ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, պաշտոնական հարցում էի ուղարկել պաշտպանության նախարարություն` հասկանալու, թե այդ գումարով, 2018-2020 թ.ին, ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:

Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա հարցմանս չի արձագանքել ու սա այն դեպքում, որ մինչ այս պահը, իսկ ավելի կոնկրետ` մինչև վերոնշյալ գրությունը, տասնյակներով ՊՆ-ին ուղղված նամակներս անպատասխան չէին մնացել:

Պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող գրություններին ՊՆ-ն տարբեր ընթացակարգերով է պատասխանում` ելնելով այն հանգամանքից, թե դա ինչպիսի բնույթի տեղեկատվություն է` պարզ կարգով, գաղտնի բաժնի միջոցով կամ առաջարկվում է հարցման պատասխանին ծանոթանալ պաշտպանության նախարարությունում, սակայն այս դեպքում պատասխանը որևէ ձևով չի ստացվել:

Այս ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ խնդիրը ոչ թե կոնկրետ ՊՆ-ի ցանկության, այլ կառավարությունից իջեցված հրահանգի մեջ է, որով փորձ է արվում բլոկել այդ թեմայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

Կրկնում եմ` ՊՆ-ն նմանօրինակ բովանդակություն և գաղտնիություն ունեցող տվյալների հետ կապված այլ տեղեկություններ փակ ձևաչափով տրամադրել է, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա:

2018-20 ժամանակահատվածում փաշինյանական կառավարության խոշոր գնումները կապված են եղել ՍՈւ-30-ների ու Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ Օսա ԱԿ համակարգերի գնման հետ:

Այդ ընթացքում եղել են այլ գնումներ, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ինքս տեղյակ եմ եղել, բայց այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ:

Եղել է սպառազինություն և զինտեխնիկա, որոնց գնումը եղել է մինչև 2018 թ.-ի մայիս, իսկ 2018-20 թվերին դրանց մատակարարումն է իրականացվել:

Այնպես որ, ինչպես շատ հայտարարությունների դեպքում է լինում, հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն  խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն:

Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել:

Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն