Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը։ Հայաստանի տնտեսության կառուցվածքում այս ոլորտը կարևոր դեր ունի։ Թուրքիան էլ պարբերաբար հայտարարություններ է տարածում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետ կապված։ Թուրքիային նաև Ադրբեջանն է միացել։

Փորձագիտական դաշտում վստահ են՝ Ադրբեջանը մտավախություններ ունի։ Բացատրություն կա․ տնտեսական աճով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին։ Ուստի թիրախավորում է կոնկրես կարևոր նշանակություն ունեցող ոլորտներ։ Այս դեպքում ՝ էներգետիկան ու մասնավորապես Մեծամորի ատոմակայանը։

Հայաստանի տնտեսության զարգացման ո՞ր ոլորտներն են թիրախավորում Ադրբեջանն ու Թուրքիան՝ «Ռադիոլուրի» հարցին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն ընդգծում է՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարն ունեցող ոլորտները: Նրանք չեն թիրախավորում, օրինակ, ներմուծման ոլորտը․

 «Նրանք թիրախաավորւմ են այն ճյուղերը, որոնք կարող են երկարաժամկետ տնտեսական աճ ապահովել։ Նաև այն ճյուղերը, որոնք ավելի հեշտ է թիրախավորելը։ Նրանք սկսեցին հանքարդյունաբերությունից։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես սկսվեց Լաչինի բլոկադան։ Հիմա անցնում են առաջին հերթին ՀՀ-ում գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկություններին՝ այժմ գործող, նաև շահագործվելիք ձեռնարկություններին, ինչպես Լիդիանն է։ Թիրախավորում են մնացած խոշոր ձեռնարկությունները, օրինակ՝ ատոմակայանը։ Կարող են անգամ ասել, որ Երևանում կատարվող շինարարությունը աղտոտում է գետերը, դրանք Արաքսով հասնում են Ադրբեջան»։

Փորձագետը նկատում է՝ մինչև 2020-2021 թվականները Ադրբեջանը ակտիվ չէր։ Այժմ այդ երկիրը մտահոգոթյուններ ունի՝ ըստ Ջհանյանի․ «Իմ կարծիքով պատճառը այն է, որ ավելի շատ մեծ տնտեսական աճ ունենք, քան Ադրբեջանը։ Եթե մինչև 2017-2018 թվականները չունեին մտավախություն, որ Հայաստանը կարող է տնտեսապես մրցակցել Ադրբեջանի հետ, այժմ այդ մտավախությունը կա, իրականանում է, քանի որ մենք տնտեսական աճով իրենց գերազանցում ենք։ Անգամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ենք գերազանել Ադրբեջանին։ Նրանք հասկանում են, որ դա բերելու է ռազմական նոր բալանսի ձևավորմանը, նրանք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում»։

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար հայտարարում են, որ իրենց խանգարում են ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այլև Մեծամորի ատոմակայանը։ Նրանք հայտարարում են, որ ՀԱԷԿ-ի շահագործումն անվտանգ չէ, որ օգտագործած վառելիքը վտանգավոր է։ Բայց հակառակ այս երկրների ջանքերին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում համոզված են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կարծիքով՝ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։



Մեծամորի ատոմակայանն անվտանգ է, ռադիոկատիվ նյութերով միջավայրն աղտոտելու վտանգ չկա՝ հակադարձում են նաև հայ մասնագետները։ Հայաստանում երկու միջուկային տեղակայանք կա․ մեկը ՀԱԷԿ-ն է՝ իր երկու բլոկներով, մյուսն աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը՝ նույնպես ատոմակայանի տարածքում։ Արդեն դիտարկվել և վերլուծվել են ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված անվտանգության 13 համակարգերի մոդիֆիկացիաների փաթեթները, ինչպես նաև համաձայնեցվել են անվտանգության կարևոր ծրագրերում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթեները։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը փարատում է բոլոր մտահոգությունները։

 «Աշխատած միջուկային վառելիքը մեր երկրում դեռևս միջուկային թափոն չի համարվում։ Հայաստանում ուրանի թափոններ չկան։ ՀԱԷԿ-ը վերագործարկելուց հետո համարվում է Հայաստանի սեփականությունն ու պահվում է ՀՀ-ում։ Ատոմակայանի տարածքում կա աշխատած միջուկային վառելիքի պահեստարան, որը նախատեսված է հիսուն տարվա շահագործման համար»։

Մինչև 2036 թվականը ժամանակ կա, բայց Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ու հասկանա, թե ինչպիսի ատոմակայան է ցանկանում ունենալ՝ «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ հիշեցնելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։ Ինչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայանների ուղղությամբ։ Հարցերի պատասխանները կառավարությունը դեռ չունի։ Կողմնորոշվելու համար, ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, դեռ պետք է աշխատեն․

«Այժմ մենք այդ աշխատանքների ընթացքի մեջ ենք, որպեսզի չսխալվենք ու հասկանանք՝ ինչպիսի բլոկ պետք է կառուցենք։ Որոշման կայացման համար պետք է ունենանք բոլոր առաջարկները։   Այս պահին ԱՄՆ ու կորեական գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում»։

ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․

«Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։

Ժամանակ կա, բայց պետք է շտապել՝ կարծում են մասնագետները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն