Հուլիսի 4-ից ԱՄՆ-ում է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, նա  հանդիպել է Սպիտակ տան  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ, նրանց հետ  քննարկել անվտանգության ոլորտում հայ-ամերիկայն համագործակցությանը վերաբերող  հարցեր։ Հանդիպումներն ու քննարկումները դեռ շարունակվում են։

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին, այդ առումով կարևորել գործնական քայլերի ձեռնարկումը Մոսկվայի կողմից՝ հաշվի առնելով, որ տեղում առաքելություն են իրականացնում ռուս խաղաղապահները։ Միջազգային մեխանիզմների ներդրումը որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք ԱԽ քարտուղարն առանցքային է համարում։

Երկարատև այց ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում  համագործակցության հարցերի քննարկման օրակարգով․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներում  «Ամերիկայի ձայնին»  որոշ պարզաբանումներ է ներկայացրել անվտանգության օրակարգային հարցերի մասին, մասնավորապես՝ ընդգծելով  ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունն՝  ասել է, որ  նոր համագործակցությունը նոր դռներ կարող է բացել սակայն այս ուղղությամբ։ Այս հարցերը սիրում  են լուռ աշխատանք՝ նշել է  ԱԽ քարտուղարը։

Խաղաղության օրակարգի շուրջ վաշինգտոնյան, մոսկովյան ու բրյուսելյան հարթակներում քննարկումները փոխլրացնող են, օրակարգը՝ նույնը՝ բացատրել է նա․



«Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, նաև բանակցությունների մասով, որովհետև մեծ ջանք է ներդնում  առաջ մղելու համար, Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում,  իհարկե կան խնդիրներ, որ դեռ լուծված չեն,  բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:

Հայ-ադրբեջանական բանակցություններում, ըստ Արմեն Գրիգորյանի, կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծում չեն գտել։ Դրանցից առաջնայինն այն է, թե որ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի  սահմանազատումը։

«Վերջնական համաձայնություն չկա այս ուղղությամբ, բայց պետք է շարունակենք աշխատանքները, որ հենց  1975 թվականի քարտեզն օգտագործվի ու նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող  հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»:

Ղարաբաղյան խնդիրն, ըստ Գրիգորյանի,  երբեք չի եղել տարածքային վեճ, այսօր էլ բանակցությունները ընթանում են  ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցով ոչ թե տարածքների, իսկ արցախցիների  իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմների ներդրում, ինչը ենթադրում է միջազգային հանրության ներկայություն այդ բանակցություններում։ Ըստ ՀՀ ԱԽՔ-ի՝ առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի անվտանգության ապահովումն ու երաշխիքների ստեղծումը։

«Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի հակամարտության  հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»:

Այս ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաշինգտոնյան, մոսկովյան ու բրյուսելյան հարթակներում։ Հուլիսի 21-ին Բրյուսելում նախանշված  Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա ,թե երբ, Արմեն Գրիգորյանը չի հստակեցրել։

Նրա խոսքով՝ երեք հարթակներից արևմտյանն ավելի շահագրգռված է խաղաղության օրակարգի առաջ մղման հարցում, իսկ Մոսկվան ավելի կենտրոնացած է կոմունիկացիաների ապաշրջափակման վրա։ Մինչև ապաշրջափակումը, սակայն, Մոսկվայից այսօր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրագործման հարցում հետևողականություն դրսևորելու ակնկալիք կա։

«Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանցքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրենց առաքելությունը ամբողջությամբ իրականացնեն, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ»։

Արմեն Գրիգորյանը նաև հստակեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ լքելու օրակարգ  չկա, և  ՀԱՊԿ անդամ լինելը որևէ խնդիր չի հարուցում Երևանի համար, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են, ինչը շատ կարևոր է Երևանի համար և կա ակնկալիք, որ այդ խնդիրները նաև լուծում ստանան՝ ասել է ԱԽՔ-ն:

Ռուսական հարթակում արդիական ճանապարհների ապաշրջափակման հարցում, ըստ Արմեն Գրիգորյանի, ամենից շահագրգռվածը Հայաստանն է, քանի որ այն ենթադրում է «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում: Հայաստանը  ապաշրջափակման դեպքում  մաս կդառնա տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, ինչը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել՝ ըստ նրա:

«Հայաստանն առաջնորդվում է այս հարցում երեք սկզբունքներով, դա  սուվերենությունն է, յուրիդիկցիան և փոխադարձությունը, այն,  ինչ ակնկալում  ենք Ադրբեջանից, պատրաստ ենք մենք տրամադրել»։

Ապաշրջափակումը անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել, սակայն Ալիևի առավելապաշտական քաղաքականությունը հակառակ ուղղությամբ է փորձում տանել գործընթացը։

Տարածաշրջանում նոր պատերազմի հավանականություն միշտ կա՝ ասում է ԱԽՔ-ն ՝ հավելելով, որ Ադրբեջանը գնում է պատերազմի սանձազերծման ճանապարհով ։ Էսկալացիայի դեպքում, ըստ Արմեն Գրիգորյանի, ողջ պատասխանատվությունն Ադրբեջանինն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն