Խոսակցությունը և խոսույթը, որ առաջարկում եմ, հեշտ չէ, նույնիսկ ծանր է և տառապանքներով լի: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով՝ իր ելույթի սկզբում նշել է՝ իրական և պատմական Հայաստանի միջև սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում և չափազանց ցավոտ է:

Վարչապետի խոսքով՝ ինքը դա գիտի սեփական օրինակով:

«Այդ ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է՝ եթե այն, ինչ ասացի, դա է ճշմարտությունը և ապագա տանող ուղին, ինչի համար էին ուրեմն մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի են զոհվել մեր զինվորները: Ես բազմիցս, այդ թվում՝ հրապարակային եմ տվել այս հարցը, կարևոր համարել դրան շատ կոնկրետ ու բովանդակային պատասխան տալը:

Իսկ պատասխանը հետևյալն է՝ մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության: Ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորում ունի այս բացատրությունը: Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Եվ ահա այս արձանագրումից խուսափող անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը «վզկապ հագցնելու» և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,- հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ ՀՀ-ին հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը բացառվեն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ խոսքը ոչ թե ավելի կաշկանդվելու, այլ բացառվելու մասին է, որովհետև կաշկանդումը վաղուց էր տեղի ունեցել՝ 1996-1998 թվականներին: 

«Մենք չգնացինք այս ճանապարհով, և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, և 44-օրյա պատերազմը մեկնարկեց: 

«Հարց ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարցը, որովհետև, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել էր, և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը, մասնավորապես՝ երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջումների ճանապարհով։

Այս սցենարը, ի դեպ, գործարկելի էր նաև 44-օրյա պատերազմից առաջ, և այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին և դրանից հետո, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը և պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը, իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին և պահպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը: Մեր զինվորների կյանքի, ինչպես նաև պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ պահպանում ենք մեր անկախությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը»,- եզրափակեց խոսքը ՀՀ վարչապետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն