Լեռնային Ղարաբաղում լարվածությունը պահպանվում է, հումանիտար ճգնաժամը շարունակվում է, բայց, այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, այսօր կառավարության նիստի մեկնարկին, ներկայացնելով հրադադարի մասին համաձայնությունից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Նկատի է առնվում այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, մեր հայրենակիցները, իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանան։ Բայց մենք նաև արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական։ Այսինքն, տեղեկությունը, որ մենք այս պահին ունենք, կարող է փոխվել։ Սակայն շատ կարևոր է, որ ունենանք ճշգրտված տեղեկություններ տվյալ պահի մասին և որոշակի տեղեկություններ նաև դինամիկայի մասին։ Նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա։

Նա պարզաբանել է նաև կառավարության դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակիչների Հայաստանի Հանրապետություն հնարավոր տեղափոխման հետ։

«Սա կարող է տեղի ունենալ, երբ արձանագրվի Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների մնալու անհնարինությունը, իսկ մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է։ Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի։ Արդեն ավելի քան 40 000 տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, այսինքն, մենք պատարաստ ենք ու շարունակում ենք պատրաստվել»։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ իրենք Ղարաբաղը հայաթափելու խնդիր չունեն․ «Մենք ամեն ինչ պիտի անենք , որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, մեր հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, անվտանգ արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,-ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն