Երեկ Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով մեղադրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին "իր տված խոսքը չպահելու" ու "հրաժարական չտալու" համար: 

Վարդանյանը մի քանի ուշագրավ հայտարարություն էլ է արել. 

1. նախ, որ մոտ 1 շաբաթ առաջ 8 մարդու մասնակցությամբ ինչ-որ հանդիպում է եղել, որտեղ էլ ըստ նրա տրվել է այդ խոստումը, 

2. երկրորդ ուշագրավ պահը վերաբերում է նրան, որ տեսաուղերձում հնչել է նաև տխրահռչակ Միկա Բադալյանի անունը, որը շոշափվել է Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան հարաբերություններում: Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Արայիկ Հարությունյանն իրեն մեղադրել է Միկա Բադալյանին ինչ-որ տեղեկություն փոխանցելու մեջ, ինչի համար էլ Ռուբեն Վարդանյանը արդարանում էր, թե ինքը նման բան չի արել: Հիշեցնենք, որ գրեթե այդքան ժամանակ առաջ էլ կրեմլյան շահերի այդ ներկայացուցիչը հայտարարել էր դեպի Հակարի կամուրջ շարժվելու ու այնտեղ բողոքի ակցիա կազմակերպելու իր աշխարհացունց մտադրությունների մասին: Արդյո՞ք նա պետք է Հակարի կամուրջին մոտենար Հայաստանի՞, թե՞ Արցախի կողմից /երկու դեպքում էլ ռուս խաղաղապահների թույլտվությունը պարտադիր էր/, հայտնի չէ: Բայց հակված եմ կարծել, որ Արայիկ Հարությունյանի մեղադրանքը Ռուբեն Վարդանյանին կապված է եղել ավելի շատ մեկ շաբաթ առաջվա հանդիպման ընթացքում իր իբրև թե մոտալուտ հրաժարականի լուրը Միկա Բադալյանին փոխանցելու մեջ, քանի որ վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրը հրապարակ նետվեց հենց հիբրիդային կայքերի կողմից: 

3. Եվ վերջինը, Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իր պաշտոնանկության հարցում Արայիկ Հարությունյանը շահագրգռված է եղել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ արդեն Շուշիի մոտակա հատվածում Ալիևի էկոտեռորիստները ռուս խաղաղապահների հետ զուգախաղով փակել էին Լաչինի  միջանցքը....

Այս հրապարակված փաստերի վերլուծությունը անհրաժեշտ է կատարել մեկ շաբաթ և անգամ՝ մի փոքր ավելի առաջ տեղի ունեցած զարգացումների համատեքստում, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչի հետ գործ ունենք:

Հենց այդ շրջանում էր, որ ռուսական Կոմերսանտը անանուն աղբյուրով մեղադրեց Արցախի իշխանություններին Արցախի ապաշրջափակման Լավրովի պլանը մերժելու մեջ: Իսկ դա մեղադրանք էր ուղղված Արայիկ Հարությունյանին: 

Դրանից մի փոքր առաջ էլ կրեմլյան Ռիա նովոստին էր մեղադրել Արցախի ԱԳ նախարարին, թե նա Վաշինգթոնի պլանների առաջ մղման առաջամարտիկ է. հիշեցնենք, որ սա էլ այն շրջանում էր, երբ Պուտինն Ալիևի ձեռքերով կարողացավ տապալել նախ Սոֆիայում, ապա Բրատիսլավայում պլանավորված Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը /որին Ստեփանակերտը նախնական համաձայնել էր/ դրա այլընտրանք ներկայացնելով Եվլախում հանդիպումը... 

Ակնհայտ է, որ ըստ կրեմլյան պրոպոգանդայի մեղադրանքի և վերջերս ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչի բարձրաձայնման՝ Ստեփանակերտը մերժել է Եվլախի հանդիպումը, որը կազմակերպում էին Ռուսաստանն ու Ադրբեջանը, և համաձայնություն է տվել թե՛ Սոֆիայի, թե Բրատիսլավայի հանդիպումներին, որը կազմակերպում էր Արևմուտքը, ինչի համար էլ այս մի մեղադրանքն էլ ուղղված էր Արայիկ Հարությունյանին, որն արտահայտվում էր Արցախի ԱԳ նախարարին ուղղված մեղադրանքով...

Այսինքն, ակնհայտորեն Ստեփանակերտ-Մոսկվա հարաբերությունները վերջին ամիսներին բավական լարված են եղել և մնում, որի արդյունքում Կրեմլը մեղադրել է Արայիկ Հարությունյանին այլ՝ "թշնամական" դաշտում խաղալու մեջ, ու, բնականաբար, շահագրգռված է եղել նրա հրաժարականի հարցով: 

Թերևս սա նաև բացատրում է անցած ամիսներին Ստեփանակերտում Մոսկվային լոյալության ապացուցման որոշ հարկադրված դրսևորումներն ու ակցիաները, որոնք զայրույթ բարձրացրեցին Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: 

Սակայն իրողությունն այն է, որ Արցախում ու Հայաստանում հիբրիդային գործիքներն այնպիսի կարծիքներ էին ձևավորել Մոսկվայում, թե Արայիկ Հարությունյանը ուղեծրից դուրս է եկել...

Քանի որ Ռուբեն Վարդանյանը մատնել է, որ իր պաշտոնակությամբ Արայիկ Հարությունյանը շահագրգռված է եղել դեռևս դեկտեմբերին, դա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը գիտակցել է, որ որքան վաղ Բաքվին պարտադրվի Ստեփանակերտի հետ միջազգային մեխանիզմով երկխոսությունը, այնքան համեմատաբար լավ դիրքերում կլինի Արցախը՝ այդ ժամանակ դեռևս միջանցքը փակ չէր հումանիտար բեռների, Կարմիր խաչի ավտոմեքենաների համար, Արցախում էլ սովն այսօրվա մակարդակին չէր... 

Իսկ որևէ այլ երկրի մայրաքաղաքում Ստեփանակերտի հետ Բաքվի երկխոսության տապալման համար Ալիև կողմից բերված ֆորմալ, ձևական խոչընդոտ էր հայտարարվել Ռուբեն Վարդանյանի պետնախարար լինելը... Իհարկե, ինչպես պարզ դարձավ քիչ անց, դա բավական կազմակերպված պաս էր Ալիևին, որպեսզի նա այդ պատրվակով ժամանակ շահի, այդ պատրվակն էլ միանգամայն Արևմուտքի սրտով լինի, մինչդեռ օպերացիան ռուս-ադրբեջանական էր... 

Իսկ Ռուբեն Վարդանյանին ու Ռուսաստանին զայրացրեցին, որ պաշտոնական Երևանը հրաժարվեցին տեր կանգնել Ռուսաստանի նշանակմանը, հայտարարելով, որ իրենք որևէ առնչություն չունեն Ռուբեն Վարդանյանին Արցախում բանակցորդ նշանակելու հետ... 

Դրանից հետո անցած տարեվերջին՝ դեկտեմբերին, Մոսկվայում Լավրովն էլ ստիպված եղավ Բայրամովի առաջ հրապարակային հրաժարվել Ռուբեն Վարդանյանին նշանակելուց, թեպետ Կրեմլում ցանկանում էին, որ իրենց այդ որոշման պատասխանատվությունը ստանձնի դրա հետ կապ չունեցող Երևանը, այդպիսով ստանձնելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում շահագրգռված չլինելու պատասխանատվությունը...

Այս ամենից զայրացած Ռուբեն Վարդանյանը սկսեց մեկ հայտարարել, թե միջանցքը այնքան էլ փակ չէ՝ կիսաբաց է, իսկ հետո էլ հայտարարել, թե միջանցքի փակ լինելու մեջ հավասարապես մեղավոր են Ադրբեջանն ու Հայաստանը՝ ընդգծելով, թե այլ քայլերի ակնկալիք ունի Երևանից... Թե որո՞նք էին դրանք, Ռուբեն Վարդանյանն այդպես էլ չմանրամասնեց... 

Իհարկե, այդ ամենն ավարտվեց Ռւոբեն Վարդանյանի հրաժարականով, որին հաջորդեցին վաշինգթոնյան բանակցությունները, Սոֆիայում, ապա Բրատիսլավայում Ստեփնակերտ-Բաքու հանդիպումների պլանավորումը, որոնք ձախողվեցին Ադրբեջանի կողմից, իսկ այդ թնացքում ապրիլին Հակարիի վրա հայտնվեց ադրբեջանական անցակետը, դրոշի սադրանքը,  ընդհուպ Ռուսաստանի կողմից մեղադրանքներ հնչեցին, թե հայկական զինուժը կրակ է բացել ընդհուպ ռուս խաղաղապահների վրա, ինչը վերջերս ՄԱԿ-ի ԱԽ նիստում կրկնեց նաև Ադրբեջանի ներկայացուցիչը...

Եվ ահա, այն նույն շրջանում, երբ տապալվում են Սոֆիայի, Բրատիսլավայի հանդիպումները, հավասարապես նաև Եվլախի հանդիպումը, Լավրովը ներկայացնում է իր հայտնի պլանը Ադրբեջանի կազմում արցախահայերի "ինտեգրված" իրավունքների մասին, դրա արդյունքում խոստանալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օրինականացումից հետո նաև Լաչինի միջանցքի բացումը 24 ժամ անց, որը մերժվում է Ստեփանակերտի կողմից, իսկ Հայաստանը ՄԱԿ ԱԽ է դիմում Լաչինի միջանցքի հարցով: Հենց դրանից անմիջապես հետո էլ, ըստ Ռուբեն Վարդանյանի՝ տեղի է ունենում Ստեփանակերտյան հանդիպումը, որտեղ իբր Արայիկ Հարությունյանը անոնսում է իր հնարավոր պաշտոնանկության մասին... Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ՄԱԿ-ի ԱԽ նիստի հրավիրումը, իսկ բուն նիստի օրը Ստեփանակերտում հրապարակվում է Լավրովի պլանը... 

Մեկ այլ ուշագրավ բան էլ է տեղի ունենում նիստի անմիջապես նախօրեին Արցախում... Արթուր Օսիպյանը մի քանի այլ արցախցիների հետ Իվանյանում փորձում են արգելափակել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ճանապարհը: Ռուս հրամանատարը ոչ միայն հրահանգում է ուժով հեռացնել նրանց ավտոմեքենան, այլև սպառնում է զրահատեխնիկայով անցնել նրանց վրայով ու նրանց մեղադրում է վճարված լինելու ու հակառուսական ակցիա կազմակերպելու մեջ... Այդ նույն ընթացքում Հայաստանում հայտնի պրոռուսական հիբրիդներն են սոցիալական ցանցերում մեղադրում Արթուր Օսիպյանին Արայիկ Հարությունյանի պատվերը կատարելու մեջ՝ սպառնալով, որ թուրքերը շուտով կբռնաբարեն նրանց ընտանիքի անդամներին....

Այժմ, այս մեծ համայնապատկերում ստացվում է, որ Ռուբեն Վարդանյանը չի թաքցնում, որ կողմ է մի բանի՝ Արցախի նախագահի հրաժարականին, ով դեմ է արտահայտվել Լավրովի պլանին, ում հետ իբրև թե "փոխկապակցված" անձը մեղադրվել է հակառուսականության մեջ, ում ԱԳ նախարարը մեղադրվել է թշնամական դաշտում խաղալու մեջ, և, ի թիվս այլ նպատակների, ում հրաժարականը նաև կբացառի Ստեփանակերտի կողմից Բաքվի հետ այլ մայրաքաղաքում հանդիպման նստելու մոտեցումը. այսինքն, այդպիսի զարգացման դեպքում անուղղակի և ուղղակի այս պահին՝ գոնե առաջիկա մեկ այլ հանդիպում կձախողվի արևմտյան որևէ մայրաքաղաքում, եթե Արցախում նախագահ չլինի և նշանակված լինեն արտահերթ ընտրություններ... 

Գիտակցո՞ւմ է արդյոք, որ այս պահին Արցախում անգամ հնարավոր է, որ չթույլատրվի էլ Արցախի նախագահ ընտրելը, քանի որ Լավրովի առաջարկում ամենևին նախատեսված չէ անգամ ինքնավարություն, ինքնավար մարզ ու դրա նախագահ ունենալը, և այս առումով Մոսկվան ու Բաքուն համակարծիք են... Դժվար թե Ռուբեն Վարդանյանը չգիտակցի, որ նման հետևանքներ կան, որոնք ավելի են բարդացնում Արցախի վիճակը.... Որքան ուշանում է միջազգային մեխանիզմով Բաքու-Ստեփնակերտ բանակցության գործարկումը, այնքան վատթարանում են Արցախ բանակցային դիրքերը և միջավայրը... Սրան էլ գումարած արտահերթ նախագահական ընտրությունների համար առկա ռիսկերը...

Հետևաբար, ցավով պետք է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանն իսկապես բավական նեգատիվ դեր է խաղում՝ իր կամքով, թե կամքից անկախ: Թերևս հենց այս դինամիկան էր, որ ստիպեց Արցախում ԱԺ նախագահի փոփոխություն կատարել ու դա վստահել ռուսամետ ՀՅԴ-ին, որպեսզի Կրեմլը գերգռգռված վիճակից դուրս գա...

Եվ հիմա, Ռուբեն Վարդանյանը նեղվել է, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել, որպեսզի ստեղծվեն այն հետևանքները, որոնք ձեռնտու են Մոսկվային...

Ու այս ամենում կրկին Միկա Բադլայանի գործոնը... 

Կասկած չկա, թե քամիները որտեղից են գալիս:

Հուսով եմ՝ Հայաստանում ու Արցախում այս նրբագույն հարցերը կվերլուծվեն ու կհասցեագրվեն շատ նրբորեն.... 

Գոնե Միկա Բադալյանին Հայաստանից վռնդելը ուղղակի խաղուպար է... Գոնե դա արեք....

Հետգրություն. տեսաուղերձում Ռուբեն Վարդանյանը պնդել է, թե "Արայիկ Հարությունյան, երեկ ինձ հետաքրքիր էր լսել, որ դուք մտածում եք, թե ես Միքայել Բադալյանին ինչ-որ ինֆորմացիա եմ տվել, ես ոչ ճանաչում եմ այդ Միքայել Բադալյանին, ոչ էլ ուզում եմ խոսել նրա մասին:" Թե ինչու են համընկնում իրար չճանաչող Միկա Բադալյանի ու Ռուբեն Վարդանյանի հիասթափություններն ու վախերը Արայիկ Հարությունյանի կողմից "խոստումը չկատարելու" պահով, լավ կլինի իրենք մեկնաբանեն....


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն