Դեսպաններն իրենց աչքով են տեսել դեպի Արցախ հումանիտար բեռների արգելափակումը. ի՞նչ կանեն նրանք՝ հայտնի չէ
Արդեն երրորդ օրն է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Արցախ ուղևորված հումանիտար ավտոշարասյունը Կոռնիձորի հայկական անցակետում է։ 361 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող 19 բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Ադրբեջանը, սակայն, արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, որ Հայաստանը սադրանք է իրականացնում։ Կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դեսպաներն են այսօր այցելել Կոռնիձոր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ. հումանիտար բեռով 19 բեռնատարներն արդեն երրորդ օրն է Կոռնիձորի հայկական անցակետում են։
Հայաստանի կառավարության հրավերով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն են այսօր այցելել Սյունիք։
«Շնորհակալ եմ, որ եկել եք տեղում տեսնելու, գնահատելու և հասկանալու իրավիճակը. Տասնյակ հազարավոր մարդիկ քաղցած, դեղորայքի անհրաժեշտություն ունեցող մարդիկ այն կողմում են, բեռները՝ այս կողմում»։
Սյունքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիվանագետներին ընդհանուր գծերով ներկայացրեց իրավիճակը։
«Ամբողջ երկայնքով կամրջի մոտ տեղակայված են իրենց զորքերը և խորությամբ՝ նույնպես։ Ես վերլուծությունները թողնում եմ Ձեզ, հարգելի գործընկերներ»։
Արդեն 8 ամիս Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ 42 օրից ավելի է, ինչ թույլ չի տալիս հումանիտար որևէ բեռի մուտք Արցախ։ Դեսպաններին Սյունիքում ուղեկցում էր ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նրա գնահատմամբ՝ այս պահի դրությամբ հումանիտար բեռները Ստեփանակերտ հասցնելու հարցում դրական որևէ զարգացում չկա։
«Մենք շարունակելու ենք աշխատանք տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին տարբեր գործընկերների կողմից եղել են, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանին, այլ՝ քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և, ընդհանրապես, մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»։
Հայաստանին հասու քաղաքական բոլոր գործիքներով փորձելու են հասնել այդ խնդրի լուծմանը՝ ասաց փոխարտգործնախարար Կոստանյանը՝ արձագանքելով լրագրողների հարցերին, մասնավորապես, արդյո՞ք Հայաստանը կդիմի ՄԱԿ-ին՝ ունենալով Լաչինի միջանցքի բացումը պահանջող Հաագայի դատարանի երկու հայտնի վճիռները։
«Հայկական կողմը դիտարկում է մեր դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցները պատշաճ պահին ըստ անհրաժեշտության իրացնելու հնարավորությունները»։
Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին է հասել է Լաչինի միջանցք: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն։ Ինչո՞ւ նախապես չի ստացվել ռուս խաղաղապահների վստահեցումը, որ հումանիտար օգնությունը կհասնի Ստեփանակերտ։
«Նպատակը ԼՂ-ում 120 հազար մարդկանց՝ հայերին, հումանիտար օգնություն տրամադրելն է, որոնք արդեն 7 ամիս գտնվում են շրջափակման մեջ, իսկ հումանիտար ճգնաժամը ժամ-ժամի վատթարանում է ԼՂ-ում։ Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը»։
ՀՀ կառավարության կողմից ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարներն ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ աղերս չունի՝ դեսպաններին ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը և հույս հայտնել, որ եվրոպական մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով։