Սիրելի քաղաքացիներ, մի պահ պատկերացրեք՝ ԱԺ-ն ընդուներ այս հայտարարությունը: Ինչ էր փոխվելու ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Ոչինչ: Մեր գործընկերները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ միջազգային փաստաթուղթ է մեզ առաջարկվել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ առաջնորդվեք սրանով, մեծամասնությունը դեմ է: Խոսքը վերաբերում է բացարձակապես միջազգային իրավունքի որոշ՝ կտոր-կտոր հավաքած մոտեցումների, որոնք ոչ ոք չի կիսում և չի էլ կարող կիսել: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, Ալմա Աթայի հռչակագիրն ասել է շատ հստակ՝ եթե ձևավորում եք անկախ պետություններ, ձևավորելու եք այդ անկախ պետությունները նախկին մետրոպոլիայի վարչական սահմաններով:

«Որևիցե շփման գծի հիման վրա հիմնված սահման չկա և չպետք է լինի: Այն արտահայտությունը, որ դուք փորձում եք, ցավոք, մանիպուլյատիվ ձևով օգտագործել՝ հղում կատարելով 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի վրա, այնտեղ օգտագործվում է «Демаркацио́нная линия», և խոսքը վերաբերում է աշխարհում ճանաչված դեմարկացիոն գծերի, որոնք առնչվում են, օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Կորեային, Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա դեմարկացիոն գծին, դեմարկացիոն գծին, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և Հարավային Վիետնամի միջև սահմանված, միջազգային փաստաթղթերով հստակեցված, որոնք որևիցե եղանակով չեն դիտարկվում որպես պետական սահման»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:

Տիտղոսը տարածքի նկատմամբ և տարածքի փաստացի վերահսկողությունը, ըստ պատգամավորի, միանգամայն տարբեր բաներ են:

«Մենք արձանագրում ենք, որ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա»,- եզրափակեց խոսքը Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն