Ակնայով Ստեփանակերտ հասած բեռը կփորձաքննվի․ նոր բեռների տեղափոխման հարցը քննարկվում է
Մեկական բեռնատար՝ Բերձորի միջանցքով ու Ակնայի ճանապարհով այսօր առավոտյան հասել է Ստեփանակերտ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից «Ռադիոլուրին» հաստատել են՝ Հայաստանից Ստեփանակերտ է հասել ալյուր, Ակնայի ճանապարհով՝ բժշկական պարագարներ։ Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցում են՝ Ակնայով Ստեփանակերտ հասած բեռը նախ փորձաքննություն կանցնի, հետո միայն կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին։ Դեռ նախօրեին էր Արցախի իշխանությունը հայտարարել, որ երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը հաշվի առնելով Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և ռուս խաղաղապահների հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի մեքենաներով։ Ի դեպ, Արցախը նոր պետնախարար ունի՝ Արթուր Հարությունյանը։
Ավելի քան 3․5 ամիս կրկնակի պաշարման մեջ գտնվող Արցախն այսօր առաջին անգամ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր ստացավ։ Պաշարումը, այսպես ասենք, օրերս ճեղքվեց խորհրդանշական ռուսական բեռնատարով՝ Ակնայի ճանապարհով։ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցում է․
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողացել է մարդասիրական օգնություն հասցնել Աղդամով ու Լաչինի միջանցքով։ Մեկական բեռնատար է անցել։ Բնակչությանը հասցրել ենք ալյուր ու բժշկական պարագաներ»։
Զառա Ամատունին ընդգծում է՝ մեքենաներն Արցախում են՝ որոշում կայացնողների հետ քննարկելուց հետո միայն։ Այս պահին էլ բանակցում են նոր բեռնատարներ դեպի Արցախ ուղարկելու համար․
«Հույս ունենք՝ առաջիկայում կրկնել այդ գործողությունները, և կարիքից ելնելով որոշակի պարագաներ ևս հասցնել։ Բնականաբար այս գործընթացը չի կանգնելու»։
Դեռ նախօրեին էր Արցախի իշխանությունը հայտարարել, որ երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը հաշվի առնելով, Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի մեքենաներով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս հայտարարությունից հետո սոցցանցում գրեց․
«Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու՝ խիստ չափազանցրած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի: Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը, և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև»:
Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցում են, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում Կարմիր Խաչի մեքենաներով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հստակեցնում է՝ ապրանքներն ընտրում են՝ հաշվի առնելով կարիքները․
«Որոշարկվում է կարիքը, ըստ դրա մենք փորձում ենք այն հասցեագրել ու այս առումով օգտակար լինել բնակչությանը»։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո: Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
2022–ի դեկտեմբերի12–ին Ադրբեջանը փակեց Բերձորի միջանցքը։ Հունիսի 15–ից՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնվեց 120 հազար հայ։ Արցախի խանութները, դեղատները դատարկ են, հասարակական տրանսպորտը չի գործում։ Օրն այստեղ սկսվում է ոչ թե առավոտյան, այլ՝ գիշերը, ոչ թե աշխատանքի գնալով, այլ՝ հացի հերթերում։
Իրինա Առուստամյանը մինչ մոտ մեկ ժամ ոտքով Ստեփանակերտի մի ծայրից մյուսը՝ աշխատավայր հասնելը, գիշերը լուսացնում է հացի փռում․ այդ հարցն այժմ կարգավորվել է, բայց ոչ ամբողջությամբ, ասում է զրուցակիցս․
«Քանի որ վառելիքի պատճառով հացը խանութ չի հասնում, գնում ենք փռերից ենք վերցնում։ Գիշերն ենք կանգնում, առավոտն ենք կանգնում։ Հետո գալիս ենք տուն, նախաճաշելու բան չկա։ Պետք է գնանք հերթ կագնենք, որ թթվասեր վերցնենք, չի ստացվում, քանի որ աշխատում ես։ Օրդ հերթերում ես անցկացնում»։
Արցախում հումանիտար ճգնաժամը սրվում է րոպե առ րոպե։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է թվիթերում հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ բեռներ փոխադրելու մասին։
«Որոշումներ կայացնողների միջև հումանիտար կոնսենսուս գտնելու համար դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր մենք բերում ենք ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ։ Գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են տեղափոխում Լաչինի և Աղդամի ճանապարհներով»։
Արցախում տիրող իրավիճակին անդրադարձ կատարելով, նշվում է, որ մարդիկ հերթ են կանգնում հացի համար։ Առողջապահական կառույցներում բացակայում են բժշկական պարագաները։ Նրանք շտապ օգնության կարիք ունեն կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Կարմիր Խաչի հայտարարության մեջ նշվում է․ «Մենք վերջին շաբաթներին բանակցությունների մեջ ենք եղել որոշում կայացողների հետ տարբեր ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի ու Աղդամի հետ կապված։ Հուսով ենք, որ որոշում կայացնողների միջև այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական շարասյունների շարժը ոչ միայն այսօր, այլ նաև առաջիկա շաբաթներին»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին էլ ընդգծում է․ «Խոսքը բոլոր հնարավոր ճանապարհների մասին է, որոնք համաձայնեցված կլինեն որոշում կայացնողների հետ, և որոնք կապահովեն անվտանգ ընթացքը»։
Սյունիքում արդեն 1․5 ամիս է Արցախ մուտքին է սպասում 32 բեռնատար՝ 22–ը Հայաստանից, 10–ն էլ ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներից ուղարկած։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ այդ հումանիտար օգնությունը Ստեփանակերտ հասնի։