Բաքվից հաղորդվող տեղեկությունները թուրք-ադրբեջանական ակտիվ զորավարժությունների մասին քարոզչական նպատակներ, իհարկե, ունեն, բայց նաև ռիսկեր են պարունակում։ Փորձագետներն ասում են՝ հակառակորդների ձեռնարկած ցանկացած համատեղ զորավարժություն, անկախ դրա բնույթից, ուշադրության արժանի փաստ է ու ավելի զգոն լինելու ազդակ։ Դրանց պետք է աչալրջորեն հետևել՝ պատրաստվելով հնարավոր բոլոր սցենարներին։

Տարբեր  ուղղություններով, մեծ ուժերի ներգրավմամբ թուրք-ադրբեջանական մի քանի զորավարժություններ՝  մեկ շաբաթվա ընթացքում։ Թուրքիայի Կայսերի քաղաքում Ադրբեջանի բանակի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ երկօրյա զորավարժությունները դեռ չավարտված նախապատրաստվում է հաջորդը։ Հաղորդվում է, որ թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ տեղի կունենան նաև հոկտեմբերի 23-ից 26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, տեխնիկայի և ավիացիայի մասնակցությամբ։

Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ հակառակորդների ձեռնարկած ցանկացած համատեղ զորավարժություն, անկախ դրա բնույթից, ուշադրության արժանի փաստ ու ավելի զգոն լինելու ազդակ է։ Բացատրում է,  թե ինչու են զորավարժություններ ավելի հաճախ կազմակերպվում հատկապես աշնանն ու ձմռանը։

«Իրենց մոտ հաճախակի են դարձել աշնանային, դեպի ձմեռ զորավարժությունները, քանի որ վերջին տարիների պատերազմական գործողությունները ցույց են տալիս, որ բանակները աշնանային, ձմեռային սեզոնների զորավարժություններին պատրաստ չեն, և ռեսուրսների տիրապետող ցանկացած բանակ փորձում է աշնանային, ձմեռային գործողություններին պատրաստվել, և դա բնավ չի նշանակում, որ կարող են ծրագրված լինել ռազմական գործողություններ»։

Թուրքիայում անցկացված երկօրյա  զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի հատուկ ջոկատայինները, վարժանքներին  ներգրավվել է 652 զինծառայող, 354 տեսակի տեխնիկա և սպառազինություն:

Հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 22-25-ը նախատեսվող վարժանքները, որոնք «Աթաթուրք-2023» խորագիրն ունեն, միաժամանակ կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներն ու ավիացիոն միջոցներն արդեն Ադրբեջանում են։ Լևոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝  զորավարժությունների առանցքային ուղղություններից մեկը մարտավարական խնդիրներն են։

 «Եթե նախկինում ընդունված էր, որ բավարար ժամանակ դիմադրելու դեպքում հակառակորդի ներքին դիմադրողականությունը կաճի, այսինքն՝ տվյալ դեպքերում կարելի է հաղթահարել  նույնիսկ լավ զինված և պատրաստված հակառակորդին, ապա այդ արագությանը հասնելու բնույթը մեզ համար նշանակում է, պոտենցիալ հակառակորդի ամեն օր ավելացող արագություն՝ պատերազմներ վարելու դեպքում, այսինքն՝ կայծակնային արագություն, մեկ օրում, երկու օրում գործողություն վարել ու կանգնեցնել փաստի առաջ»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ այդ երկրները դաշնակիցներ են, ունեն ընթացիկ համագործակցության խնդիրներ և համատեղ զորավարժություններն այդ տրամաբանության շրջանակում պետք է դիտարկել։ Սակայն պետք է հիշել, որ տարածվող հաղորդագրությունները նաև քարոզչական բնույթ ունեն։

«Դա մեզ համար մարտահրավերներ ստեղծում է, գոնե այնքան ժամանակ քանի «Խաղաղության պայմանագիր» չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև և քանի կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները։ Իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը Հայաստանն է։ Բաքուն չի էլ թաքցնում իր ագրեսիվ տրամադրությունները, օրակարգը, շատ դեպքերում տարածքային հավակնությունները։ Այդ զորավարժություններին պետք է աչալրջորեն հետևենք»։

Քաղաքագետը հատուկ ուշադրության է արժանացնում զորավարժությունները Նախիջևանում ու Արցախի օկուպացված տարածքներում անցկացնելու հանգամանքը, ինչը ևս նախապես գծագրված սցենարների շրջանակում է։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը մի քանի սցենար ունի, և եթե բանը հասնի ռազմական էսկալացիային, նրանք ունեն մի քանի սցենար, հետևաբար տարբեր ուղղություններում փորձարկումներ են անում, տարբեր ուղղություններում տակտիկական տեղաշարժեր են անում և տարբեր սցենարների համար տարբեր ստորաբաժանումներ պատրաստվում են»։

Ցանկացած զորավարժություն մեր ոչ բարեկամ հարևան երկրներում, այն էլ համատեղ, ռիսկեր պարունակում  է՝ ասում է քաղաքագետը, դժվարանալով գնահատել  ռազմական նոր գործողությունների հավանականությունը,  քանի որ դրանք, նրա կարծիքով, միայն  հայ-ադրբեջանական հարաբերություններով չէ, որ պայմանավորված են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն