Հայաստանում բնակչության շրջանում անցկացված հեռախոսային հարցումները ցույց են տվել, որ 40,3%-ը կարծում է՝ ՀՀ-ն չպետք է անդամակցի ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին, 28%-ի կարծիքով՝ չպետք է անդամակցի ՀԱՊԿ-ին, իսկ 22%-ի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին։ Համապատասխան տվյալներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա շեշտեց, որ հետազոտությունն իրականացվել է փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, հարցվել է 1100 մարդ։

Հարցին, թե ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ինչի՞ հետևանք է, հարցվածների 35,3 %-ը պատասխանել է՝ կառավարության ապաշնորհ կառավարման, 29,9 %-ը կարծիք է հայտնել, որ այն միտումնավոր ստեղծված իրավիճակ է՝ թելադրված արտաքին ուժերի կողմից, 24,2 %-ը նշել է՝ աշխարհում առկա հակամարտությունների հետևանք է, իսկ 8,9 %-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ հայտարարության մասին, ինչն էլ ավելի է մեզ մոտեցնում հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի խզմանը։ Հարցին՝ արդյոք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին, հարցվածների 23,2 %-ը պատասխանել է՝ լիովին համապատասխանում է, 13,9 %-ի կարծիքով՝ ավելի շուտ համապատասխանում է, 16,1 %-ի կարծիքով՝ ավելի շուտ չի համապատասխանում, իսկ 42,8 %-ի կարծիքով՝ ընդհանրապես չի համապատասխանում։ Հարցված քաղաքացիների 4,8 %-ը դժվարացել է պատասխանել։

«Եթե տեսնում եք, շուրջ 58 %-ը նշել է, որ դա չի համապատասխանում հայերի շահերին»,-նշեց Նավասարդյանը։

Հարցին՝ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, թե պետք է ձգտի միանալ ՆԱՏՕ-ին, հարցվածների 40,3 %-ը պատասխանել է, որ պետք չէ անդամակցել որևէ կառույցի, այլ պետք է լինել չեզոք երկիր, 28 %-ը նշել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, 22,5 %-ը պատասխանել է, որ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին, մինչդեռ հարցվածների 9,2 %-ը դժվարացել է պատասխանել հարցին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն