Աշխարհի տարբեր երկրներում նոր թափ են ստանում հայ համայնքի ցուցերն ի պաշտպանություն Արցախի։ Ցուցարարները հստակ ասելիք են ուղղում միջազգային դերակատարներին՝ կոչերից անցնել գործնական քայլերի։ Մինչ Ադրբեջանը արցախահայությանը մատնել է սովի, միջնորդները շարունակում են խոսել խաղաղության հնարավորության մասին, մինչդեռ այստեղ էլ՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին առաջանում են նոր երանգներ։

Արցախի օրեցօր վատթարացող վիճակին զուգահեռ պաշտոնական Վաշինգտոնը հերթական անգամ հայտարարել է, թե հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում այսպես է արձագանքել Ռուսաստանից հնչող դիվանագիտական գնահատականներին, թե «հապճեպ» պատրաստված, «հում» պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի․

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի հեճուկս այլ երկրների մեկնաբանությունների, որոնք այս հակամարտության կողմ չեն, խաղաղության համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել նրանց հետ այս նպատակը հետապնդելով»։

Այս կեցվածքը, սակայն, չի խանգարում Միլլերին խոսել  հակամարտության կողմ չհանդիսացող մեկ այլ երկրի՝ Թուրքիայի դերակատարության մասին։ Միլլերը հաստատել է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը: Սակայն Միլլերը չի ցանկացել ավելի բաց ներկայացնել զրույցի բովանդակությունը․

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ՝ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում»։

Թե ինչ արդյունավետություն է պատկերացնում Միացյալ Նահանգները Թուրքիայի պարագայում, դեռ պարզ չէ, բայց գոյություն ունի փաստ․ առաջիկա բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների օրակարգերի ուսումնասիրությունը, ըստ տարբեր աղբյուրների փաստում է, որ օգոստոսի վերջին ծրագրված Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների զրույցի թեմա է դառնալու նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջնացքը»։ 

Մինչդեռ ամերիկահայերը Միացյալ Նահանգներին կոչ են անում իրական բարեկամություն ցուցաբերել․ «Մեր բոլորիս պայքարն է, որպեսզի ԱՄՆ–ն  պատվիրակություն ուղարկի Արցախ, Լաչինի միջանցք, որպեսզի բացվեն ճանապարհները»։

Ցուցարաները դեռ առաջին գիշերն են լուսացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։ Նրանք խոստանում են ակցիան շարունակել մինչև դրական պատասխան ստանալը։ Կոնգրեսականը իրավիճակին արձագանքել է ֆեյսբուքյան գրառումով։ Նա նշել է, որ միշտ անսասան է եղել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իր հանձնառության մեջ՝ դատապարտելով հրադադարի խախտումները, հանդես գալով հայ ռազմագերիներին ազատ արձակելու օգտին, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

«Եթե մենք իսկապես կողմ ենք ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և հանդես գանք էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքների դեմ, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։ Ես կոչ եմ արել նախագահ Բայդենին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար»։

Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

Իր գործունեության համար ադրբեջանական վիրտուալ հարձակման է ենթարկվել նաև «Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը։ Նա տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։

Նա գրել է․ «Ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Եվ ես կշարունակեմ գրել Twitter-ում»։

Իսկ միջազգային կոչերի և հայտարարությունների զուգահեռ իրականության մեջ Արցախը փորձում է կանգնուն մնալ և հայտարարում է հետագա պայքարի վճռականության մասին։ Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը, ձևակերպելով իշխանության հետագա անելիքները, առաջին հերթին կարևորել է խորհրդարանական դիվանագիտության բոլոր կապերի վերականգնումն ու աշխատանքի ակտիվացումը այդ ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հետ հետագա աշխատանքը և եռամիասնության ամրապնդումը․

«Հարցերի հարցը Արցախ–Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում՝ միջխորհրդարանական համագործակցությունը։ Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին։ Համոզված եմ, որ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը։ Շատերի մոտ է ձևավորվել կարծիք, որ ՀՀ–ն իր ձեռքերը լվացել է Արցախից։ Իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է նոր ուղիներ ու գործընկերներ փնտրենք։ Ուզում եմ վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղված են լինելու 1988–ին որդեգրած, ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը։ Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել որպես մարտավարական քայլեր»։ 

Իր այսօրվա քայլի համար Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտրել էր ֆեյսբուքյան հարթակը։ 7 կետով և կատարված աշխատանքները վկայակոչելով, պետնախարարը պատասխանել է այն մեղադրանքներին, որոնք համարում է ոչ թե պետական մարմինների քննադատություն կամ դժգոհություն, այլ ատելության և թշնամանքի սերմանում և կեղծ հեղինակության ձեռքբերման փորձ։ Մյուս կողմից  ընդունում է, որ Արցախի համար բարդ պայմաններում արձանագրվում են անթույլատրելի դեպքեր։ Ներսիսյանը, մասնվորապես, հաստատել է, որ շուկայում իրացվող ապրանքների գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում վերավաճառքով: Պետնախարարը մեկ օր է տվել մսամթերքի իրացման գները կարգավորելու համար, ինչից հետո, անհրաժեշտ արդյունքը չլինելու դեպքում, դիմելու է կոշտ քայլերի:

Ամեն դեպքում, օրինակ, Հայաստանի ընդդիմադիր դաշտից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շարունակում է իր դժգոհությունը արտահատել Արցախի պետական կառույցներից՝ համարելով, որ Արցախի պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն