Ալիևյան վարչակարգը իրականում սպառել է լեգիտիմության բոլոր ներքին ռեսուրսները․ Վարդան Բալյան
Վարդան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկություն էր: Երկրի 125 ընտրատեղամասերում գրանցված 6 միլիոն 421 հազար 960 ընտրողներից, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցել են 37,27 տոկոսը՝ 2 միլիոն 196 հազար 711 ընտրող: Ընտրատեղամասերում քվեարկության ընթացքի դիտարկումներն, ըստ որում, վկայում են շատ ավելի ցածր՝ մինչև 10 տոկոս մասնակցության մասին, ինչը ակնհայտ է բազմաթիվ հրապարակված տեսանյութերից և ընտրական գործընթացի մասնակիցների վկայություններից: Մի քանի տեղամասերում, որտեղ հնարավոր է եղել պահպանել քվեարկության իրական արդյունքները և թույլ չտալ նախորդ օրը ընտրական հանձնաժողովներին բաժանված քվեարկության արդյունքների ամփոփման մասին արձանագրությունների վավերացում, պատկերը լացելու կամ ծիծաղի պատճառ կարող է լինել: 995 ընտրող ունեցող տեղամասում քվեարկել են ընդամենը 41 հոգի, 1490 ցուցակային ընտրողներից մեկ այլ տեղամասում 20 հոգի, ըստ որում, քվեարկության մասնիրցների 90 տոկոսից ավելին կամ տարեց մարդիկ են կամ հատուկ կազմակերպված քվեախմբերի անդամներ, ովքեր, դատելով հրապարակված տեսանյութերից բազմակի քվեարկություններ են իրականացրել տարբեր տեղամասերում:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը փաստացի բոյկոտել է ընտրական թատրոնը: Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներից 88-ը վերընտրվել են, իսկ իշխող Ենի Ադրբեջան կուսակցությունը պաշտոնապես ստացել է 68 մանդատ՝ ընդամենը 1-ով պակաս, քան լուծարված պառլամենտում: Իրականում ալիևականները շատ ավելին են, քանի որ անկախ պատգամավոր կոչվածները ամենևին այդպիսին չեն, զորօրինակ, Ռուսաստանում նախկին դեսպան Բյուլբյուլօղլին: Առաջին հայացքից բացարձակ հաղթանակ թվացող տապալում Ալիևի՝ պատերազմական հաղթանակ և Արցախի վերագրավում արձանագրած քաղաքական թիմի համար:
Ալիևյան վարչակարգը իրականում սպառել է լեգիտիմության բոլոր ներքին ռեսուրսները, և Ադրբեջանում անխուսափելի ներքաղաքական պայթյունը վաղ թե ուշ կործանարար հետևանքներ ունենալու իշխող քաղաքական թիմի համար: Դիկտատորական Ալիևբեջանի կառավարող վերնախավն այս պահին առավելապես հենվում է միջազգային, արտաքին աջակցության կանալների ու ներպետական հարկադրական ապարատի վրա, ըստ որում, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից Իլհամ Ալիևի ու նրա հանցախմբի արտաքին լեգիտիմության հիմնական աղբյուրը ոչ թե Թուրքիան է, Ռուսաստանը, Չինաստանը կամ Արևմուտքը, այլ Հայաստանը՝ մենք: Արդյունավետ դիվանագիտության ու մեր երկրի արդյունավետ ժողովրդավարական զարգացումը, տնտեսական վերելքը հաշված ամիսների ընթացքում կարող է դետոնացնել հայատյաց քաղցկեղածին ադրբեջանական պսևդոպետության փլուզումը: