Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Տրանսպորտի ոլորտում նոր շարժակազմ ենք ձեռք բերել այս տարի ևս. գնել ենք 15 նոր տրոլեյբուսներ: 171 նոր ավտոբուսներ ենք գնել. բոլոր մասնավոր ավտոբուսները դուրս են գալիս գծերից հունվարի 1-ից և փոխարինվում են 171 նոր ձեռք բերված ավտոբուսներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է հաջողվել գծատերերին համոզել, որ գծերն այլևս չեն կարող սպասարկվել իրենց կողմից: «Ես կարծում եմ, որ շատ համոզելու բան չունենք, որովհետև Երևանի քաղաքապետարանը ունի բոլոր լիազորություններն այդ ոլորտում որոշումներ կայացնելու: Երևանի քաղաքապետարանը, ըստ իր գնումների ծրագրի, նախօրոք տեղեկացնելով բոլորին, որոշում է կայացրել, որ այդ գծերն այլևս չեն կարող սպասարկվել մասնավոր գործընկերների կողմից՝ հաշվի առնելով շարժակազմի մաշվածությունը և նաև այն գնումները, որ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է»:
Ինչ վերաբերում է մասնավոր գծերի վարորդների աշխատանքը կորցնելու խնդրին, ապա Ավինյանը նշեց, որ բոլոր վարորդները, որոնք ունեն D կարգ և երկու տարվա փորձ և կանցնեն, այսպես ասած, քննությունը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կամ «էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում, որտեղ էլ տրոլեյբուսի վարորդների կարիք կա, կարող են հավակնել այդ աշխատատեղերին, և այս պահին կան բաց մրցույթներ աշխատակիցներ հավաքագրելու նպատակով:
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ վարորդները շահագրգռված չեն ուղետոմսի վճար ստանալու հարցում, քաղաքապետը նշեց հետևյալը. «Մենք ինքներս գիտակցում ենք, որ յուրաքանչյուր նմանատիպ տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում, և առհասարակ այն դժվարությունները, որ ունենք այս ընթացքում, երևանցիները մեզ հետ հաղթահարում են: Ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և խնդիրները, որ դեռևս համակարգում առկա են, վերացված լինեն: Ինչ-որ մի փուլում, որ վստահ լինենք, որ համակարգերը իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերը իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք մենք հայտարարել ենք, բոլորը նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ և ավտոբուսներում, օրինակի համար, առանց տոմս երթևեկող և արտոնյալ, բայց իրենց չպատկանող տոմսով երթևեկող անձանց տուգանելու են, բայց կարծում եմ՝ մենք հնարավարինս դեռևս այդ փուլին գալու ենք: Մենք տեսնում ենք, որ դեռ ունենք աշխատելու տեղ: Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք փետրվարի 1-ից հնարավոր կլինի՞ ապահովել տրանսպորտի շահույթով աշխատանքը, Տիգրան Ավինյանը նշեց. «Այս տարի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունեցել է սեփական եկամուտներ մոտ 8 մլրդ դրամի չափով: Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ սուբսիդավորել է ևս 8.5 մլրդ դրամի չափով ու ևս մեկ միլիարդ դեռևս պետք է սուբսդավորի. սա միայն այս տարի: Հաջորդ տարի մոտավորապես այս 8 մլրդ դրամը կանխատեսվում է, որ դառնալու է 13 մլրդ դրամ, այսինքն՝ սեփական եկամուտները որոշ չափով՝ մոտ 5 մլրդ դրամով, աճելու են, բայց, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը: Այս տարվա տվյալներով, երբ 171 նոր ավտոբուսները չեն մտել գիծ, մեր ծախսը գումարային կազմել է 17.5 մլրդ դրամ: Հաջորդ տարի մեր ծախսը մոտավորապես պլանավորված է 21, 22 միլիարդի շրջանակներում: Սա ընդհանուր տրանսպորտի մասին է»,- նշեց Տիգրան Ավինյանը: