Ի՞նչ է տղամարդկանց կլիմաքսը

Տարիքով պայմանավորված առաջանում է արական սեռական հորմոնի նվազում, որը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, որոնք համարժեք են կանանց կլիմաքսին, այդտեղից էլ եկել է գործածվող տերմինը: Տղամարդկանց կլիմաքսը պրակտիկ գործածական հասկացություն է, դրա գիտական բացատրությունը հասակային անդրոգեն դեֆիցիտն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքով, տղամարդու տարիքով պայամանավորված սեռական հորմոնների նվազումը կարելի է համարել բնական երևույթ, սակայն կարող են առաջանալ խնդիրներ, կապված ինչպես տղամարդու մոտ տեղի ունեցող սեռական ֆունկցիայի խանգարումների,  այնպես էլ միզասեռական օրգանների հետ:

Ո՞ր տարիքում են ի հայտ գալիս նախանշանները

«Տարիքը խիստ անհատական է, կապված է անհատի այսպես կոչված, մարզավիճակից, ինչպես նաև գենետիկական գործոններից: Մոտավորպես 45 տարեկանից հետո կարող է սկսել տարիքային անդրոգեն դեֆիցիտը: Եթե մարդու մոտ արդեն նկատվում են դրա կլինիկական դրսևորումները, ապա պետք է դիմի բժշկի և վերականգնողական բուժում ստանա, որպեսզի չխանգարվեն մնացած ֆունկցիաները»,-պարզաբանեց Սևադա Հակոբյանը:

Հնարավո՞ր է խուսափել խնդիրներից

Սեքսոպաթոլոգի խոսքով, եթե տղամարդը ունի բարենպաստ գենետիկական նախատրամադրվածություն, հետևում է իր առողջությանը, խուսափում է վնասակար սովորություններից, չունի ավելորդ քաշ, անընդհատ գտնվում է ճիշտ մարզավիճակում, ճիշտ սննդակարգով է սնվում, և պահպանում  է ռեգուլյար սեռական կյանքը, ապա  նրա մոտ կամ շատ ուշ են ի հայտ գալիս կլինիկական դրսևորումները, կամ այնքան են նվազում, որ իր կենսագործունեությանը չեն խանգարում:

«Կանանց մոտ  կլիմաքսը դրսևորվում է դաշտանադադարով, այսինքն դադարում է մենստրուալ ֆունկցիան: Տղամարդու ամբողջ կյանքի ընթացքում սերմառաջացման գործընթացը երբեք չի դադարում: Սակայն տեստոստերոնի նվազման դեպքում տղամարդը որոշակի կողմնակի ազդեցություն է զգում. հոգնածության զգացում, հիշողության կորուստ, հոգեհուզական անկայունություն, սեռական ցանկության և ֆունկցիայի նվազում»,-ասաց Սևադա Հակոբյանը:

Բժշկի խոսքով, հազվադեպ է պատահում, որ բոլոր դրսևորումները միաժամանակ հանդիպեն, առավել հաճախ հանդիպում են դրանցից մեկը կամ երկուսը:

Բուժման ի՞նչ եղանակներ կան

«Եթե ունենում ենք հորմոնալ խնդիրներ, հորմոնների կարգավորման թերապիա ենք իրականացնում: Եթե հայտնաբերում ենք որոշակի վիտամինների, միկրոէլեմենտների դեֆիցիտ, լրացնում ենք դրանք: Եթե կան սեքսուալ ֆունկցիայի կարգավորումներ, ապա կարգավորում ենք, վերականգնում ենք կանոնավոր սեռական կյանքը, ինչով էլ կարգավորվում է հորմոնալ ֆոնը»,-ասաց բժիշկը և հավելեց, որ անդրոգենների նվազման դեպքում նաև տղամարդու միզասեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների հավանականությունն է բարձրանում:

Սեքսապաթոլոգի խոսքով, տղամարդու տարիքային սեռական ֆունկցիայի խանգարումների կանխարգելման լավագույն միջոցը կանոնավոր սեռական կյանք ունենալն է: Դա կարևոր է ոչ միայն սեռական առողջության, այլև միզասեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից:

Տեղյա՞կ են տղամարդիկ կլիմաքսի մասին

«Տղամարդկանց դեպքում այս խնդիրների մասին նախօրոք իմանալը ցանկալի չէ, քանի որ ներշնչում են իրենց, անընդհատ սպասում, որ մի տարիքի են հասնելու, երբ սեռական ֆունկցիոնալությունը նվազելու է», – ասաց Սևադա Հակոբյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն