Հայ Առաքելական Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել Հայաստան-Հունգարիա կապերը վերահաստատելու գործում. Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մեծապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև որոշակի ժամանակահատված խզված դիվանագիտական կապը վերականգնելու հարցում:
Սիյարտոն այս մասին ասաց Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
«Այս այցելությունը այժմ վերջակետ է դնում այն տասնամյակին, երբ մեր երկու երկրների միջև ընդհանրապես դիվանագիտական կապեր, շփումներ չկային»,-ասաց Հունգարայի արտգործնախարարը:
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։
«Մենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ որոշում ընդունեցինք, որ վերսկսում ենք դիվանագիտական կապերը, կառուցում ենք այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու ազգերի ու երկրների շահերին: Այսօրինակ վերականգնումը մեզ կօժանդակի, քանի որ կա ընդհանուր հիմք՝ քրիստոնեությունը, երկու երկրներն էլ արդեն բազում հարյուրամյակներ քրիստոնեական երկրներ են: Մենք՝ հունգարացիներս, հպարտությամբ ենք ասում, որ քրիստոնեական պետականություն ենք վայելում ավելի քան 1000 տարի, հետո գալիս ենք Հայաստան, տեսնում ձեր ժամկետներն ու անմիջապես ավելի համեստ ենք մեզ պահում: Իհարկե, քրիստոնեությունը, հայ քրիստոնյա եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել մեր կապերը վերահաստատելու գործում»,-ասաց նա:
Նախարարն ասաց, որ նախքան դա էլ Հունգարիան փորձել է իր բարի մտադրությունները դրսևորել՝ հիշեցնելով 2021-ին Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող 5 հայ ռազմագերիների վերադարձի մասին:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում էին կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներմանը, նրան շնորհել էին մայորի կոչում, ապահովել բնակարանով և հերոսացրել: Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի որոշումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին։