՝ 35-40-ի»։

2021 թվականին պետութունը սկսեց պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու ծրագիրը։ Պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ՝ 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման համար։ Ծրագրի շրջանակում 8 կազմակերպությունների միավորմամբ ստեղծված կոնսորցիումը հոգեբանական աջակցություն էր տրամադրում անհետ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողներին, ընտանիքի անդամներին, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին։ 1282 անձ հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրի շրջանակում հոգեբանական վիճակի թեստավորում է անցել։ Տվյալները «Ռադիոլուրին» ներկայացնում է Հոգեբանական հայկական գիտական միավորում ՀԿ անդամ Նարինե Խաչատրյանը։

«Հոգեբանական աշխատանքը արդյունավետ է եղել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ քաղաքացիական  անձանց ընտանիքի անդամների դեպքում, հետտրավմատիկ սթրեսային խանգարման  և հատկապես անցյալի հիշողությունների ու խուսափման ախտանիշների առումով։ Այս երկու տվյալների վերաբերյալ նշանակալի տարբերություն է արձանագրվել այդ հանդիպումներից։ Մյուս խմբերի պարագայում այդ  արդյունքները չեն եղել։ Մենք ստացել ենք տեղաշարժ, փոփոխություն, սակայն վիճակագրորեն նշանակալի արդյունքներ չեն եղել»։

Ծրագրին ներգրավվել է շուրջ 60 հոգեբան։ Նրանցից Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ ծանրագույն խնդիր էր զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը։ Ծրագրի ավարտին որոշել են կազմակերպության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով  մեկ այլ  ծրագիր իրականացնել, որով զոհվածների ծնողները և կանայք հոգեբանական գիտելիքներ կստանան ու իրենք կաջակցեն մյուսներին։

«Մենք այդ կանանցից պատրաստեցինք հավասար խորհրդատուներ։ Տվեցինք հոգեբանական գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան հավասարը հավասարին սկզբունքով օգնություն ցուցաբերել։ Այս պահին 13 հոգի աշխատում է,  ևս 15 հոգու ուսուցումն ավարտել ենք։ Մեր շուրջը հավաքվել են ուժեղ մարդիկ, որոնք կարողացել են, այդ ամենի միջով անցնելով, օգնել մյուս ծնողներին» ։

Հոգեկան առողջության խնդիրները Հայաստանում սրվել են՝ փաստում են մասնագետները։ Ավելացել են նաև հոգեբանական վիճակով պայմանավորված հիվանդություններն ու տրավմաները։ Մասնագետներն առաջնային օղակի բժիշկներին վերապատրաստելով են փորձել վերհանել խնդիրներն ու ուղորդել դեպի ճիշտ մասնագետը։ Ինչպես Լիլիթ Բաղդասարյանն է ասում, փորձել են հոգեբանին, հոգեբույժին այցելելու մշակույթ ձևավորել։ Սակայն խնդիր է նաև ֆինանսական գործոնը։ Հոգեբանական ծառայությունը պետպատվերի շրջանակում չի մատուցվում։ 2021-ին մեկնարկած 6-ամյսա ծրագիրն անվճար էր ու փոխեց պատկերը՝ ասում է հոգեբանը և հավելում՝ իրենց կազմակերպությունը շարունակում է անվճար ծառայություններ մատուցել, սակայն համալիր մոտեցում է անհրաժեշտ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն