Հայ-ադրբեջանական պետական սահմանին վաղը՝ նոյեմբերի 30-ին, 5-րդ անգամ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովները: Առաջին անգամ այս հանձնաժողովի հանդիպումն անցկացվում է առանց միջնորդի։ Փորձագետները, կարծում են, որ սահմանային հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումն էլ էական արդյունքներ չի արձանագրի, բայց հանդիպումներն անհրաժեշտ են համարում՝ գործընթացը պահելու համար, ինչի առկայությունը նշանակում է, որ պատերազմի կամ ռազմական էքսպանսիայի վտանգը մինիմումի է հավասարվում։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, նոյեմբերի 30-ին հերթական հանդիպումն են անցկացնելու հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Տեղեկությունը ՀՀ փոխվարչապետի գրասենյակից են հայտնել։

24News-ի աղբյուրները հայտնում են, որ «հյուրընկալը» լինելու է հայկական կողմը, հանդիպումն անց է կացվելու վրանում, ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին առաջարկելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար առանց միջնորդների հանդիպում անցկացնել պետական սահմանին։ Դրան հաջորդեց Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որով հայկական կողմն Ադրբեջանին առաջարկում էր երկու երկրների պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այսպիսով, հայկական կողմը առանց միջնորդների՝ ուղիղ բանակցություններին հստակորեն դեմ չի արտահայտվել, բայց ԱԳՆ-ի այդ պատասխանից կարելի էր ենթադրել, որ Երևանը առանց միջնորդների խաղաղության պայմանագրի քննարկմանը կողմ չէ։

Այն, որ սահմանային հարցերով հանձնաժողովներն առաջին անգամ են հանդիպելու առանց միջնորդի՝ քաղաքագետները մտահոգվելու առիթ չեն համարում։

Գուրգեն Սիմոնյան. «Պետք չէ շփոթել բարձր մակարդակով հանդիպումների հետ։ Ընթացակարգային, աշխատանքային հանդիպում է լինելու՝ սահմանազատման հիմնախնդրի շուրջ»։ 

Սա կլինի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովների 5-րդ հանդիպումը։ Առաջին հանդիպումն անցած տարի մայիսի 24-ին էր կայացել՝ Երասխում։ Այն ժամանակ հանդիպել էին հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։ Երկրորդ հանդիպումը 2022-ի օգոստոսի 30-ին էր տեղի ունեցել Մոսկվայում։ Երրորդ անգամ հանդիպումը կայացել էր Բրյուսելում՝ անցած տարվա նոյեմբերին։ Վերջին անգամ ավելի քան 4 ամիս առաջ էին հանդիպել սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները՝ Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում։ Չնայած կայացած 4 հանդիպումներին՝ առաջընթաց, սակայն, գործընթացքում չարձանագրվեց․ առարկայական արդյունքներ այդպես էլ չեղան, ձեռք բերված հստակ համաձայնություններ՝ նույնպես։ Այսպիսով, անցած 4 հանդիպումների աշխարհագրությունն այսպիսինն է՝ Երասխ, Մոսկվա, Բրյուսել, Տավուշ։

Հայ փորձագետները դա շատ առանցքային չեն համարում և ընդգծում են՝ կողմերն անհամադրելի մոտեցումներ ունեն։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը թվարկում է․

 «Հայաստանը չի կարող միջանցք թույլ տալ։ Ադրբեջանը ևս ունի սեփական «կարմիր գծերը»։ Այս պահին , քանի դեռ մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պայթյուններով լեցուն է, անհավասարակշիռ, անկանխատեսելի, «կարմիր գծերը» կարող են մնալ ու հատվել։ Հնարավորություն չեն տալու վերջնական համաձայնություններ ձեռք բերել»։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան․ «Կրկին թերահավատ եմ մոտենում հարցին, որ հնարավոր կլինի որևէ համաձայնության գալ՝ սահմանազատման հետ կապված. չափման միավորների, չափման մեթոդների հետ կապված անհամաձայնություններ կարող են լինել ու տարընթերցումներ»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ արդյունքների չի սպասում, քանի որ պրակտիկան, այսինքն՝ անցած 4 հանդիպումներն այդպիսի եզրահանգում անելու հնարավորություն են տալիս։ Այս ընթացքում ռուսական, թե արևմտյան միջնորդների ներկայությամբ, սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումները որևէ արդյունք դեռևս չեն ունեցել՝ շեշտեց փորձագետը։ 

«Կան հռչակագրային հայտարարություններ, բայց արդյունք չկա։ Բայց, այստեղ հարցը հետևյալն է՝ մենք արդյունքների համար պետք է աշխատե՞նք, թե՞ ոչ։ Իհարկե, պարզ է, որ մեր ցանկությունը արդյունք ունենալն է, բայց ես թե՛ մեր ժողովրդին, թե՛ իշխանությանը առաջարկում եմ շատ չկենտրոնանալ արդյունքի վրա»։

Այդուհանդերձ, փորձագետները գործընթացն ինքնին կարևոր են համարում։ Նման հանդիպումները, հանձնաժողովները, համաձայնությունները, բանակցությունները մի նպատակ ունեն՝ թույլ չտալ նոր էսկալացիա։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ բոլոր հնարավոր տեղերում է պետք Ադրբեջանին տանել բանակցությունների, քանի որ դրանք ձգձգում են Ադրբեջանի ռազմական էքսպանսիայի հնարավորությունը։ Իսկ որ այդպիսի ցանկություն Ադրբեջանն ունի՝ Հայկ Սուքիասյանը չի կասկածում։

«Այս պահին չեն կարող դա անել, որովհետև միջազգային կոնսենսուս չունեն։ Արտաքին աշխարհի կողմից, ես նկատի ունեմ՝ Արևմուտքը, նաև՝ Իրանը, կա հայտարարություն, որ հաջորդ ագրեսիան չեն հանդուրժելու։ Դրա համար իրենք այս պահին չափավորված են, բայց արդյո՞ք հետ են կանգնել իրենց մտքից՝ հետ չեն կանգնել, իրենք այդ մտադրությունը ունեն»։

Հետևաբար, փորձագետները համակարծիք են, որ հանդիպումներն անհրաժեշտ են՝ բանակցային գործընթացը պահելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն