Վերջին պատերազմից հետո շատ համայնքներ դարձել են սահմանամերձ. ընդգրկվե՞լ են աջակցության ծրագրում. Ղազարյան
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» նախագիծը: Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարացնել մինչև 2027թ-ը:
Ըստ Վաչե Տերտերյանի՝ 82 սահմանամերձ բնակավայրերում 50%-ով փոխհատուցվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի որոշ սահմանաչափերի, ոռոգման և խմելու ջրի համար: Բացի այդ, կան որոշ արտոնություններ պատերազմի, ռազմական գործողությունների հետևանքների մեղման և փոխհատուցման վերաբերյալ:
Արձագանքելով փոխնախարարին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվեց. « այդ 82 համայնքը ո՞ր թվականին է որոշվել, արդյոք ընդգրկվե՞լ են այն համայնքները, որոնք վերջին պատերազմից, ռազմական գործողություններից հետո դարձել են սահմանամերձ, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի համայնքները»:
Ի պատասխան պատգամավորի հարցադրմանը՝ Վաչե Տերտերյանն ասաց.
«Ընդգրկված են Սյունիքի մարզից շատ համայնքներ, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզից շատ համայնքներ, որոնք մեր հրապարակային խոսույթում գիտենք, որ լարված իրավիճակներում հայտնվել են որպես սահմանամերձ համայնք, բայց պիտի հիշենք, որ այս ցանկը մենք սահմանում ենք որոշակի չափանիշներով: Այդ չափանիշների մեջ ընկնող համայնքները ցանկում ընդգրկված են: Ես այդ չափանիշների մասին կխուսափեմ բարձրաձայն ասել, բայց կախված է վտանգավորության աստիճանից: Գիտեք, որ օրենքով կա սահման, սահմանային շերտ, սահմանամերձ, դրանք սկսում են 5 կմ և ավելիից: Մենք այդ չափանիշով չենք այս բնակավայրերը սահմանել 2014-ին և մինչև հիմա այդ 2014-ի սահմանած չափանիշը փորձում ենք պահել, որովհետև հակառակ դեպքում մեր երկրի համայնքների մի շատ զգալի մաս կհայտնվի այդ կարգավիճակում: Իսկ այդ կարգավիճակը ամենաէֆեկտիվ ու ամենալավ կարգավիճակը չի խնդիրներ լուծելու: Իսկ Սյունիքի մարզի համայնքները՝ Ներքին Հանդը և այդ թևի բոլոր համայնքները ընդգրկվել են այդ դեպքերից հետո՝ կառավարության որոշմամբ»:
Արման Ղազարյանը արձագանքեց. «Ես լավ չհասկացա: 2014-ից հետո Վարդենիսում, ինչքան էլ մենք փորձենք չբարձրաձայնել, կան համայնքներ նույնանման, որտեղ մի համայնք սահմանամերձի արտոնությունից օգտվում է, կողքի համայնքը, և՛ բարձրությամբ, եև՛ աշխարհագրական դիրքով, և՛ սահմանամերձ լինելով՝ չի օգտվում: Այդ համայնքները ընդգրկվե՞լ են այս ցանկում, թե՞ ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում