Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի նպատակը, ստացավ Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի՝ նախ 9 ամիս անմարդկային պաշարման, ապա՝ ռազմական ագրեսիայից հետո բռնի տեղահանելով Արցախի բնիկ ժողովրդին՝ Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարների համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը և զգուշացրել՝ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել ու այժմ թիրախավորում է Հայաստանի  տարածքը: Համաժողովի շրջանակում թեև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում տեղի չի ունեցել, բայց հեռակա բանավեճ է ծավալվել՝ փոխադարձ մեղադրանքներով։ Բաքուն Երևանին մեղադրել է Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձգձգելու մեջ։

Եթե խոսենք ակնկալիքների մասին, ապա նախ պետք է առանձնացնենք ռիսկերն ու մարտահրավերները՝ ամփոփելով Սկոպյեում հնչած հայտարարությունները, առաջարկներն ու հորդորները՝ ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Համադրելով Բաքվի՝ երկկողմ հանդիպումներ անցկացնելու պնդումները, ԵԱՀԿ–ի՝ նոր հարթակ տրամադրելու պատրաստակամությունն ու Հայաստանի՝ երկուստեք տարածքային ամբողջականությունը ճանաչելու  կարևորությունը ՝ փորձագետը նկատում է, որ պատկերն ավելի շատ փակուղի է հիշեցնում։

«Ակնկալիքներ այս իրավիճակը չի ստեղծում՝ բացի ռիսկերի սպասումներից , քանի որ երբ նշմարվում է որոշակի փակուղային հեռանկար բանակցային գործընթացի հեռանկարների իմաստով, իսկ Ադրբեջանը փորձում է տարբեր մանևրների միջոցով ստեղծել այս փակուղային հեռանկարը, բնականաբար այստեղ առաջանում են լարվածության, ռիսկերի մարտահրավերների սպասումներ։ Այս իմաստով, իհարկե, իրավիճակը մտահոգիչ է»։

ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալով Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ առանց հայ բնակչության։ Սակայն դրանից հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարում, հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը՝ ԵԱՀԿ պատվիրակներին ասել է Միրզոյանը, հստակ ցույց տալով, որ Բաքուն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։ Իբրև ասվածի վկայություն՝ նա հիշեցրել է, որ Բաքվում ակտիվ ատելության քարոզ է տարվում, խոսվում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման մասին, մերժվում են տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումները։ 

Իսկ «Խաղաղության խաչմերուկ»-ն, ըստ Միրզոյանի, նպատակ ունի կապել Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը Հարավի հետ և հարթել տարածաշրջանում հակասությունները:

Տարածաշրջանային ու անվտանգային հարցերը Միրզոյանը Սկոպյեում քննարկել է Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի հետ, Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ և կարևորել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության ու բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալուծմանը հասնելու պատրաստակամությունը։

Հայաստանի արտգործնախարարը Սկոպյեում հանդիպում է ունեցել  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Վերջինը նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ է հանդիպել, որից հետո  X-ի իր էջում վերահաստատել է ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խրախուսել խաղաղ բանակցությունների վերսկսումը։

Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ասել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

Սկոպյեում հայտարարություններ է արել նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը և հստակ տեքստով հայտարարել, որ որոշ կողմերի կողմնակալ և միակողմանի գործողությունները ազդում են գործընթացի վրա։ Նրա կարծիքով՝ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմանի երկխոսությամբ և հարևանների հետ նորմալ հարաբերություններով։ Այսպիսով՝ Բաքուն չի թաքցնում, որ նախընտրում է երկկողմ բանակցությունները՝ ասում է  քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Երկկողմ հարաբերությունների ժամանակ երաշխավորներ լինել չեն կարող, նույնիսկ եթե ինչ-որ բան ստորագրելու հավանականություն լինի, ամեն կողմը կարող է նշել, որ ոչ, դա չենք խոսել, այլ բան ենք խոսել, և այստեղ չի լինի մի կողմ, որ կլինի օբյեկտիվ, նետրալ, և մենք կկարողանանք ստանալ իրական պատկեր, դրա համար էլ Ադրբեջանը փորձում է բերել այնպիսի դաշտ, որ հետո վիճելու հնարավորությունները շատ կինեն, քան համաձայնության հասնելը։ Ոչ մի նոր բան չկա․ վերջին ժամանակների միտումները պահպանվում են, Ադրբեջանի հիմնական ցանկությունը պայմանագիրը չկնքելն է, որովհետև իրենց թվում է, որ ստեղծված իրավիճակում կարող է ավելի շատ ստանալ,  քան «խաղաղության պայմանագրով»։

Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցություններ լինել չեն կարող, քանի որ ուժային կենտրոնները դա թույլ չեն տա՝ համոզված քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Այս ռեգիոնը աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող ռեգիոններից է մի շարք պատճառներով, և այստեղ առանցքային շահեր ունեն՝ ռազմավարական, մարտավարական միջազգային ուժային կենտրոնները, հետևաբար նրանցից որևէ մեկը պատրաստ չէ մենակ թողնել Հայաստանին ու Ադրբեջանին, և եթե «դե յուրե» ձևակերպվի երկկողմ ձևաչափ կամ քննարկում, միևնույնն է «դե ֆակտո» բոլորը փորձելու են ունենալ իրենց ազդեցությունը իրավիճակի վրա։ Բնականաբար Ադրբեջանը բոլոր ձևաչափերով՝ երկկողմ կլինի թե եռակողմ, փորձելու է Հայաստանին պայմաններ թելադրել և դրա համար ընդհուպ օգտագործել ուժի սպառնալիք կամ ուժի կիրառում»։

Բաքվի պայմաններն առաստաղ չունեն, ուժային կենտրոնների սցենարներն էլ հակադրվում են՝  եզրահանգում  է զրուցակիցս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն