«Հազարամյա պատմության մեջ Արցախը առաջին անգամ չէ, որ հայաթափվել է»․ Նախօրեին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը, մի բան էլ մեղադրեց պատգամավոր Աննա Գրիգորյանին պատմության չիմացության մեջ:

Ի՞նչ նոր պատմության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ե՞րբ է եղել Արցախի հայաթափումը, փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանից:

Ինչի՞ համար է նման բաներ ասում Փաշինյանը, ի՞նչ նպատակ է հետապնդում, Մելքոնյանն առհասարակ չցանկացավ անդրադառնալ: Նա որևէ քաղաքական գնահատական չհնչեցրեց, ներկայացրեց միայն պատմական իրողությունը: Ստրոև ներկայացնենք ակադեմիկոսի մեկնաբանությունը:

«Վերջին տասնամյակներին մենք մշտապես ուսումնասիրել ենք ամբողջ պատմական Հայաստանի տարածքի ժողովրդագրական պատկերը՝ և՛ Արևմտյան Հայաստանի և՛ Արևելյան Հայաստանի: Որպես կանոն, մինչև 8-րդ դարի վերջը Հայկական լեռնաշխարհը բացառապես հայաբնակ է եղել: Առաջին օտարները հայտնվել են արաբական տիրապետության վերջնաշրջանում:

Հետագայում, արդեն, թյուրքական, մոնղոլական ներխուժումներ են տեղի ունեցել միջնադարում, բայց լեռնաշխարհը մինչև Հայոց Մեծ Եղեռնը գերազանցապես շարունակել է մնալ հայաբնակ և հայաշատ։ Իհարկե՝ առանձին շրջաններ էթնիկապես դիմախեղվել են, և պատկերը բնակարանաբար փոխվել է: 

Բայց, կրկնում եմ, մինչև Հայոց Մեծ Եղեռնը Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է հայաբնակ: 

Արևելյան Հայաստանի շրջաններից հատկապես լեռնային հատվածները, Արևմտյան հատվածներից նույնը՝ Համշենը, Սասունը, ոչ միայն գերազանցապես հայաբնակ են եղել, այլև այնտեղ եղել են հայկական կիսանկախ հանրապետություններ և համայնքներ: Նույն պատկերը մենք կարող ենք ուրվագծել Արևելյան Հայաստանում, ինչպիսին Սյունիքում է, Արցախում է, որտեղ նույնիսկ պատմական ամենաբարդ իրավիճակներում հայկական էթնոսը շարունակել է գոյատևել, և հայական պետականության շառավիղները մնացել են: Օրինակ՝ ուշ միջնադարում, երբ մենք պետականությունը կորցրել էինք, Արցախում այդ պետականության շառավիղները պահպանվել էին:

Օրինակ՝ Արևելյան Հայաստանը, որ ենթարկվել է էթնիկական լուրջ հարվածների, հատկապես 17-րդ դարում թուրքապարսկական պատերազմների շրջանում, մասնավորապես՝ 1604 թվականին, Շահ աբասի իրականացրած բռնագաղթը չի շոշափել Սյունիքն ու Արցախը, կամ ավելի շուտ՝ շատ քիչ է շոշափել: Այդ տարածաշրջանում մելիքությունների առկայությունը և կիսաանկախ վիճակը մեզ հնարավորություն է տվել պահպանել էթնիկ պատկերը:

 Ինչ վերաբերում է արդեն 19-րդ և 20-րդ դարին, վերջերս մեր աշխատակիցներից Գայանե Հովհաննիսյանը պաշտպանեց ատենախոսություն և հատկապես ներկայացրեց ԼՂԻՄ տարածքում էթնիկ տեղաշարժերը, Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանը հայերից ազատելու և էթնիկական զտման ենթարկելու ուղղությամբ:

Բայց նույնիսկ այդ պայմաններում ԼՂԻՄ տարածքը շարունակել է մնալ գերազանցապես հայաբնակ՝ 95 տոկոս 20-ական թվականների սկզբից մինչև արցախյան շարժման նոր փուլը, երբ այդ տոկոսային հարաբերակցությունը իջել է 74 տոկոսի:

Սա է եղել Արցախի պատկերը և դեմոգրաֆիական իմաստով Արցախը շատ ավելի քիչ փոփոխություններ է կրել, քան ՀՀ մնացած շրջանները և դա երևում է նաև տեղանվանաբանության մեջ:

Արևելյան Հայաստանի տարածքում հայկական տեղանունների պահպանության առումով Արցախը առանձնանում է դրական իմաստով և դա պայմանավորված է եղել առաջին հերթին այնտեղ հայ բնակչության առկայությամբ: Հայկական Lեռնաշխարհում արդեն 7-5-րդ հազարամյակներից տեղի է ունեցել հայ էթնոսի տեղաբաշխման գործընթաց և ամբողջ Հայաստանի մասշտաբով Արցախը եղել է այն տարածաշրջաններից մեկը, որը որ այդ դարաշրջանից սկսած մինչև վերջերս եղել է հայաբնակ և բնականաբար՝ հայրենիք»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն