Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով, այս մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հրթիռակոծում և ավերածություններ էր իրականացնում Արցախում՝ սպանելով խաղաղ բնակչությանը: Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց հրադադարի մասին։ Ու եթե մինչ հրադադարը առաջին հերթին շեշտվում էր կրակի դադարեցման հարցը, ապա ի՞նչ պետք է ակնկալել այժմ ՄԱԿ ԱԽ նիստից։ Փորձագետներն այսօր կարևորում են Արցախի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը։

ՄԱԿ-ի ԱԽ նիստում միակ բանը, որ պետք է անի Հայաստանը, այն է, որ հարկադրի միջազգային հանրությանն ապահովել Արցախի հայերի տեղափոխումը՝ անվտանգ ու ապահով՝ առանց ձերբակալությունների ու նվաստացումների․ ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Նա նշում է, որ մարդիկ սարսափելի վիճակում են, և պետք է միջազգայինների ներգրավվածություն և օգնություն այդ ամենը կազմակերպելու համար:

Նա կասկած չունի, որ միջազգային հանրությունը էվակուացիայի ու դրան հաջորդող օգնության պահը վաղուց պլանավորել է, հասկանալով, որ այդ օրը գալու է: Ըստ այդմ՝ Տաթև Հայրապետյանը այսօր միջազգային բացառիկ կոնսոլիդիացիա ապահովելու օր է համարում՝ Արցախի հայերին փրկելու համար։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով սակայն միջազգային հանրությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել, քանի որ Հայաստանը հարցը թողել է Ադրբեջանի տիրույթում․

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ավելի լավ հայ պետք է լինեն քան մենք՝ ոչ այդպես չէ։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև այդ կոչերը խոսքի վրա են և Ադրբեջանըւ այլ երկրների հայտարարություններին ուշադրութուն չի դարձնում»։

Վերլուծաբան Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքում անդրադառնալով ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստին գրում է, որ օրվա գերխնդիրը մարդկանց կազմակերպված ու անվտանգ տարհանումն է, կյանքեր փրկելը։

Ըստ նրա Մարտունի քաղաքի մերձակայքից ադրբեջանցիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրս բերելու համար։ Շտապ միջոցներ պետք է ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ նիստը ամենահարմար առիթն է, ըստ նրա, այդ մասին բարձրաձայնելու։

Վերլուծաբանի կարծիքով ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան Արցախում, որպեսզի արդարացվի իրենց ներկայությունը տեղում, ինչը նրա բնորոշմամբ պատանդառություն է։

Վերլուծաբանը ահազանգում է՝ ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն սակայն համոզված է , որ հայտարարություններից բացի որևէ այնպիսի գործողություն չենք տեսնի ՄԱԿ ԱԽ-ից, որը իրավիճակ կփոխի Արցախում։ Նրա համոզմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության մասին տարածվող տեղեկությունները ՄԱԿ ներկայացնելով ևս չենք կարող իրավիճակ փոխել․

«Եթե ունենաք փաստեր, որ այնտեղ մարդիկ են կոտորվում ապա ադրբեջանական մոտեցումն այն կլինի, որ այնտեղ գտնվող մարդիկ չեն ենթարկվել Ադրբեջանի օրենքներին և իրականացրել են ահաբեկչություն, դա հեշտ է սարքել և Ադրբեջանն էլ իրականացրել է օրենքը պահպանելու գործողություններ»։

ԱՄՆ 40 կոնգրեսականներ ԱԽ նիստից առաջ միացել են Բայդենի վարչակազմին ուղղված կոչին, որով հորդորում են ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոնկրետ գործողություններ ձեռնարկել։ Նշվում է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ առաքելություն տեղակայել Արցախում՝ պաշտպանելու արցախահայերին։ Որքանո՞վ է հավանական միջազգային մանդատ ունեցող ՄԱԿ խաղաղապահների տեղակայումը Արցախում․

«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի որևէ այլ պետության ներկայություն իր տարածքում, իսկ ռուսների ներկայությունը շատ չկամությամբ է տանում, մինչև կավարտվի նրանց ներկայության ժամկետը։ Ես թերահավատ եմ խաղաղապահների գործառույթների հարցում։ Գլոբուսի վրա իրականացվել են շատ խաղաղապահ առաքելությունները, բայց դրանց մեծ մասը ձախողվել է, քանի որ տարբեր ժամանակներում էթնիկ զտումներ են եղել և խաղաղապահները չեն կարողացել իրականացնել իրենց պարտականությունները»։

Իսկ Ալիևի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարության առումով ադրբեջանագետը հստակեցնում է, որ դեռ պետք է հասկանալ թե ինչ նկատի ունի Ալիևը, քանի որ բազմիցս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնող հայտարարություններ է արել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն