Իսրայել-Թուրքիա ծայրահեղ լարվածությունն անգամ չի ստիպի Թել Ավիվին ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ փորձագետներ
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում գործողություն է իրականացնում՝ քաղաքական գոյատևումը երկարացնելու համար»,- ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Իսրայելական «Jerusalem Post» էլ տեղեկություններ է հրապարակում, ըստ որի Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Ավելի վաղ Իսրայելը Թուրքիային հիշեցրել էր Հայոց ցեղասպանության մասին, անհեթեթ որակելով Անկարայից հնչող մեղադրանքները Թել Ավիվի հասցեին՝ Գազայում տիրող իրավիճակի համար։
«Իսրայել-Թուրքիա հարաբերություններն ավելի ճգնաժամային փուլում կտեսնենք, սակայն չենք տեսնի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով Թել Ավիվ- Անկարա լարված հարաբերություններին, ասում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, ինչին ի պատասխան Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հիշեցրել էր Հայոց ցեղասպանության մասին։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունն իրագրործած երկրի նախագահը այսօր «հպարտ» է, որ Հաագայի դատարան է ներկայացրել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող փաստեր: Սակայն Իսրայելը չի մոռացել Հայոց ցեղասպանությունն ու քրդերի կոտորածները։
Այդ առումով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է․
«Կարծում եմ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները էլ ավելի են սրվելու, ճգնաժամային փուլ կմտնեն, ընդհուպ չի բացառվում, որ մեկը մյուսին վախեցնի ռազմական գործողություններ սկսելով, որովհետև թե՛ Իսրայելը և թե՛ Թուրքիան շատ վճռական են տրամադրված պաղեստինյան հարցի շուրջ։ Մենք գիտենք որ Թուրքիան ի դեմս Էրդողանի իրեն հայտարարել է մահմեդական աշխարհի առաջատար։ Էրդողանը չի թաքցնում, որ իրեն համարում է մուսուլմանական աշխարհի հայրը, սակայն չեմ կարծում, որ բանը կհասնի նրան, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև ինչպես Իսրայելի, այնպես էլ աշխարհի մյուս երկրների համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մահակ է Թուրքիային վախեցնելու համար»։
Իսրայելական «Jerusalem Post» պարբերականը գրում է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Մասնավորապես նշվում է, որ կդադարեցվի ապրանքների արտահանումը Իսրայել։ Նաև ասվում է, որ Թուրքիան պետական մակարդակով չի աջակցի Իսրայելի հետ առևտուր իրականացնող, կամ համագործակցող թուրքական ընկերություններին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության շահարկումը քաղաքական նպատակներով և գրեթե համոզված է, որ Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ համարում է, որ հրեաների հոլոքոստի հետ որևէ ցեղասպանություն չի կարող համեմատվել․
«Քանի որ պաղեստինյան ճգնաժամը աննախադեպ սրացում է արձանագրում, և դրան ի պատասխան Թուրքիան դիմում է միջազգային իրավական ատյաններին՝ խնդրի բարձրաձայնմամբ, կրկին մենք ականատես ենք Իսրայելի կողմից պատասխան հայտարարությունների, բայց որևէ կերպ Իսրայելի շահերից չի բխում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այսինքն, հերթական անգամ այս թեմայի շրջանառումը կասեի անբարոյական քայլ է Իսրայելի կողմից, քանի որ իրենց համար խնդրահարույց իրավիճակում օգտագործում են հայ ժողովրդի աղետի թեման իրենց շահերն առաջ մղելու համար»։
Նախորդ տարվա վերջին հարաբերությունների լարումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատեց նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ։ Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը չի բացառում քրդական հարցում Անկարայի վրա ճնշումների հավանականությունը․
«Թուրքիայի վրա մեկ այլ ավելի վտանգավոր գործիքակազմ կա, դա քրդերի հարցն է, և Իսրայելը կփորձի քրդերի միջոցով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա»։
Արմեն Պետրոսյանը կարծում է որ Իսրայելը, սրելով հարաբերությունները Թուրքիայի հետ, կսրի հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ, որը ռազմավարական բնույթի է։
Մինչ փորձագետները զգուշությամբ են խոսում Թուրքիա-Իսրայել հարաբերություների հնարավոր խաթարման մասին, Թուրքիայի խորհրդարանը վավերացնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը, ինչը շատ վերլուծաբանների կարծիքով մեծացնում է Անկարայի քաղաքական կշիռը ՆԱՏՕ-ի կազմում, մեծացնելով նաև իր ինքնուրույնությունը։ Բացի այդ անդամակցության հայտը ուշացնելով, առևտի դաշտ է բացում իր համար թե՛ ՌԴ հետ հարաբերություններում և թե՛ ԱՄՆ-ի։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը անդրադառնալով այս հարցին ֆեյսբուքում ակնարկում է, որ Թուրքիան այսպիսով կսպասի ԱՄՆ-ից F-16-ների առաքմանը։