Աղետի վայրում աշխատանքները թևակոխել են երկրորդ փուլ․ Գետառն էլ էր վարարել մայիսի 25–ին
Մայիսի 25–ին ու 26–ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետը դեռ երկար կհիշեն տեղացիները։ Հատկապես նրանք, որոնք կորցրել են ամեն ինչ։ Զրուցակիցս բառի ամենաուղիղ իմաստով է հայտնվել դրսում։ Նրա տունը Ալավերդու Բաղրամյան թաղամասում էր․
«Անձրև էր գալիս, բայց պղտոր չէր։ Ջուրը պարզ էր։ 22։30 էր ժամը։ Տեհա, որ գետը վարարեց, տասը րոպե հետո լցվեց տուն։ Աղջիկս զանգեց, ասաց, գետը վարարում ա, դուրս եկեք, ասի՝ էլ չեմ կարող դուրս գալ։ Զանգեց ԱԻն, եկան, կեսից վերև արդեն ջրի մեջ էինք, մի կերպ դուրս եկանք»։
Աղետի վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացվում են։ Ըստ էության արդեն մաքրման աշխատանքների երկրորդ փուլն է սկսվել։ Բայց Դեբեդի գործած ավերածությունները դեռ երկար կմնան հիշողության մեջ։ Ամենաշատը տուժած Քարկոփ գյուղի տների պատերը դեռ խոնավ են։ Էլեկտրականություն ունենալու հույս դեռ չունեն, պատերը պետք է չորանան, նոր միայն հոսանքի լարերը կփոխեն։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյան․ «Քարկոփ բնակավայրի հետ հնարավոր է կապը՝ Մ6 միջպետական ճանապարհից հետիոտնային կամրջով ոտքով անցնելով, ինչը մեր աշխատանքները հեշտացրել է»։
Մասնագետները վերլուծում են՝ հանրապետության գետերում ջրի մակարդակը խիստ անհամաչափ է։ Առանձնացնում են սակավաջուր ու ջրառատ փուլեր։ Տարեկան հոսքի 30–90 տոկոսը գետերով է անցնում գարնանային վարարումների ժամանակ։ Այդ փուլը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ տեղումների քանակ, ինտենսիվություն, ձյան պաշարներ, օդի ջերմաստիճան, նախորդ շրջանի գետային հոսք և այլն։
Գարնանային վարարումների վրա ազդում են հիմնականում նախաձմեռային, ձմեռային շրջանի ու վարարումների շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները։ Կախված նրանից, թե ինչպիսին կլինեն այդ պայմանները, գարանային վարարումների հոսքի ծավալը կարող է լինել միանգամայն տարբեր։
ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուտլետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․ «Մարտի 25–ի դրությամբ հանրապետությունում ձնածածկույթ կար 1500 մետրից ավելի բարձրություններում։ Իհարկե, այս տարածաշրջաններում դիտված աղետը ձյան ծածկույթով չէր պայմանավորված, քանի որ այստեղ լեռների բարձրությունն ավելի ցածր է։ Կարծում եմ, որ հեղուկ տեղումներով էր պայմանավորված։ Նաև՝ տեղումների ինտենսիվությամբ, քանի օր շարունակ հեղուկ տեղումներ՝ անձրևներ էին դիտվում, այն էլ մեծ ինտենսիվությամբ»։
Լոռիում 12 ժամվա ընթացքում մոտ 52 միլիմետր տեղումներ են թափվել։ Նման իրավիճակի կրկնությունն արդեն վտանգավոր է։ Կարևոր գործոն է նաև հողի խոնավության աստիճանը։
«Պետք է հողը հագեցած լինի խոնավությամբ, որ տեղումների զգալի մասը վերածվի մակերևութային հոսքի, որ գետերին սնի։ Մեր գետերը ունեն խառը սնում՝ սնվում են անձրևաջրերով, հալոցքաջրերով ու ստորերկյա ջրերով»։
Գետերում օրը երկու անգամ՝ ժամը 8։00–ին ու 20։00–ին ջրի մակարդակի չափումներ են կատարվում։ Ջրի մակարդակի բարձրացումը մայիսի 25–ին արդեն հուշում էր տեղումների քանակը․
«Փամբակ գետում՝ Վանաձորի գետահատվածքում, եթե առավոտյան ութին ջրի ծախսը եղել է 12․9 մետր վայրկյան, ապա 20–ին՝ 23․4 էր կազմում։ Դեբեդ գետի Այրում դիտակետում արդեն 20–ի դրությամբ՝ 119 խորոնարդ մետր վայրկյան էր, եթե առավոտյան 8–ին՝ 86․8 էր։ Իսկ մայիսի 26–ին՝ 650 խորնարդ մետր վայրկյան էր»։
Հատկանշական է, որ 1946 թվականին, երբ Երևանում Գետառն էր վարարել, կրկին մայիսի 25–ն էր։ Մայիս տեղումնառատ ամիս է համարվում։
ԵՊՀ աշխարհագրության ու երկաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանն արձանագրում է․
«Շրջակա միջավայրը մուտք է գործել աղետների փուլ, որը մինչ այժմ շարունակվում է։ Շտապողականություն շինարարության ու տնտեսական գործունեության մեջ՝ առանց հաշվարկների։ Բնության մեջ ոչինչ չի կորչում»։
Սեյրան Սուվարյանի խոսքով՝ տնտեսական էֆեկտը քանակի աճի հաշվին է եղել։ Տնտեսական գործունեությունը տարերային աղետը խոցելի է դարձնում․
«1946 թվականին Երևանում սելավ տեղի ունեցավ, ավերվեց քաղաքի կեսը։ Դա չի կրկնվելո՞ւ։ Դա բնական երևույթ է, ահավոր է լինելու, քանի որ Գետառը վերցրել, մտցրել ենք խողովակների մեջ։ Այս անգամ ավելի ահավոր է լինելու»։
Նոր Նորքի զանգվածից մինչև Ջրվեժ ամբողջովին ուրբանզիացված է։ Գիտնականի կարծիքով դա ավելի վատ հետևանք է ունենալու։ Սուվարյանը հիշեցնում է՝ միշտ պետք է հաշվի առնել ամեն ինչ և ձգտել ռիսկերը նվազեցնել։ Աղետը կանխել նշանակում է՝ պատրաստ լինել դրան, իսկ մենք դեռ պատրաստ չենք՝ ամփոփում է գիտնականը։