Այսօրվա մի առիթով, բայց շատ երկար ստացվեց, գրեթե հոդված, էնպես որ կարող եք ալարել ու չկարդալ 

Նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում արեց մի հայտարարություն՝ պատերազմը կանգնեցնելու հետ կապված, որի վերաբերյալ ոչ ուղիղ, սակայն համատեքստային դիտարկումներ արել եմ պատերազմից անմիջապես հետո, մասնավորապես պարբերաբար ուշադրության արժանացնելով նոյեմբերի 9-ի երեկոյան ռուսական ուղղաթիռի խոցումը Երասխից:

Դավիթ Տոնոյանն ասում է, որ այդ պատերազմն իր բնույթով ու մասշտաբով այնպիսին էր, որ ինչ որ թղթերը, պայմանավորվածությունները կանգնեցնելու ունակ չէին, կարող էր կանգնեցնել միայն այլ ուժի միջամտությունը, բավականին թափանցիկ ակնարկելով, որ դա ռուսների խաղաղապահ՝ «խաղաղություն պարտադրող» ուժն էր:

Թե ինչ տարածված վարկած կա պատերազմի առնչությամբ, շատ հայտնի է, կրկնվում է առ այսօր: Իմ վարկածը եղել է այլ, շարունակում է լինել այլ, ու թեեւ տրենդային չէ, ու նաեւ տարածված քարոչզական տրենդների «բովում»՝ «դժվար» ընկալելի, բայց շարունակում եմ կարծել, որ դա պատերազմ էր նաեւ Կովկասում Ռուսաստանի դիրքերի դեմ:

Ինչ խոսք, քարոզչական «բովում» իմ կարծիքը դիտարկվում է «կրեմլահպատակ», որովհետեւ ես համարձակվում եմ իրավիճակը դիտարկել տաարածված նարատիվներից դուրս: Ընդ որում, դա բացարձակապես չեմ անում ռուսներին արդարացնելու կամ «մաքրելու» համար: Նրանք իրենց կովկասյան քաղաքականությամբ այնպես են կեղտոտվել, ու այնպես են շարունակում կեղտոտել իրենց, որ անգամ 30 միլիոն հայ ժողովուրդն էլ նրանց մաքրելու գործով զբաղվելով, չի կարող հասնել արդյունքի:

Բայց, տվյալ դեպքում իմ գլխավոր խնդիրը ես դիտում եմ հասկանալը, թե ինչ կատարվեց, որպեսզի կարողանանք նաեւ հասկանալ՝ դաս քաղելով նաեւ մեր (իմ) սխալներից, թե ինչ կարող է կատարվել հետագայում: 

Այո, այս պատերազմը ավարտվել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, բայց այն ռուս-թուրքական պայմանավորվածությամբ չէ, որ սկսվել է: Այն սկսվել է թուրք-ադրբեջանա-իսրայելական հանդգնությամբ, որը վայելել է ՆԱՏՕ հավանությունը, որովհետեւ դրա աշխարհաքաղաքական խնդիրը եղել է Ռուսաստանին առավելագույնս հեռացնել Իրանի հետ սահմանից: Իհարկե ռուսները այնտեղ չունեին ֆորմալ ներկայություն, բայց, հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան կապը, հայկական վերահսկողությունը բնականաբար դիտարկվում էր ռուսական վերահսկողության «տարբերակ»:

Իհարկե դա հուսալի տարբերակ չէր եւ դրա համար էլ Մոսկվան հղացել էր կազան-լավրովյանը, որպեսզի մի քանի տարածքներ հանձնելով Ադրբեջանին, ապահովի արդեն անմիջական ֆորմալ ռուսական ներկայություն՝ խաղաղապահների տեսքով, բայց, ոչ թե Ստեփանակերտի «փոսում», այլ նախկին ԼՂԻՄ սահմանով, այսինքն նաեւ Հադրութում ու Շուշիում:

Բայց, ինչու՞ այդ որեւէ տարբերակին գործնական հավանություն չէր տալիս Բաքուն, թեեւ թվում էր, որ նրա համար վատ տարբերակներ չեն: Որովհետեւ, այդ տարբերակներից դուրս էր մնում Թուրքիան, դուրս էր մնում ՆԱՏՕ-ն: Իսկ Ադրբեջանը չէր կարող գնալ այդպիսի մի հավանության, եւ ոչ միայն այն պատճառով, որ չէր կարող թռչել Թուրքիայի գլխի վրայով, այլ՝ որովհետեւ իր շահից էլ չէր բխխում կորցնել Թուրքիայի, եւ դրա միջոցով նաեւ ՆԱՏՕ աշխարհաքաղաքական աջակցությունը:

Պատերազմի հինգերորդ օրը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա, կարծեմ եռօրյա այցով, եւ այդ ընթացքում նա որեւէ անգամ հրապարակավ չի խոսել Թուրքիայի ներգրավման, միջամտության անթույլատրելիության կամ անընդունելիության մասին, թեեւ կասկածից վեր է, որ նա հիանալի գիտեր դրա մասին: Ընդգծեմ, ՆԱՏՕ-ն այդ ամենը դիտարկում էր իհարկե ոչ թե մեր դեմ, այլ՝ Ռուսաստանի, Իրանի, իսկ ավելի հեռահար ու լայն իմաստով՝ Չինաստանի:

Ինչու՞ պատերազմը կանգնեց ոչ թե Շուշիում, այլ՝ Ստեփանակերտում: Շուշին ռազմա-քաղաքական այդ գոտու ռազմավարական եւ հոգեբանական կետն է: Խոսքը «անառիկության» մասին չէ:: 21-րդ «անառակ» դարում չկա անառիկ ոչինչ: Խնդիրն այն է, որ Շուշիի վերահսկողությունը պատմա-քաղաքական, էթնոհոգեբանական «խարիսխ» է դառնում տվյալ սուբյեկտի համար, միաժամանակ ընթացիկ մարտավարական իմաստով դառնում է գերակա ռազմական դիրք: Շուշին հանձնվել է դավաճանաբար, թե՞ անկարող ենք եղել կազմակերպված պաշտպանել, ես չեմ կարող ասել, եւ շատ կուզեմ իմանալ, բայց փաստ է, որ ռուսական ներկայությունն «իջեցրել» են Շուշիի ներքո եւ դրա վրա «կարգել» Թուրքիայի ներկայություն:

Դրա համար է, օրինակ, որ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում իրադարձությունների եւ միջադեպերի հանդեպ խիստ ժլատ արձագանքով Ամերիկայի ձայնը՝ բնականաբար հայկական ծառայության բացառությամբ, անմիջապես ուշադրության արժանացնում Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու Էրդողանի հայտարարությանը, որ հնչեց Թուրքիայում ընտրությունից հետո Ադրբեջան կատարած նրա այցի ընթացքում:

Բայց, կասկածի տակ էր հայտնվել նույնիսկ ռուսների Ստեփանակերտում մնալը: Երբ, օրինակ Շայգուն հայտարարում է, թե թուրքերի հետ «բարդ օպերացիա« իրականացրին, խոսքը հենց այդ մասին է, որ շատ բարդ էր նրաանց այնտեղ կանգնեցնելը, երբ ըստ էության ճանապարհը բաց էր դեպի Ստեփանակերտ: 

Եվ այստեղ է ուշագրավ ռուսական ուղղաթիռի առեղծվածային խոցումը, որը փաստացի Ռուսաստանին տալիս էր միջամտելու լեգիտիմ առիթ: Հենց դա հասկացավ Բաքուն, որ անմիջապես, առանց հապաղելու ներողություն խնդրեց կատարվածի համար, ու թերեւս հենց դրանից հետո էլ համաձայնեց կանգ առնել՝ իհարկե ննաեւ Թուրքիայի համաձայնության, որն էլ այդ համաձայնության դիմաց ստացավ ոչ միայն ներկայության ամրագրումը Շուշիում, այլ նաեւ Աղդամում ռուսների հետ այդ մոնիտորինգի կենտրոնը:

Ըստ ամենայնի, ռուսները պարզապես փոխանցել են թուրքերին, որ, եթե կանգ չառնեն եւ դնեն իրենց ամբողջապես դուրս թողնելու հարց, ապա այյլեւս չունենալով կորցնելու բան չեն վարանի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական կոնֆլիկտի հարցում, որից ամեն գնով խուսափում են սակարկության միջոցով եւ ակնկալիքով: 

Ընդ որում, այս հանգամանքը ուշադրության է արժանի թերեւս նրանով, որ այսօր ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունում մի իրավիճակ է, որը թողնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից «կիսատ» մնացած գործընթացի վերբեռնում՝ ռուսներին ամբողջությամբ դուրս մղելու առումով: 

Մղում են, թող մղեն, մեր խնդիրն այն է, որ դա տեղի չունենա մեր հաշվին, Արցախի հաշվին, որովհետեւ մենք ոչ դուրս մղողն ենք լինելու, ոչ՝ պահողը: Մեր խնդիրն է չլինել նրանց գնալու կամ մնալու համար վճարողը: Բայց, այստեղ է, որ կարեւոր է ամբողջության մեծ հասկանալ տեղի ունեցողը, որպեսզի մեր խնդրի լուծումները չփնտրենք պարզունակ պատկերացումներով, թե կան ինչ որ ավելի փրկիչ ուժեր, որոնք պատրաստ են կտրել Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքը, եթե այն կբարձրանա մեր վրա:

Մինչդեռ, այստեղից ռուսներին դուրս մղելը կամ այստեղ ռուսներին ռազմավարական պարտության մատնելը անհնարին է առանց մեր վրա ձեռք բարձրացնելու: Հետեւաբար, նրանք, ովքեր ունեն այդպիսի խնդիր, եւ դրան գումարած նաեւ խնդիր Չինաստանի ու Իրանի առնչությամբ, մեզ աջակցելու են միայն «խորը մտահհոգություններով», բայց գործնականում չեն խանգարելու իրենց ռազմավարական խնդիրները լուծելու՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործին:

Այստեղ գալիս ենք շատ պարզ եզրահանգման, որ պետք  է դուրս գալ այդ «արանքից»: Բայց, որքան դա պարզ, նույնքան էլ պարզունակ է իրական քաղաքականության իմաստով, որովհետեւ դրանից չի փոխվում խնդրի էությունը: Պարզապես, այս դեպքում մեզ պատժողը լինելու է Ռուսաստանը՝ եւ դարձյալ Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, ու ոչ ոք չի խանգարելու դրան, որովհետեւ այդ հանգամանքը լինելու է հենց Ռուսաստանի ռազմավարական պարտության տանող «այլընտրանքային»  ճանապարհը:

Մեծ հաշվով, ինչպես որ մենք ենք փակ շրջանի մեջ, նույնքան եւ գուցե ավելի՝ ռուսները: Բայց, բնականաբար խիստ տարբեր են մասշտաբի «էֆեկտները»: Եվ, այն, ինչ ռուսների համար կարող է օրինակ դիտարկվել եւ հաշվարկվել տակկտիկական նահանջի տրամաբանության մեջ, ինչը եղել է գոնե մի քանի անգամ, մեզ  համար չափվում է պարզապես ցեղասպանության ու էթնիկ զտման, պետականության կորստի «տրամաբանությամբ»:

Ու սրա վրա կառուցվում է երկակի խաղը մեր դեմ: Ռուսները «կառուցում» են «թեզը», թե՝ մենք գնում ենք, դուք ցեղասպանվում եք, եւ կփրկվեք, միայն մեր լինելու դեպքում, իսկ նրանց հակառակորդները կամ մրցակիցները կառուցում են «թեզը», որ՝ ռուսները ձեզ հանձնում են, որ հետո գան տիրեն որպես փրկիչ:

Ու արդեն դար է, ինչ մեր դեմ գործում են ահա այս երկու «թեզերը», իսկ մենք դրանցից դուրս գալու գործնական, խորքային ուղիներ, մեթոդաբանություն, մոտեցումներ փնտրելու, գտնելու, մշակելու փոխարեն զբաղված ենք դրանիցից «լավը»  ընտրելու եւ այդ ընտրության համար միմյանց «բզկտելու»  գործով: Գործ,  որը մի չբարձրաձայնված նվազագույն «կոնսենսուսն» է այդ երկու հակադիր «թեզերը» կրող խոշորների միջեւ:

Այստեղ սակայն կատարվում է մեկ այլ եզրահանգում՝ «բոլորի վրա թքած ունենալու», «բոլորի նույնը լինելու» եզրահանգումը, ինչը եւս հակաարդյունավետ ծայրահեղություն է: 

Որովհետեւ, բոլորի վրա թքած ունենալու փոխարեն, մենք պետք է կարողանանք ունենալ բոլորի հետ աշխատելու ճկունությունը, ինչի համար մեզ պետք է ներքին պրիմիտիվ բզկտոցի «ճարտարապետությունը» փոխարինել ներքին տարբերությունների բարդ ինստիտուցիոնալացման, չլինել հասարակություն, որին հնարավոր է կառավարել մեկ-երկու տարածված նարատիվներով, երկու ծայրահեղությունների պարզմիտ տեխնոլոգիաներով:

Կարողանանք ճանաչել միմյանց տարբերությունները եւ մեր կենսագործունեությունը կառուցենք այդ ճանաչողության վրա, այլ ոչ թե տարբերությունների մերժման: Եվ այդ միջոցով, փորձենք աշխատել արտաքին տարբերների հետ եւ մեր հարցում նրանց վերը նկարագրածս «թեզերի» վրա եղած «կոնսենսուսը», վերափոխենք արդեն քաղաքականապես ավելի առարկայական եւ բովանդակային կոնսենսուսի:

Հ.Գ. թախանձագին խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում չներկայանալ վերը նկարագրածս պարզունակ նարատիվներով, եթե անգամ համոզված եք, որ այս երկար շարադրանք է իրականում պարզունակ անմտություն (գուցե եւ իրավացի եք):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն