Մեկ կյանք, մեկ լյարդ. Հայաստանի բնակչության 4 տոկոսը տառապում է Հեպատիտ C–ով
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք։ Գերակշռում են քրոնիկ վիրուսային Հեպատիտ B-ի և Հեպատիտ C–ի առաջացրած բարդություններից մահերը։ 2022 թվականից Հայաստանը որդեգրել է այդ հիվանդությունը վերացնելու քաղաքականություն, որի նպատակն է բուժառուի խնամքը և բուժման ծառայությունները ինտեգրելով մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդության տարածումը։ Այսօր նշվում է հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Հայաստանի Հանրապետության այս տարվա կարգախոսն է՝ «Մեկ կյանք, մեկ լյարդ»։
2022 թվականից «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձի բուժումը Հայաստանում անվճար է։ Մինչ այդ կալանավայրերում իրականացվել է միայն հիվանդության ախտորոշում, ասում է «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրեն Կամո Մանուկյանը։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս արագ թեստավորման միջոցով արձանագրվել է 350 դեպք։ Այս պահի դրությամբ 220 հոգի դեղորայքային բուժում է ստացել, 30 հիվանդ էլ բուժման փուլում է։
«Մոտ 80 ազատազրկված անձ արագ թեստավորման արդյունքում ունեցել է դրական պատասխան, և հիմա բոլորը սպասում են հետագա հետազոտություններին, որպեսզի ախտորոշման դեպքում ստանան դեղորայքը»։
Բուժումն իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Պարտադիր պայման չէ ազատազրկվածի՝ դատապարտյալների հիվանդանոցում գտնվելը, ասում է «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրենը․
«Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվում են այն դեպքում, երբ որ ունեն ծանրացած կամ բարդացած անամնեզ, այսինքն` հիվանդությունն ավելի ծանր են տանում։ Ծրագրի նպատակը նա է, որ մինչև տարեվերջ մեզ մոտ հաշվառված հիվանդները ստանան համապատասխան բուժում»։
ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար՝ 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ դա կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև, Հեպատիտ B-ի դեպքում` պատվաստման միջոցով:
Հայաստանում և՛ պատվաստում, և՛ բուժում իրականացվում է։ 1999 թվականից Հեպատիտ B–ի դեմ սկսված պատվաստումներն ազդել են հիվանդության տարածվածության վրա` ասում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը․
«ԱՀԿ–ի հետ իրականացրել էինք գնահատում, թե մեր բնակչության որ տոկոսի մոտ է տարածված։ Մեր բնակչության 4 տոկոսն ունի Հեպատիտ C։ Այս ցուցանիշը մեզ համար ուղենիշ դարձավ, որպեսզի ավելի ակտիվացնենք թեստավորման գործընթացը։ Նաև մոդելավորում արեցինք, թե տարեկան քանի անձ պետք է բուժում ստանա, որպեսզի մենք կարողանանք էլիմինացիայի թիրախներին հասնենք»։
Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ սկսելը և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկանների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է, ասում է փոխնախարարը։ Առողջապահության նախարարությունը հեպատիտով հիվանդների բուժումը սկսել է փոքր թվերից։ Եթե առաջին տարում անվճար դեղորայք է հատկացվել 500 վարակակրի, ապա 2023 թվականին արդեն դեղորայք ձեռք է բերվել 1800 բուժառուի համար:
«Ինչքան ավելի շատ մարդու ընդգրկենք բուժման մեջ, ոչ միայն կփրկենք նրանց կյանքը, այլ նաև կնպաստենք, որ տարածումը կանխվի»։
Հեպատիտ C–ի բուժման գործում առաջընթացը նոր ազդեցությամբ հակավիրուսային դեղերի ձեռքբերումն է, ասում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։ 95 տոկոս արդյունավետություն ապահովող դեղորայքը հնարավորություն է տալիս լիովին ապաքինվել լյարդի ցիռոզ, առաջնային քաղցկեղ առաջացնող հիվանդությունից։ Պարզապես անհրաժեշտ է անվճար թեստավորումներ անցնել․
«ԱՆ-ն իրականացնում է ակտիվ թեստավորումներ թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կլինիկաների միջոցով՝ այցելելով մարզեր։ Թեստավորում են ինչպես հեպատիտների, այնպես էլ ՄԻԱՎ–ի նկատմամբ։ Հայտնաբերված նախանական դրական դեպքերը կրկնակի թեստավորվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որտեղ ևս մեկ անգամ թեստավորվում են վերջնական պատասխանի համար և ուղղորդվում են բուժման։ Բուժումն ու ախտորոշումն անվճար է»։
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով Հայաստանում մեկնարկում է «Մեկ կյանք, մեկ լյարդ» արշավը, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների մասին իրազեկությունը։