Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Դեռ 2017թ-ից Երվանդ Քոչարի թանգարանը որդեգրել է նոր քաղաքականություն՝ տարաբնույթ միջոցառումներում սկսել է կիրառել ժամանակակից թվային տեխնոլոգիաներ։

Ժամանակակից թանգարանները մանևրում են ատրակցիոնի և դասական ցուցադրությունների միջև՝ այցելուներ գրավելու և իրենց գործունեությունը հանրահռչակելու համար։ Պրոֆեսիոնալիզմին գումարվում է հնարամտությունը, քանի որ այցելուին «որսալու» համար պետք է ազդել ամբողջ զգայական համակարգի վրա։ Այս մոտեցումն է որդեգրել նաև Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

«Այսօր մեր մոտեցումները մի քիչ փոխված են, քանի որ փորձում ենք ազդել մարդկանց ողջ զգայական համակարգի վրա՝ ուղարկելով և տեսողական ազդակներ, և  լսողական, և դրանց համադրությունը։ Մեկի համար կարևոր է միայն տեսնելը, մյուսի համար՝ լսելը, կարդալը, իսկ մեկ այլ մարդու համար՝ այդ ամբողջի համադրությունը։ Մենք բոլորին այդ հնարավորությունը տալիս ենք, ում ինչ հետաքրքիր կլինի, ում վրա, ինչ ձեւաչափով ազդեցիկ կաշխատի։ Այդ բոլոր հնարքները իրականացնում ենք եւ կարծում եմ՝ այդպես  մաքսիմալ արդյունք ենք ստանում»։



Քոչարի թանգարանում մինչ օրս տարաբնույթ միջոցառումների ժամանակ կիրառվել թե ռոբոտ, թե արհեստական բանականություն և VR ակնոցներ։ Թանգարանում թեև փորձում են Քոչարի արվեստի նման առաջատար լինել, այդուհանդերձ թե կրթական ծրագրերը, թե ցուցադրությունները ունենում են գիտական կոմպոնենտ։

«Մենք երբեք չենք անի որեւէ ցուցադրություն, որը արված է միայն տպավորություն ստեղծելու համար, դա պետք է անպայման ունենա իր գիտական կոմպոնենտը, գիտական հիմնավորում լինի, նաև դիտաժան, ժամանակակից եւ արդիական»։

Թանգարանի նորարարական մոտեցումներով ցուցադրությունների հիմքը դրվել է 2017թ-ին, երբ Հռոմից թանգարանին նվիրաբերվեց Ժորա Զաքարյանի դիմաքանդակը, որը Քոչարի վենետիկյան շրջանի աշխատանքներից է։ 2020-ին ստեղծվեց այն ծրագիրը, որի միջոցով այցելուն աշխարհի ցանկացած կետից կարող է «մուտք գործել» թանգարան և վիրտուալ իրականությունում, 360 աստիճան լուսանկարների միջոցով հայերեն և անգլերեն լեզուներով լսել Քոչարի քանդակների ստեղծման մեկնաբանությունը․

«Հենց Քոչարի մոտեցումներով, նրա թողած գրառումների հիման վրա կազմված տեքստերով, երբեմն էլ լսել հենց Քոչարի ձայնը, օրինակ՝ Կոմիտասի քանդակի մոտ»։



Այնուհետև իրականացրին «Քոչարը՝ վիրտուալ իրականությունում» ծրագիրը, որը գրավում է հատկապես դպրոցականներին։ VR ակնոցները դնելով՝ նրանք հնարավորություն են ունենում ինքնուրույն ընտրել ստեղծագործությունները և մանրամասն ծանոթանալ դրանց։ 2021թ-ի հունվարին ակամա ցուցադրության մաս են դառնում հնարավոր ռմբակոծության դիմակայող հատուկ փայտե արկղերը, որոնք թանգարանը պատվիրել էր հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի համար։

«Այստեղ պատվիրվել էինք հատուկ տուփեր՝ գործերի արտահանման համար, հատուկ փայտե արկղեր՝ հնարավոր ռմբակոծությանը դիմակայելու համար, եւ նույնիսկ տեղ չկար այդ պահին արկղերը տեղավորելու։ Միջոցառումն իրականացրեցինք հենց այդ արկղերի վրա պրոեկտելով Քոչարի ստեղծագործությունը։ Դա շատ խորհրդանշական բնույթ ուներ այդ կիսապատերազմյան օրերին եւ էլի տեսողական եւ զգայական  տպավորություններ կարողացանք առաջացնել»։

2021թ-ին Թանգարանային գիշերվա ընթացքում ցուցադրվեցին Քոչարի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված լուսային ինստալյացիաները, որոնք հետագայում ներկայացվեցին նաև Փարիզի ՀԲԸՄ կենտրոնում։ Նույն տարվա հունվարին Պիկասոյի թանգարանում բացված ցուցադրությանը ներկայացվեց նաև Քոչարի տարածական նկարներից մեկը։ Այցելուները ֆրասերենով Քոչարի մասին պատմող ֆիլմ դիտելու հնարավորություն ունեցան՝ Կարինե Քոչարի նախաձեռնությամբ։ Ամստերդամում հայ գրատպության 500-ամյակի նվիրված ցուցահանդեսին թանգարանից մասնակցեց  2 գործ՝ Ոսկան Երևանցու դիմանկարը և Երեւան-Էրեբունի տարածանկարը։ 2023թ-ին Փարիզի Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցադրվեց Քոչարի «Արևելուհիներ» կտավը։



Քոչարի հանրահռչակումը թանգարանը երկու ուղղությամբ է իրականացնում, թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս։ Վերջին  միջոցառումը հունիսի 22-ին էր։ Թանգարանի հարակից տարածքում մեկնարկած Քոչար ֆեստի շրջանակում անցկացվեցին փազլի մրցաշար, ֆիլմերի ցուցադրություն և համերգներ։ Մասնակիցների համար ուշագրավ էր ռոբոտի ներգրավածությունը, որը նկարում է Քոչարի ինքնադիմանկարը 6-ից 8 ժամվա ընթացքում։ Այնուամենայնիվ, Կարինե Քոչարը հիշում է Քոչարի խոսքերը՝ մարդու և մեքենայի հարաբերության վերաբերյալ․

«Ոգեղենությունը եւ հոգեւոր կոմպոնենտը պետք է մշտապես առկա լինի մարդու էության մեջ եւ արվեստում հատկապես։ Անպայման պետք է լինի, այլապես դա դառնում է մեխանիկական արվեստ, եւ մարդն էլ է վերածվում մեխանիկական էակի։ Հենց այդ տեսողական փաստը շեշտելու համար իրականացրեցինք այդ միջոցառումը, որ ինչքան էլ արհեստական բանականությունը նկարի, միեւնույն է, երբեք չի հասնի այն ոգեղենությանը, այն հոգեւոր ազդեցությանը, որ ունենում է մարդու կողմից ստեղծված աշխատանքը, եւ Քոչարի այդ 30-ական թթ․ մինչեւ 70-ական թթ․  ստեղծված ստեղծագործություններում հիմնականում ակնհայտ է այդ միտումը, որ առանց հոգեւոր բաղադրիչի մարդկությունը կկործանվի»։

Այսքանով միջոցառումները չեն ավարտվում՝ հոկտեմբերին ցուցադրություն է սպասվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում՝ անիմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Քոչարի տարածական գործերի հիման վրա թանգարանի ցուցադրությունների կազմակերպման եւ հանրահռչակման բաժնի վարիչ Աշոտ Մարաբյանը հայ հասարակության համար անծանոթ ձևաչափով կներկայանա։ Նոյեմբերի 6-ին և 7-ին ցուցահանդեսին զուգահեռ նաև պատկերասրահում ֆրանսիացի խորեոգրաֆի պերֆորմանսը կլինի։ Կարինե Քոչարը փակագծերը չի բացում, որ յուրաքանչյուրը բացահայտելու հնարավորություն ունենա։ Ասում է՝ եթե Պիկասոն վախենում էր ժամանակից, ապա Քոչարի հույսը ժամանակն էր, որը նրան ավելի ընկալելի է դարձնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն