Բաքվին անհանգստացնում է հայ–հնդկական ռազմական համագործակցությունը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ Երևանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկել էր պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը վերաբերող հարցեր, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներ: Հայ-հնդկական հարաբերություններում վերջին տարիներին ընդգծվել է ռազմական համագործակցության բաղադրիչը, ինչը մտահոգիչ է թվում Բաքվին։ Բողոքի նոտաներից վերջինն Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարն ուղղել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանին՝ հորդորելով վերանայել Հայաստանին զենք մատակարարելու մոտեցումը։
Ռազմական բալանսը փոխված է, Հայաստանն ու Ադրբեջանը հավասար դիրքերում չեն՝ Հնդկաստանից զենքի ձեռքբերման հարցում Բաքվից հնչող մտահոգ հայտարարություններին այսպես է արձագանքում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Ուզում է ցույց տալ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և որ Ադրբեջանին պետք է վերաբերվել վերապահումով , քանի որ 2020-ին հաղթել է։ Այսինքն՝ Բաքուն գնում է այդ ճանապարհով, որ իրեն տարածաշրջանում ընկալեն որպես լիդեր»։
Օրերս Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանին բողոքել է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումից։ Մտահոգություն է հայտնել, թե Հնդկաստանի կողմից Իրանի տարածքով զենքի մատակարարումն Հայաստանին այն ժամանակահատվածում, երբ բանակցություններ են ընթանում, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտներ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար»:
Ուշագրավ է, որ այս մասին խոսում է այն երկրի ներկայացուցիչը, որը 44-օրյա պատերազմից հետո երկու շաբաթը մեկ զորավարժություններ է անցկացնում, հսկայական գումարներ ծախսում բանակի զենք–զինամթերքի ձեռք բերման ուղղությամբ։
Վերջին տեղեկություններով Անկարան և Բաքուն արդեն հինգերորդ սերնդի Kaan կործանիչների ստեղծման գործում համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Նշվում է, որ այս գործակցությունը հնարավորություն կտա առաջին հերթին արդիականացնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։
Այս քայլերն անելով՝ Բաքուն «բոլոր խողովակներով անընդհատ փորձում է փակել Հայաստանի թե տնտեսական և թե ռազմական հնարավոր զարգացումները։ Նույնիսկ արդեն ներքին խողովակներով վստահորեն կարող եմ ասել, որ հնարավոր է ամեն ինչ անեն, որ Հայաստանի Հանրապետությունը Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական մերձեցում չունենա, և ընդհանրապես որևէ երկրի հետ ռազմական մերձեցում չունենա։
Նույնը վերաբերում է նաև տնտեսական մերձեցմանը։ Դրա վառ օրինակն է Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանը, որտեղ Ադրբեջանը անընդհատ գործողություններ է իրականացնում և փորձում է իր հայտարարություններով խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին»։
Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Դելին հայտարարեց, որ հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստանին։ Նշվում էր, որ Երևանի և Դելիի միջև մոտ 260 միլիոն դոլարի զենքերի ձեռք բերման շուրջ պայմանագիր է ստորագրվել։ Ըստ հնդկական աղբյուրների՝ հիմնականում մատակարարվելու էին հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ սպառազինության հարցում կարևոր են 44-օրյա պատերազմից քաղված դասերն ու ըստ դրանց արված վերլուծությունները։
«Եթե գնահատենք 44-օրյա պատերազմի հետևանքները, ապա Ադրբեջանն առաջին հերթին կարողացավ առավելություն ստանալ, երբ երկինքն ամբողջովին իրենն էր։ Հայկական կողմը հիմնականում բավարար չափով ԱԹՍ-ները խոցող զինատեսակների պակաս ուներ, և Ադրբեջանն այդ առավելությունը ստացավ։ Եթե փորձենք գնահատել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները, ապա ՌԴ–ի՝ երկնքում բացարձակ առավելությունը հնարավորություն է տալիս, որ իր հակառակորդի տեխնիկան անգամ մարտական գործողությունների թատերաբեմ չհասած խոցվի ու ոչնչացվի։ Այսինքն՝ երկնքի առավելությունը կարող է ճակատագրական լինել ցանկացած պատերազմի ելքի համար»։
Ինչ վերաբերում է Բաքվից հնչող մտահոգություններին, ապա դրանք հաշվի առնելը, ըստ փորձագետի, տեղին չէ։ Հայաստանի Հանրապետության իրավունքն է որոշել ինչ զենք ձեռք բերել և որ երկրից՝ ասում է Նահապետյանը։